Թշնամին ՀՀ սուվերեն տարածքից 2021-ի մայիսին օկուպացրել է առնվազն 3200 հեկտար. Հետք

Արցախի Հանրապետությունը, որի անվտանգության երաշխավորը թղթի վրա եւ իրական կյանքում Հայաստանն էր, վերջինիս ղեկին էլ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը, 2020 թ. 44-օրյա պատերազմում կորցրեց Հադրութի շրջանն ամբողջությամբ, Շուշիի, Ասկերանի, Մարտունու եւ Մարտակերտի շրջանները՝ մասամբ, այդ թվում՝ Շուշի եւ Հադրութ քաղաքները:


Նոյեմբերի 9-ի փաստաթղթով էլ Փաշինյանը Ադրբեջանին հանձնեց նախկին ԼՂԻՄ-ին հարակից շրջանները (Աղդամ, Քելբաջար, Լաչին, որորնցից բացի՝ պատերազմում թշնամին գրավել էր Ֆիզուլին եւ Ջաբրայիլը, ինչպես նաեւ Զանգելանի ու Ղուբաթլուի մեծ մասը, իսկ մնացած փոքր մասից հայկական ուժերը հետ քաշվեցին 2020-ի դեկտեմբերին՝ համաձայն բանավոր պայմանավորվածության), որոնք ազատագրվել էին 1990-ականներին ու դարձել Արցախի Հանրապետության բաղկացուցիչ, գրում է Hetq.am-ը:


2021-ի մայիսի 12-ին, օգտվելով 44-օրյա պատերազմում պարտություն կրած կառավարության ղեկին գտնվող Փաշինյանի իշխանության թողտվությունից, ադրբեջանական զինված խմբավորումներն առանց կրակոցի գրավեցին ՀՀ սուվերեն տարածքում՝ Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերում գտնվող մի շարք ռազմավարական բարձունքներ՝ զենքի սպառնալիքով, ֆիզիկական ուժով եւ հայհոյանքներով իրենց վատ կահավորված մարտական հենակետերից քշելով-հեռացնելով հայ դիրքապահներին:


Միայն Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում, իսկ ավելի կոնկրետ՝ Նորաբակ-Քարվաճառ ճանապարհից մինչեւ Մեծ ու Փոքր Ալ լճեր ընկած սահմանային հատվածում, 2021 թ. մայիսին թշնամին օկուպացրել է ՀՀ սուվերեն տարածքի առնվազն 32 քառ. կմ տարածք, կամ որ նույնն է՝ 3200 հեկտար տարածություն։


3200 հեկտարը հավասար է 4482 հատ ֆուտբոլային խաղադաշտի, ինչպիսիք ունեն Երեւանի «Հրազդան» եւ «Հանրապետական» ստադիոնները։


ՀՀ-Ադրբեջան սահմանը Սոթքի ոսկու հանքավայրից մինչեւ Մեծ ու Փոքր Ալ լճեր անցնում է Արեւելյան Սեւանի լեռնաշղթայով: Դրա ամենաբարձր գագաթներից մեկը Ծարասարն է, որի բարձրությունը 3426 մ է: Այս լեռը, որը հայ-ադրբեջանական սահմանի բաժանարար կետ է, 2021-ի մայիսից հայտնվել է թշնամու թիկունքում 3,8 կմ խորությամբ: Այլ կերպ ասած՝ ադրբեջանցիները Ծարասարի հատվածում ուղիղ գծով առաջ են եկել մինչեւ 3,8 կմ: Լեռնագագաթից դիտարկվում է ամբողջ Վարդենիսի տարածաշրջանը, այդ թվում՝ Սեւանա լիճը, որի ափից մինչեւ Ծարասար 29 կմ է, իսկ ահա Վարդենիս քաղաքի կենտրոնից հեռավորությունը 22 կմ է: Սա միանգամայն խոցելի տարածություն է փողային հրետանու համար, էլ չենք խոսում համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի մասին:


Վարչապետ Փաշինյանը թշնամու օկուպացիայից անմիջապես հետո՝ մայիսի 27-ին՝ ԱԺ արտահերթ ընտրությունների նախաշեմին, շրջանառության մեջ դրեց Սոթք (Գեղարքունիք)-Խոզնավար (Սյունիք) հատվածում զորքերի հայելային հետքաշման իր հայտնի թեզը: Արձագանքելով Ադրբեջանի սին պնդմանը, թե իբր սահմանային ճշգրտման համար են զորքերն առաջ եկել՝ Փաշինյանն առաջարկեց սահմանի դիտարկումը հանձնել երրորդ կողմի․ «Դիտորդներ են գալիս միջազգային՝ կա՛մ Ռուսաստանի, կա՛մ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից, գալիս են կանգնում են, որպեսզի հավաստիանան, որ զորքերը երկուստեք… եթե սենց ա, պատկերացրեք՝ կա՛մ իրանց, կա՛մ մեզ էդ սարի ծերին, որտեղ տարվա կեսը ձյուն ա, ինչների՞ս ա պետք զինվոր, եթե էդ ա (նկատի ունի Ադրբեջանի պնդումը – հեղ.)»:


Հիշեցնենք՝ Փաշինյանի խոսքերից հետո՝ 2021 թ. մայիսի 27-ին, ԱԳ նախարար Արա Այվազյանը հրաժարական տվեց, իսկ օրեր անց՝ նախարարության աշխատակիցների հետ հրաժեշտի հանդիպմանը, հայտարարեց, թե իր որոշումը պայմանավորված էր նրանով, որ «երբեւիցե որեւէ կասկած չլինի, որ այս նախարարությունը կարող է ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետականության, մեր ազգային եւ պետական շահի դեմ են եղել»։ Այն, որ իր հրաժարականի պատճառը եղել է հենց Փաշինյանի թեզը, Այվազյանը հայտնեց այս ապրիլին:


Այս առումով վարչապետին քննադատեց նաեւ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը՝ անդրադառնալով Արցախի Փառուխ-Խրամորթ հատվածում ադրբեջանցիների վերջին առաջխաղացմանը. ««Զորքերը հայելային հետ քաշելու» կառավարության առաջարկը կործանարար է Հայաստանի ու Արցախի անվտանգության համար: Օբյեկտիվ ապացույցը ադրբեջանական վերջին անօրինական արարքներն ու ներխուժումներն են Արցախում (Փառուխ, Խրամորթ, Քարագլուխ), որոնք «զորքերի հայելային հետքաշման» կառավարության առաջ բերած գաղափարի արդյունք են: Այս գաղափարը դատապարտելի կերպով բերվեց հանրային տիրույթ, գովազդվեց եւ դարձավ արբեջանական շահերին ձեռնտու օրակարգի մաս»:


Փաշինյանի գաղափարն այդպես էլ մնաց օդում կախված, քանի որ դրա գլխավոր հասցեատերը՝ Իլհամ Ալիեւը, մեղմ ասած, այն բանի տեղ չդրեց: Փոխարենը թշնամու զինված խմբավորումներն առ այսօր շարունակում են սպառնալիք մնալ Վարդենիսի ամբողջ տարածաշրջանի բնակչության ու հատկապես սահմանամերձ Կութ, Նորաբակ, Ներքին Շորժա եւ Վերին Շորժա գյուղերի բնակիչների համար:


Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/108543