«Նոր Հայաստանի» էջը պետք է հնարավորինս արագ փակվի. դա ստի, աղետի էջն է. Հովհաննիսյան

«Նոր Հայաստանի» էջը պետք է հնարավորինս արագ փակվի. դա ստի, պարտության, աղետի էջն է: Դրանից հետո սկսվելու է իրական կյանքը։ Այս մասին հերթական իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» փորձագետ, ԱԺ նախկին պատգամավոր Վահե Հովհաննիսյանը:


«Ինչո՞ւ չի վիրավորվում հայը


Մենք հունիսի ընտրություններով ստիպել ենք աշխարհին՝ մեզ չհարգել։ Այդ վիճակը ինչ-որ կերպ և որքան հնարավոր է արագ մենք պետք է սրբագրենք


Մեր հասարակությունը շատ հեշտ է ընդունում Ալիևի ստորացումները։ Բայց խնդիրն այն է, որ, անկախ Ալիևից, մենք արդեն համակերպվել ենք ներքին ստորացման ալիքին։


Ալիևի ստորացումներից զատ՝ մենք հանդուրժում ենք թարմ Եռաբլուրի ու կորսված հայրենիքի պայմաններում իշխանության քեֆերը, դիսկոտեկները, անհոգ կյանքը, ամեն ինչ տապալածի ցինիզմը։ Այդ ամենով հանդերձ՝ մենք նորից ընտրում ենք նրանց։ Մենք, որպես քաղաքացի, չենք վիրավորվում վիճարկելի IQ-ով պաշտոնյաների գոյությունից։ Մենք որպես ազգ չենք վիրավորվում, և սա ավելի´ վտանգավոր է, քան՝ Ալիևի հոխորտանքը։


Հասարակությունների համար վիրավորվելու ունակությունը շատ կարևոր հատկանիշ է։ Հենց լուծեցինք ներքին արժանապատվության խնդիրը՝ Ալիևը ձայնը կտրելու է։


Մեր ժողովրդի պատմության նոր փուլը, վերածննդի փուլը կարող է սկսվել միայն արժանապատվության հեղափոխությամբ՝ անհատական և ազգային։ Արժանապատվությունը ներհասարակական նոր կոնսենսուսի թեման պետք է դառնա։ Մենք կարող ենք ունենալ տարբեր կարծիքներ ու տարբեր հայացքներ, բայց մենք պետք է արժանապատվություն ունենանք։


Երբ Նիկոլը կառավարության նիստում ասում է. «Երրորդ Հանրապետության պատմության ընթացքում սա առաջին դեպքն է...» պետք է սա յուրաքանչյուրի արժանապատվությունը խոցի, որովհետև եթե կա բան, որ Երրորդ Հանրապետության պատմության ընթացքում իրոք առաջին անգամ է, դա այս ծավալի Եռաբլուրն է, թշնամու զորքի մուտքը Հայաստանի սահմաններից ներս և Արցախի կորուստը։ Մնացածը հեքիաթ է։


Արժանապատվությունն ու հեռանկարը տեխնոլոգիապես այն պարզ գաղափարներն են, որոնք կարող են դրվել միջընտրազանգվածային երկխոսության հիմքում՝ վարակելով հասարակությանը։ Անկախ բնակության վայրից, սեռից, տարիքից, սոցիալական վիճակից՝ բոլորին կարող է միավորել արժանապատվության գաղափարը։ Վարակենք հայ հասարակությանն արժանապատվության գաղափարով։ Ներքին և արտաքին անարժանապատվության մթնոլորտը պետք է ջարդել։ Ոչ ոք իրավունք չունի վիրավորելու մեր ազգային և անհատական արժանապատվությունը։ Ներքին ու արտաքին անարժանապատվության ալիքները մեկը մյուսին պայմանավորող են, մեկը մյուսից են ստանում կենսական էներգիա։ Մենք լուրջ ազգ ենք, աշխարհում որևէ մեկից վատը չենք, և ոչ ոք ներսում՝ իր տեսակի գոյությամբ և դրսում՝ իր անսպասելի հաջողության դոզայի տակ, իրավունք չունի և չի կարող անպատասխան վիրավորել մեզ՝ մեր անցած, ներկա և գալիք սերունդների արժանապատվությունը։


Կասկածելի մեղսունակությամբ նախարարների և պաշտոնյաների գոյությունը վիրավորական է, Նիկոլի չհեռանալը վիրավորական է, շաբաթը մեկ Ալիևից սպառնալիքներ լսելը վիրավորական է...


Մի բան բայց պետք է հստակ գիտակցել. արժանապատվության վերելքը պահաջելու է աշխատանք, և այդ արժանապատվության պոռթկումը հենց այնպես չի լինելու, մանավանդ՝ այսքան ուշացումով։ Բայց հենց կայծը բռնեց՝ վերելքի դեմն առնել չի լինի։ Աշխատանքը կարող է լինել բարդ, ժամանակ առ ժամանակ հուսահատեցնող, բայց այն կլինի շատ ավելի ազնիվ, քան հեռուներում՝ ռուսաստաններում ու ամերիկաներում վախվորած ապրելը, կամ՝ Երևանի ռեստորաններում ու տներում իրականությունից թաքնվելը։ Վստահ եմ՝ ճիշտ աշխատելու դեպքում բոլոր ընտրազանգվածների համար արժանապատվությունը կարող է լինել փոխզիջման հիմքը։ Արժանապատվությունը չի ենթադրում լինել սրա կամ նրա կողմնակիցը կամ ընդունել-չընդունել որևէ մեկին։ Արժանապատվությունը ուղղակի պահանջում է մերժել անարժանապատվությունը"։


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/102048