Արմեն Սարգսյանի քաղաքացիության վերաբերյալ հրապարակումն ուղարկվել է ԱԱԾ

Գլխավոր դատախազությունը ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի՝ մինչև նախագահ դառնալը այլ երկրի քաղաքացի լինելու մասին «Հետքի» հրապարակումն ուղարկել է Ազգային անվտանգության ծառայություն: Այս մասին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:


Նա նշել է, որ հրապարակումն ԱԱԾ է փոխանցվել՝ նկատի ունենալով, որ Սարգսյանի երկքաղաքացիության փաստը թաքցնելու դեպքի առթիվ դեռևս 2021 թ. ապրիլին հարուցվել էր քրգործ փաստաթղթեր կեղծելու հատկանիշներով: Ըստ այդմ, հրապարակումը հենց այս գործի շրջանակում կդառնա ստուգման առարկա:


VERELQ-ը հիշեցնում է, որ «Հետք»-ը, հղում անելով Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության լուսաբանման նախագծին, երեկ հետաքննություն էր հրապարակել, որի համաձայն՝ Արմեն Սարգսյանը Հայաստանի քաղաքացի լինելուց բացի, նաև այլ երկրի քաղաքացի էր առնվազն մինչև նախագահ դառնալը: Մասնավորապես, Կարիբյան ծովում գտնվող փոքր երկրի՝ Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացի է եղել: Ըստ այդմ, Արմեն Սարգսյանն ուներ Սենթ Քիթս և Նևիսի անձնագիր, ինչը հաստատվել է Սարգսյանի հետ նամակագրության ընթացքում: Մինչդեռ Սահմանադրության համաձայն Հանրապետության նախագահին ներկայացվող պահանջներից է վերջին վեց տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելն ու վերջին վեց տարում Հայաստանում մշտապես բնակվելը:


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/102255