Անցած հինգշաբթի ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը վարեց գործադիրի իր առաջին նիստը, որի ընթացքը փոքր ինչ սկանդալային ստացվեց: Սկանդալային այն իմաստով, որ վարչապետի որոշ հարցադրումներ պատասխաններ չստացան, իսկ նրանցից մի քանիսը, պարզվեց, կասկածի տեղիք տվեցին: Սակայն կարևորը այս ամենում ոչ թե անձերի խնդիրն է, որը հետո մամուլը ուռճացրեց և որին անգամ կուսակցության ղեկավարության մակարդակով կիսանեղացած արձագանք հնչեց, այլ այն խնդիրը, որ դրա առանցքում էր:
Հիշեցնենք, նիստի ընթացքում ՀՀ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը ներկայացրեց ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող հումքը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «Նանման» ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու մասին նախագիծը: Ծավալված երկխոսության ժամանակ վարչապետը հետաքրքրվեց, թե որքա՞ն ժամանակ է ծախսել նախորդ ընկերությունը, որն արդեն ստացել է այդ արտոնությունը: Մինասյանի պատասխանը՝ մեկ շաբաթ, չգոհացրեց վարչապետին, ով հայտարարեց, թե չի հավատում: Անգամ ենթադրեց, որ 1 մլն 500 հազար դրամ արտոնություն է ստանալու համար այդ ընկերությունը «երևի մի 7 ամիս նամակագրություն է գրել»: Եվ, ըստ էության, նեղանան դաշնակցականները, թե չնեղանան՝ վարչապետը իրականությունից այնքան էլ հեռու չէ:
Տարիներ շարունակ տնտեսավարողները ահազանգում են բյուրոկրատական ավելորդ քաշքշուկի մասին, որը խոչընդոտում է բիզնես-գործունեությանը: Գործարարներն ահազանգում են, որ շատ դեպքերում այդ ավելորդ վարչարարությունը իրենց ստիպում է հրաժարվել շատ ու շատ ծրագրերից, քանզի ժամանակ ու նյարդ է պահանջում: Այսինքն՝ ներդրումային ծրագիր իրականացնելու, ներմուծում կամ արտահանում անելու կամ արտոնություն ստանալու համար գործարարը կամ ընկերությունը շատ անգամ ստիպված է լինում ամիսներ շարունակ այս գերատեսչությունից այն գերատեսչություն գնալ, փաստաթղթերի մեջ խճճվել և այլն: Եվ այս ամենը քաջ հայտնի է բոլորին, այդ թվում և Արծվիկ Մինասյանին, ով, համոզված ենք, հարցն այդ պահին ուղղակի ճիշտ չընկալեց, այլապես նման պատասխան չէր տա:
Վարչապետը հստակ արձանագրեց դիմելության ժամկետը նվազեցնելու խնդիրը, ինչն իր դրական ազդեցությունը կունենա բիզնեսի զարգացման և խթանման գործում.
«Մենք պետք է այդ ամենը դասակարգենք և կանոնակարգենք այնպես, որ այդ վիզաների, ստորագրությունների բյուրոկրատիան վերացնենք: Կա խաղի կանոն, հայտարարում ենք՝ ով այս խաղի կանոնի տակ է, համապատասխան նախարարությունն արտոնությունը տալիս է, բերում այստեղ»,- հայտարարեց նա նիստում:
Սա ուղղակի հանձնարարական էր նաև ՊԵԿ-ին՝ միաժամանակյա հիշեցումով, որ այն, ըստ էության, նոր հանձնարարական չէ, այլ պարզապես ՊԵԿ-ը պետք է կատարի իր գործառույթները: Սպասենք....
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/11361