ՀԱՊԿ-ն և Ղազախստանի ՊՆ-ն մշակում են պահպանվող օբյեկտներն իրավապահներին փոխանցելու ծրագիր

Հավաքական անվտանգության Պայմանագրի Կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների խաղաղապահների հրամանատարությունը Ղազախստանի Պաշտպանության նախարարության հետ համատեղ մշակում է պահպանվող օբյեկտների՝ Ղազախստանի իրավապահներին փոխանցելու ծրագիր։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի հրամանատար, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը։


«Ներկայումս ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի հրամանատարությունը Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ համատեղ ծրագիր է մշակում խաղաղապահների կողմից պահպանվող օբյեկտները երկրի իրավապահ մարմիններին փոխանցելու վերաբերյալ», - ասել է Սերդյուկովը:


Նա ընդգծել է, որ խնդիրների կատարումից հետո ՀԱՊԿ-ի խաղաղապահ ուժերը ղազախական կողմի հետ փոխգործակցությամբ կազմակերպում են խաղաղապահ ստորաբաժանումների վերադարձը Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռների մշտական տեղակայման վայրեր:


Սերդյուկովը նաեւ հայտնել է, որ ՀԱՊԿ-ի խաղաղապահները մեկ օրում հսկողության տակ են վերցրել Ղազախստանում գտնվող հինգ սոցիալապես կարեւոր օբյեկտներ:


VERELQ-ը հիշեցնում է, որ հունվարի 2-ին Ղազախստանի Մանգիստաուի մարզի բնակիչները ցույցի են դուրս եկել՝ հեղուկացված գազի գնի բարձրացման պատճառով։ Հունվարի 3-ին հանրահավաքներ էին սկսվել միանգամից մի քանի շրջաններում։ Բողոքի ակցիաներին միացել են նավթարդյունահանող ձեռնարկությունների աշխատակիցները։ Հունվարի 4-ին երկրի միանգամից մի քանի քաղաքներում զանգվածային անկարգություններ են սկսվել, ջարդեր են սկսվել։


2022 թ. հունվարի 6-ին ընդունված ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման համաձայն, իրավիճակի կայունացման եւ կարգավորման համար սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստանի Հանրապետություն են ուղարկվել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական խաղաղապահ ուժեր:


Դրանց կազմում են Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Տաջիկստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումները:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/101348