Սա քաղաքական հետապնդում է և ուղորդված կոնկրետ մի անձի կողմից. Անժելա Թովմասյան

Ինձ զարմացնում է այն, որ մենք կորցրել ենք մեր հայրենիքի 72 տոկոսը, բայց ԱԱԾ-ն զբաղված է նման բաներով: Իսկ ահա իշխանությունների ձեռագիրը ինձ չի զարմացնում՝ այն նոր չէ, և իմ անձի շուրջ կատարվողը ընդամենը դրվագ է: Այս մասին VERELQ-ի հետ զրույցում ասաց «Հայելի» ակումբի, Hayeli.am կայքի հիմնադիր եւ գլխավոր խմբագիր Անժելա Թովմասյանը:


Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների՝ Թովմասյանի դեմ պատրաստվում են քրեական գործ հարուցել: Նա տեղեկացրեց, որ իր փաստաբանն է Հայկ Ալումյանը, բայց այլ փաստաբաններ ևս պատրաստակամություն են հայտնել զբաղվել իր գործով: 


"Ժողովրդավարության բաստիոնից խոսող մարդը ոչինչ չի հանդուրժում, այդ իսկ պատճառով Հայաստանում համատարած բռնաճնշումներ և ձերբակալություններ են: Իմ անձի դեմ ևս դրանք նորություն չեն, 2018 թվականին իմ հասցեին հայտնի խմբակի կողմից սպառնլիքներ հնչեցվեցին, հարձակման ենթարկվեց խմբագրությունը, բայց որևէ իրավական հետևանք այդ ամենը չունեցավ, ոչ ոք պատասխանատվության չենթրկվեց",- ասաց նա ու ավելացրեց, որ հստակ է մեկ բան՝ սա կոնկրետ անձի (Նիկոլ Փաշինյան - խմբ.) կողմից  հրահանգված է:


Անժելա Թովմասյանը նշեց, որ հատկապես վերջին ամիսներին իր անձի հանդեպ "ուշադրությունն" ավելի է ընդգծվել, յութուբյան ալիքն ու  ֆեյսբուքյան էջն անընդհատ թիրախավորված են:


"Ինձ ԱԱԾ են հրավիրել, որտեղ էլ հասկացա, որ Արմեն Գրիգորյանի գործով չէ, այլ կոնկրետ ինձ են թիրախավորել: Սա քաղաքական հետապնդում է և ուղորդված կոնկրետ մի անձի կողմից, որպեսզի իր ամբիցիաները բավարարվեն",- հավելեց մեր զրուցակիցը:


Ավելի վաղ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ահազանգել էր, որ "հերթը հասավ Անժելային".

"Սեփական իշխանությունը ցեմենտելու եւ բրեժնեւյան ճահիճ ստեղծելու ճանապարհին Նիկոլը հերթով չեզոքացնում է բոլոր նրանց, ում խոսքը վտանգ է ներկայացնում իր կոմֆորտ բռնապետությանը։

Հերթը հասավ «Հայելի» ակումբի և Hayeli.am կայքի հիմնադիր Անժելա Թովմասյանին, ում հանդեպ, ըստ մամուլի, պատրաստվում են քրեական գործ հարուցել՝ «ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելուն ուղղված գործողություններ կատարելու, բռնություն գործադրելու հրապարակայի կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելու» հոդվածով։

Նույն այն հոդվածով, որով հիմա կալանավորված է պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը",- գրել էր քաղաքական գործիչը։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/111668