Հավանականությունը մեծ է, որ Հայաստանը կմասնակցի Անթալիայում կայանալիք ԱԳՆ գագաթնաժողովին

Թուրքիայի հետ բանակցությունների առաջին փուլը կարելի է անվանել բացման փուլ, երբ մթնոլորտ է ձեւավորվում։ Եվ այն, որ կողմերը արձանագրեցին, որ հրաժարվում են նախապայմաններից, շատ է լիցքաթափում մթնոլորտը գործընթացի շուրջ։ Այս մասին հունվարի 24-ին՝ առցանց մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


Նրա խոսքերով, ներկայումս ձեւավորվել է Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման ձեւաչափը: «Եթե առկա դինամիկան պահպանվի, ապա հավանականությունը, որ Հայաստանը կմասնակցի Անթալիայում կայանալիք ԱԳՆ գագաթնաժողովին, մեծ է», - հայտարարել է ՀՀ վարչապետը:


Մինչդեռ նա չի ցանկացել կանխատեսել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումն այս տարի, թե ոչ, քանի որ դա կախված է ոչ միայն «մեզնից»։ Բայց, նրա խոսքով, շատ տրամաբանական կլինի, եթե «մենք նման արդյունքի հասնենք, մասնավորապես, դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ սահմանի բացման հարցում»։


Փաշինյանը չի բացառում, որ կարգավորման գործընթացում Թուրքիան կարող է նախապայմաններ առաջադրել, քանի որ կա համապատասխան պատմական փորձ։


«2009 թվականի արձանագրություններում ևս նախապայմաններ չեն եղել, բայց հետո դրանք ի հայտ են եկել։ Մենք չենք կարող երաշխավորել, որ դա տեղի չի ունենա հիմա։ Բայց մենք պետք է հասկանանք, թե որքանով են կողմերը շահագրգռված դրանում, և մենք պետք է արձանագրենք, որ հենց առաջին փուլից գործընթացը թափանցիկ է, նախկինում դա չի եղել, որպեսզի հենց սկզբից գործընթացը թափանցիկ լինի։


Ռիսկերը միշտ էլ կան, բայց մենք պետք է կառավարենք այդ ռիսկերը: Մենք ցանկանո՞ւմ ենք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորում: Այո, ուզում ենք։ Մենք ուզո՞ւմ ենք բացել սահմանները: Այո, ուզում ենք։ Եվ մենք այդ հարցերում մեզ անկեղծ ենք պահում», - պարզաբանեց Նիկոլ Փաշինյանը։


Անդրադառնալով Հայաստանի կողմից Թուրքիայի սահմանի ճանաչմանը՝ Փաշինյանը հայտարարել է, որ չի եղել Հայաստանի Հանրապետության որևէ ղեկավար, որը կասկածի տակ կդներ Հայաստանի և Թուրքիայի սահմանը։


«Ցեղասպանության ճանաչման հարցում մենք մեր դիրքորոշումը ձևակերպել ենք կառավարության ծրագրում։ Եվ, այնուամենայնիվ, մենք պետք է արձանագրենք, պետք է գիտակցենք, որ այդ գործընթացի լոկոմոտիվը միշտ եղել է Սփյուռքը և սփյուռքյան կազմակերպությունները», - պարզաբանեց նա։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/102217