Մամուլի տեսություն. Հայաստանում համաներում է հայտարարվելու

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան տպագիր մամուլի տեսությունը, որում ներառված է կարևոր իրադարձությունների մասին ընդգրկուն տեղեկատվություն:

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով Գյումրիում Արթուր Բաղդասարյանի «Հայկական վերածնունդ» կուսակցության ավագանու ցուցակի չորրորդ հորիզոնականում գտնվող Ավետիս Առաքելյանը Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փեսան է: Գյումրիում ՀՎ-ի քաղաքապետի թեկնածու, պատգամավոր Հովհաննես Մաոգարյանը մեզ հետ հեռախոսազրույցում հաստատեց այս տեղեկությունը՝ ասելով, թե Ավետիս Առաքելյանի հետ իրենք ընտանիքներով են մտերիմ։ Վերջինս վերջերս է անդամակցել ՀՎ-ին և «Գազպրոմ Արմենիայում» ճարտարագետ-չափագետ է: Այդպիսով, արդեն բացահայտ է դառնում, որ հոկտեմբերի 2-ի այդ ընտրություններին Վարդան Ղուկասյանն աշխատելու է Հովհաննես Մարգարյանի և Հայկական վերածնունդի օգտին։ Մարգարյանը չհերքեց նաև այս հնարավորությունը։ «Ավետիսը քաղաքում ճանաչված տղա է, երկու բուհ է ավարտել, լավ իրավաբան է։ Իսկ ինչ վերաբերում է պաշտպանելուն, կսկսի քարոզարշավը, ամեն մարդ իր տեսակետը կհայտնի»,- ասաց նա»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ նախագահի նստավայրում քննարկումներ են կազմակերպվել Անկախության 25-ամյակի կապակցությամբ համաներում հայտարարելու նախագծի վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են դատաիրավական համակարգի ներկայացուցիչները: Նախագիծը, կարելի է ասել, գրեթե պատրաստ է, եւ այդ քննարկման ընթացքում վերջին ճշգրտումներն են իրականացվել: Մեր տեղեկություններով՝ համաներման նախագծի մշակումը նախատեսվում է ավարտել մինչեւ ԱԺ աշնանային նստաշրջանի մեկնարկը` սեպտեմբերի 12-ը: Այս տեսանկյունից ուշագրավ է Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում տիրող իրավիճակը: Հնարավոր համաներման մասին լուրերի տարածվելուց հետո դատապարտյալները ամեն կերպ ձգտում են խախտում թույլ չտալ, որպեսզի համաներմամբ նախատեսվող պատժի մեղմացումից չզրկվեն»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման հայտնի իրադարձությունների ժամանակ ՀՀ իրավապահներին սխալ օպերատիվ տվյալներ են ներկայացվել: Ու հիմա ակտիվ քննարկվում է վարկածն այն մասին, որ իրավիճակը սխալ ներկայացնելու հետեւանքն են եղել հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Սարի թաղում ծավալված արյունալի իրադարձությունները: «Ժողովուրդ»-ի հավաստի տեղեկություններով՝ բախումներից առաջ ՀՀ ոստիկանության եւ ԱԱԾ ղեկավարությանը զեկուցել են, թե իբր քարերով եւ փայտերով զինված ցուցարարների մի խումբ Սարի թաղի կողմից շարժվում է դեպի ՊՊԾ գնդի տարածք եւ պատրաստվում է ճեղքել ոստիկանական պատնեշն ու միավորվել «Սասնա ծռերին»: Այդ տեղեկության հիման վրա էլ հրահանգվել է Սարի թաղում հավաքված ցուցարարներին ամեն գնով ցրել»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս տարվա հուլիսին պետական բյուջեն կրկին թերակատարվել է: «Ժողովուրդ»-ը պաշտոնական փաստաթղթերից պարզեց, որ այս տարվա հուլիսին, անցած տարվա համեմատ, 1,5 միլիարդ դրամով պակաս հարկեր են հավաքագրվել: Այս երեւույթի վրա, իհարկե, կարելի էր աչք փակել, եթե Հայաստանի տնտեսությունում այնպիսի զարգացումներ տեղի ունենային, որոնք հույս կներշնչեին, որ առաջիկայում իրավիճակը կշտկվի: Սակայն Հայաստանում շարունակում են թեւածել համընդհանուր հուսահատությունը եւ վաղվա օրվա նկատմամբ անվստահությունը: Ու այս երեւույթի միակ եւ հիմնական պատճառն այն է, որ Հայաստանի քաղաքական կյանքը միշտ նույնն է: Մինչդեռ աշխարհի ամենազարգացած եւ բարձր կենսամակարդակ ունեցող երկրները նրանք են, որտեղ պարբերաբար իշխանափոխություն է տեղի ունենում: Ընտրությունը հասարակության մեջ ընկալվում է որպես կառավարության փոփոխություն, իսկ պաշտոնյաներն էլ իրենց հավերժ չեն զգում ու չեն լկտիանում: Ու եթե Հայաստանում այս ընտրությունների արդյունքում էլ փոփոխություններ չլինեն, մեր պետությունը պարզապես շնչահեղձ կլինի եւ կշարունակի թուլանալ: Իշխող վերնախավն այս պարզ իրողությունը վաղուց պետք է գիտակցած լիներ: Հուսանք` առաջիկա ՏԻՄ ընտրություններն այդ փոփոխությունների խցանը բացելու լավ առիթ կլինեն»:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/10937