Մամուլ. 16 մլրդ. «Կարգին» չարաշահումներ՝ քաղաքապետարանում

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Պետական վերահսկողության ծառայությունը ստուգումներ է իրականացրել Երեւանի քաղաքապետարանի գործունեության մեջ եւ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի պաշտոնավարման ժամանակահատվածում շուրջ 16 մլրդ դրամի (մոտ 40 մլն դոլար) չարաշահումներ, խախտումներ է հայտնաբերել։ Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ ՊՎԾ-ն պատրաստվում է այդ գործով դիմել դատախազություն, որպեսզի քրեաիրավական գնահատական տրվի տեղի ունեցածին։ Այն, որ քաղաքապետարանում ինչպես Հայկ Մարությանի ժամանակ, այնպես էլ այսօր աջ ձեռքը չգիտի, թե ձախն ինչ է անում, անկազմակերպ վիճակ է, քաղաքացիները ամենախիստ դժգոհությունն ունեն քաղաքապետարանի աշխատակիցներից, քանզի իրենց նամակներին, սահմանված 10 օրվա փոխարեն, մի քանի ամիս հետո են պատասխանում, անհերքելի փաստեր են։ Անշուշտ, դեռ քննությունը պիտի պարզի, թե Հայկ Մարությանն ինչ կապ ունի զգալի թվով՝ շուրջ 16 մլրդ դրամի (40մլն դոլար) չարաշահումների հետ։ Հարկ է նշել, որ այսօրվա քաղաքապետարանն էլ գրեթե նույն վիճակում է գտնվում, եւ հետաքրքրական է, թե տարիներ հետո ինչ է բացահայտելու նույն ՊՎԾ-ն այսօրվա քաղաքապետարանի գործունեությունից»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Հունիսի 27-ին ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանը հոսպիտալացվել էր․ «Արմենիա» ԲԿ-ում նրա ողնաշարի ճողվածքն են վիրահատել։ Սակայն հայտնի է, որ ողերի տեղաշարժը հրատապ բուժօգնություն չի պահանջում, հապճեպ «հիվանդանալու» պատճառն իրականում Ռուբեն Վարդազարյանի կողմից գաղտնալսման հրապարակումն էր եւ դրա հաջորդ օրը ԱԺ-ում նոր դատավորներին ներկայացնելու անհրաժեշտությունը։ ԲԴԽ նախագահը հիվանդացավ, որ չգնա ԱԺ եւ ստիպված չլինի բացատրություններ տալ իր լեքսիկոնի, «վզին դրած» պարտավորությունների, քրեական վարույթներին միջամտելու մասին։ Երեկ մենք հետաքրքրվեցինք նրա առողջական վիճակով։ Խոսնակն ասաց, որ «գտնվում է հետվիրահատական վերականգնողական փուլում, այլ մանրամասներ տրամադրել չեն կարող»։ Մենք պարզեցինք, որ նա այսօր արդեն դուրս է գրվելու հիվանդանոցից։ Բուժման օրերին նրան հիվանդատես են գնացել տարբեր մարդիկ՝ ընկերներ, մերձավորներ։ Ուշագրավն այն է, որ նախօրեին, կեսգիշերն անց նրան այցելել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, մոտ մեկ ժամ մնացել հիվանդանոցում։ Նա վաղեմի մտերմություն ունի Գագիկ Ջհանգիրյանի հետ՝ ՀԱԿ-ի տարիներից։ Իսկ հաջորդ օրը Ջհանգիրյանին է այցելել ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Երեկ տեղեկացանք նաեւ, որ ԲԴԽ-ն չի պատրաստվում վարույթ հարուցել ձայնագրության հետ կապված, որի պաշտոնական բացատրությունն այն է, որ խոսակցության ողջ ձայնագրությունը չի հրապարակվել՝ մոնտաժված է։ Չնայած այդ խոսակցության ցանկացած փոքրիկ հատված դատավորի էթիկայի նորմի խախտում է պարունակում եւ հանցակազմ, ուստիեւ վարույթ հարուցելու լիարժեք հիմք է»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Դիմադրության շարժման մոտ 4 տասնյակ մասնակիցներ վերջին օրերին ՊՆ եռամսյա զորահավաքներին մասնակցելու ծանուցագրեր են ստացել։ Իրավապահ կառույցներում բանուգործը թողած՝ ընդդիմության հավաքների տեսանյութերն են ուսումնասիրում, պարզում ակցիաների մասնակիցների ինքնությունը եւ ծանուցագրեր ուղարկում։ Իշխանությունը, ըստ էության, դեռ վախեր ունի ընդդիմությունից եւ սրանով փորձում է մարդկանց հետ կանգնեցնել պայքարից։ Աբսուրդն այն է, որ ծանուցվել է անգամ բերդում գտնվող մի քանի ակտիվիստ։ Ինչպես ամեն ինչում, ռեպրեսիաներ իրականացնելիս էլ է իշխանությունն ապաշնորհ ու փնթի։ Երեկ ընդդիմադիր պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը մեզ ասաց, որ թեեւ անուններ չի կարող նշել, բայց տեղյակ է, որ ակտիվիստները ծանուցագրեր են ստացել»:


«Հրապարակ» թերթը գրում է. «ՌԴ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանի հարաբերությունները թե՛ ռուս պաշտոնական վերնախավի, թե՛ Հայաստանի դեսպանատան «սթաֆի» հետ այնքան էլ հարթ չեն ընթանում: Արդեն գրել էինք Հայաստանի դեսպանի զգուշավորության մասին, որ նրա՝ թիկնապահների ուղեկցությամբ շրջելու սովորույթը ՌԴ պետական կառույցներում աչք է ծակել, զարմացրել է անգամ ՌԴ ԱԳ նախարարին: Իսկ վերջերս էլ նոր կոնֆլիկտ է առաջացել դեսպան Հարությունյանի եւ դեսպանորդ Արսեն Առաքելյանի միջեւ: Բանն այն է, որ Վաղարշակ Հարությունյանն ուզում է հնարավորինս անկախ գործել, առանց ՀՀ ԱԳՆ աշխատակազմին տեղյակ պահելու, ինչը դուր չի եկել Արսեն Առաքելյանին եւ մյուս դիվանագետներին, որոնք բոլորն ԱԳՆ-ից են: Ավելին՝ ըստ էթիկետի, դեսպանին՝ իր հանդիպումների ժամանակ, պետք է ուղեկցեն դիվանագետներ, սակայն նա այնքան չի վստահում դեսպանատան աշխատակիցներին, որ ոչ մի դիվանագետի չի տանում իր հետ, հանդիպումներին գնում է զարմիկի հետ, որը հենց թիկնապահի, համհարզի դեր է կատարում։ Մոսկվայից պատմում են, որ նա զրույցների ժամանակ հաճախ է անդրադառնում 90-ականների պատերազմին ու հաղթանակին եւ ներկայացնում է, որ այդ հաղթանակի հարցում ինքը շատ մեծ դերակատարում է ունեցել՝ համարյա մենակ է հաղթել թշնամուն։


Դեսպանատան մեր աղբյուրների հաղորդած երկրորդ նորությունն էլ այն է, որ շուտով կարող է փակվել Ռուսաստանի Դաշնությունում Արցախի մշտական ներկայացուցչությունը, որն 90-ականներից գործում է: Այս կառույցի դերը կատարելու է դեսպանատան երկրորդ դեսպանորդը: Նրա թեկնածությունը եւս ԱԳՆ-ի ու դեսպանի միջեւ ներքին վեճ է առաջացրել: Վաղարշակ Հարությունյանը պնդել է, որ այս պաշտոնում նշանակվի իր մտերիմներից մեկը՝ 2021 թվականի հունվարից մինչեւ հուլիս ամիսը պաշտպանության փոխնախարար աշխատած Սուրեն Սահակյանը: Այդ դեպքում դեսպանատան խոհանոցը գրեթե փակ կմնար ԱԳՆ-ի համար, եւ արտգործնախարարությունը դեմ է եղել, որ Վաղարշակ Հարությունյանն իր մարդուն նշանակի երկրորդ դեսպանորդ։ ԱԳՆ-ն իր թեկնածուն ունի: Նա Արցախի ԱԳ փոխնախարարներից է, սակայն դիվանագիտական մեր աղբյուրը անունը չի հստակեցնում: Մինչեւ օրս ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը մեկ դեսպանորդ ուներ՝ Արսեն Առաքելյանը, որին, որպես ԱԳՆ-ի «մարդու», դեսպանը հնարավորինս մեկուսացնում է գործերից: Փորձեցինք կապ հաստատել Արսեն Առաքելյանի հետ, սակայն ապարդյուն: Նա այն տեսակետին է, թե մամուլի հարցերին պետք է պատասխանի միայն ԱԳՆ լրատվականը: Իսկ ԱԳՆ խոսնակը կոնտակտի դուրս չի գալիս եւ տարբերություն չի դնում լրագրողների ու ՀՀ քաղաքացիների միջեւ, ԶԼՄ-ների հարցումներին պատասխանում է քաղաքացիների համար նախատեսված ընթացակարգով ու բավականին դանդաղ: Առհասարակ հասկանալի չէ, թե այդ դեպքում ինչու է մեր պետությունը մամուլի խոսնակների նման ահռելի ապարատ պահում եւ վճարում հարկատուների գրպանից, եթե ԱԳՆ-ն օպերատիվ լրատվություն չի ապահովում, լրագրողների եւ հանրային իրազեկման աշխատանքներին չի նպաստում: Բայցեւայնպես, մեր հարցման պատասխանը կհրապարակենք՝ ստանալուն պես»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Խորհրդարանն այսօր քննարկելու է ընդդիմադիր պատգամավորներ Իշխան Սաղաթելյանին ու Վահե Հակոբյանին պաշտոններից զրկելու հարցը: Քաղաքական իշխանությունը՝ «Քաղաքացիական պայմանագիրը», նախագիծ է շրջանառել, ըստ որի՝ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնի հետ համատեղելի չէ, քանի որ հանրային դիսկուրսում ատելության խոսք է գեներացրել: «Վերածնվող Հայաստան» կուսակցության առաջնոդ Վահե Հակոբյանն էլ չի կարող շարունակել պաշտոնավարումն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում, քանի որ չի ներկայացել խորհրդարան, չի կազմակերպել ու չի մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին: Իշխանությունն ինչ հիմնավորում էլ բերի ու ինչ էլ ասի, պարզից էլ պարզ է՝ ընդդիմադիր պատգամավորներին զբաղեցրած պաշտոններից զրկելու հարցն Ազգային ժողովի օրակարգ բերելը նախեւառաջ քաղաքական տարրեր է պարունակում ու քաղաքական ճնշում է ընդդիմության նկատմամբ: Ու որքան Նիկոլ Փաշինյանի իշխանությունը մահակներ է բանեցնում ընդդիմադիր «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունների վրա, այնքան խորանում է իշխանություն-ընդդիմություն անջրպետը: Չնայած այդ անջրպետին՝ իշխանական ու ընդդիմադիր թեւի ներկայացուցիչներն, այնուամենայնիվ, ստիպված են լինում հանդիպել իրար: Որքան էլ տարօրինակ լինի, թեեւ հանդիպումները եղել են Հայաստանում՝ Երեւանում, բայց «այլ պետությունների տարածքում»:


Այսպես, երբ դեռ ընդդիմությունն ամենօրյա ռեժիմով ցույցեր էր կազմակերպում, եւ փակ էր Ֆրանսիայի հրապարակը, հունիսի 12-ին՝ Ռուսաստանի օրը, հայաստանյան քաղաքական դաշտի բոլոր ներկայացուցիչները, Ռուսաստանի դեսպանատան հրավերով, մեկտեղվել ու հավաքվել են «Դվին» հյուրանոցում: Եվ հենց այստեղ էլ, բնականաբար, միմյանց հանդիպել են խորհրդարանական երեք խմբակցությունների ներկայացուցիչները:
Խորհրդարանի 3 ֆրակցիաները նաեւ երեկ՝ հունիսի 30-ին են հանդիպել, այս անգամ՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը: Ի տարբերություն ՌԴ դեսպանատան՝ ԱՄՆ դեսպանատունը ՀՀ հասարակական ու քաղաքական ոլորտի ներկայացուցիչներին սեփական հարկի տակ՝ կանաչ խոտածածկույթի վրա է հյուրընկալել: Երկու հանդիպումների դեպքում էլ, տեղեկացանք, որ ներկա են եղել հայաստանյան քաղաքական դաշտի թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության բարձր էշելոնի ներկայացուցիչները: Հետաքրքրական է, որ միմյանց հասցեին ամենասուր քննադատությունը հնչեցնող ընդդիմադիրներն ու իշխանականները հանդիպումներ են ունենում օտար երկրների հայաստանյան «տարածքներում»: Ավելին՝ նրանք պահում են համամասնությունն ու չեն մերժում հատկապես գերտերությունների՝ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի դեսպանատների հրավերը»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Ազգային անվտանգության ծառայությունում հարցաքննվել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ Մոնումենտում կառուցված առանձնատան կասկածելի վաճառքի գործը քննող քննիչը, որին վարույթից հեռացրել էր ՀՀ դատախազությունը: Տեղեկացնենք, որ այս աղմկահարույց գործով հարցաքննվել է առանձնատունը գնած գործարար Նարեկ Նալբանդյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի՝ գործը վարած քննիչը, սակայն ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը կամ նրա որդին մինչ օրս չեն հարցաքննվել: Ընդ որում՝ իրավապահ համակարգում կասկածներ կան, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի առանձնատան վաճառքի գործը ԱԱԾ-ում դոփում է տեղում, եւ նախաքննական մարմինը, ըստ էության, շահագրգռվածություն չունի այս գործը առաջ տանելու եւ կալանքի տակ եղած առանձնատան վաճառքի առեղծվածը բացահայտելու հարցում: «Ժողովուրդ» օրաթերթը դիմել էր ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին՝ հետաքրքրվելով, թե հարուցված քրեական գործի շրջանակներում արդյոք առանձնատան գնորդ Նարեկ Նալբանդյանը հրավիրվել Է ԱԱԾ եւ հարցաքննվել, ինչ է բացահայտվել առանձնատան վաճառքի գործով, եւ այս ժամանակահատվածում ինչ ապօրինություններ է ընդհանրապես բացահայտել ԱԱԾ-ն, ինչ փուլում է գտնվում քրեական գործը։ Ի պատասխան գրավոր հարցադրումներին՝ ԱԱԾ քննչական դեպարտամենտի ՀԿԳ ավագ քննիչ, փոխգնդապետ Լ. Թաթոյանը հայտնել էր.«Հայտնում եմ, որ Ձեր հարցման մեջ նշված քրեական գործով Նարեկ Նալբանդյանը հրավիրվել է ԱԱԾ քննչական դեպարտամենտ եւ հարցաքննվել»: Այլ մանրամասներ չէին հայտնել: Ստացվում է, որ ապօրինի ծագմամբ գույքի բռնագանձման, ժողովրդին վերադարձնելու Նիկոլ Փաշինյանի խոստումը օդում թողած պղպջակի էֆեկտ ունի»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, բառի բուն իմաստով, անտերություն է․ այս մասին մեզ ահազանգում են կոմբինատի որոշ աշխատակիցներ։ Ասում են՝ կոմբինատի նոր ղեկավարությունն իր տեղում չէ, չեն տիրապետում մասնագիտական խնդիրներին, անխնա շահագործում են հանքը, սակայն՝ նվազագույն արդյունքներով, քանի որ մասնագետների լրջագույն խնդիր կա։ Մի խոսքով, անկառավարելի վիճակ է ստեղծվել, եւ մեր զրուցակցի բնորոշմամբ՝ «ինչպես երկիրն են ավերում, այնպես էլ՝ ԶՄՊԿ-ն»։ Դեռ ամիսներ առաջ մենք գրել էինք, որ աշխատողները նամակով դիմելու են կոմբինատի բաժնետերերին, որպեսզի հետ բերեն նախկին գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովին, որը հմուտ հանքագործ է ու կարողանում էր ճիշտ կազմակերպել արտադրությունը։ Նրա ղեկավարման տարիներին կոմբինատից հանքանյութի արտահանումը հասել էր 22 մլն տոննայի, 1500 նոր աշխատատեղ էր հիմնվել, աշխատում էին կոմբինատին կից բոլոր ընկերությունները։ Սակայն աշխատակիցների խնդրանք-պահանջը մնացել է անարձագանք։ Հիշեցնենք, որ իշխանության ցուցումով Պոլոսկովի նկատմամբ քրեական գործեր հարուցվեցին, ապա ստիպեցին, որ պետական բյուջե չմուծված հարկերի անվան տակ վերականգնի վնասը՝ 15 մլրդ դրամ, սակայն, ԶՊՄԿ-ի աշխատակիցների համոզմամբ, բոլորը, այդ թվում՝ իշխանությունը, շատ լավ գիտեն, թե իրականում ով էր մեղավորը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին factor.am-ը գրել էր, որ սեպտեմբերի 21-ին՝ Անկախության տոնի միջոցառմանը, կառավարությունը 600 միլիոն դրամ է հատկացրել, եւ Հանրապետության հրապարակում ելույթ է ունենալու նաեւ ռաբիսի արքա Սպիտակցի Հայկոն՝ Հայկ Ղեւոնդյանը։ Դա պարզել էին վարչապետի աշխատակազմի հայտարարած գնման մրցույթի հրավերից։ Մեզ ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել, թե ինչպես է ծագել Սպիտակցի Հայկոյին գլխավոր հրապարակում «երգացնելու» գաղափարը։ Պարզվում է՝ օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը Տավուշում հերթական կերուխումին է մասնակցել՝ ոստիկանապետ Վահե Ղազարյանի հրավերով։ Քեֆը ծաղկեցրել է Սպիտակցի Հայկոն, եւ վարչապետն այնքան է գինովցած եղել, որ հենց տեղում երգչին խոստացել է՝ սեպտեմբերի 21-ին դու երգելու ես Հանրապետության հրապարակում։  Ներկաները կարծել են, թե կատակ է, հաջորդ օրը կօյաղանա ու կհրաժարվի այդ մտքից։ Բայց որքան մեծ է եղել բոլորի զարմանքը, երբ գնումների թղթերում տեսել են Հայկ Ղեւոնդյան անուն-ազգանունը»:


«Իրավունք» թերթը գրում է. «Անձնագրային եւ վիզաների վարչության բաժիններում հերթերը կամաց–կամաց հասնում են հանրահավաքների մասնակիցների թվին: Քաղաքացիները բողոքում են, որ օրը դեռ չլուսացած` արդեն100–ից ավել մարդ հերթի մեջ է: Օրինակ` նոր անձնագրի համար դիմելու դեպքում` մի ամբողջ աշխատանքային օր պետք է աչքի տակ ունենաս: Բայց սա էլ լավագույն դեպքում, եթե մինչեւ աշխատանքային օրվա ավարտն առհասարակ հերթդ հասնի: Ըստ էության, իրավիճակը չեն փրկում ո՛չ կտրոնով հերթերը, ո՛չ էլ օնլայն հերթագրվելու հնարավորությունը»:


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/111597