28.03.2024
Զինծառայողներին ու նրանց ընտանիքի անդամներին բուժօգնության ծավալը կավելանա
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Պարտքի ներգրավումն անխուսափելի է. կառավարությունը վերանայում է բյուջեն

Կորոնավիրուսի համավարակից բխող բացասական զարգացումներին արձագանքելու համար Հայաստանը պետք է նոր պարտք ներգրավի: Այդ նպատակով 2020 թ. պետական բյուջեի մասին օրենքում նոր փոփոխություններ կատարելու նախագիծ է կազմվել, որը հաստատվել է կառավարության ապրիլի 23-ի նիստում և շուտով կներկայացվի Ազգային ժողովին: Այս մասին կառավարության մամուլի սրահում ապրիլի 23-ին տեղի ունեցած ասուլսին հայտարարեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:


Նրա խոսքից պարզ դարձավ, որ կառավարությունը 2020-ին կանխատեսում է հարկային եկամուտների կտրուկ անկում և պետական բյուջեի դեֆիցիտի շեշտակի ավելացում: «Առաջարկված նախագծով 324 մլրդ դրամի պակասուրդ է ենթադրվում, որի ֆինանսավորման համար դիտարկում ենք բոլոր հնարավոր տարբերակները, ներառյալ վարկային միջոցների ներգրավումը միջազգային ֆինանսական կազմակերպություններից՝ Արժույթի միջազգային հիմնադրամից, անհրաժեշտության դեպքում՝ Համաշխարհային բանկից, Ասիական զարգացման բանկից և մնացած բոլոր մեր գործընկերներից: Ինչպես նաև ներքին շուկայից՝ պետական պարտատոմսերի տեղաբաշխման միջոցով», - ասաց Ջանջուղազյանը:


Նրա խոսքով, պարտքի մեծացումն անխուսափելի է: «Անխուսափելի է պարտքի մեծության փոփոխությունը թե’ բացարձակ, թե’ հարաբերական իմաստով: Իրավիճակն է այդպիսին: Ըստ այդմ Ազգային ժողովին առաջարկվելու է, որպեսզի կառավարությանը հնարավորություն տրվի ճկունության ավելի մեծ աստիճան ունենալ՝ համարժեք արձագանքելու համար ծագող իրավիճակներին, սակայն ունենալ նաև որոշակի սահմանափակումներ, որը տվյալ դեպքում պետական բյուջեի պակասուրդի չափն է՝ 324 մլրդ դրամ կամ կանխատեսվող ՀՆԱ-ի մոտ 5 տոկոսը», - ասաց նախարարը՝ հիշեցնելով, որ մինչ այս փոփոխությունները հաշվետու տարվա պակասուրդը նախատեսված է եղել 161 մլրդ դրամ:


Հայաստանի ընդհանուր պետական պարտքը 2019 թվականի դեկտեմբերին կազմել է 7,324 մլրդ դոլար, որից կառավարության մասնաբաժինը 6,8 մլրդ դոլար է: Կառավարության պարտք ՀՆԱ հարաբերակցությունը՝ մոտ 50 տոկոս է: «Այս ցուցանիշներով Հայաստանը դասկարգվում է ցածր պարտքային բեռ ունեցող երկրների շարքում», - ասաց Ջանջուղազյանը:


«Սա մեզ հնարավորություն է տվել ձևավորել այն ֆիսկալ տարածքը, որով Հայաստանի կառավարությունն արձագանքել է ճգնաժամի հետևանքներին: Դրա համար հատկացվել է 150 մլրդ դրամ», - հիշեցրեց նախարարը:


Նրա խոսքով, բյուջեի մասին օրենքում նոր փոփոխություններով ենթադրում է, որ Հայաստանը 2020 թվականի բյուջեի հիմքում ընկած 4,9 տնտեսական աճի փոխարեն կունենան 2 տոկոս անկում: «Սա հանգեցնելու է անվանական ՀՆԱ-ի փոփոխության, որն իր հերթին բերում է նաև բյուջետային ցուցանիշների որոշակի վերանայման անհրաժեշտության: Տնտեսության վրա բացասական ազդեցությունների հետևանքով կանխատեսվում է անվանական մեծությամբ տնտեսության չափի նվազում», - ընդգծեց նա:


Կորոնաճգնաժամի ազդեցության հետևանքով էականորեն կրճատվելու է Հայաստանի տնտեսությունը: «Եթե 2020 թվականի բյուջեում ՀՆԱ-ն կանխատսված է 7,95 տրիլիոն դրամ, ապա նոր կանխատեսումներով այն 6,4 տրիլիոն դրամ է լինելու: Դրա հետ կապված վերնայվում են հարկային եկամուտները, որոնց տեսակարար կշիռն ընդհանուր եկամուտների կազմում շուրջ 94 տոկոս է», - ասաց պաշտոնյան:


Ատոմ Ջանջուղազյանը վստահ է՝ եկամուտների վերանայումը նվազման ուղղությամբ անխուսափելի է՝ հաշվի առնելով, որ դրանք գոյանում են տնտեսությունից, որը կրճատվելու է: «Այս սցենարով եկամուտների նվազումը գնահատված է շուրջ 169 մլրդ դրամ, քան ծրագրով նախատեսված էր: Ընդհանուր առմամբ 2020-ին սպասվում էր ավելի 1,6 տրիլիոն դրամի եկամուտ», - նկատեց նա:


Միևնույն ժամանակ ստեղծված իրավիճակում Ջանջուղազյանի խոսքով, պետությունը չի իրականացնելու ծախսերի կրճատում, քանի որ դա ավելի կխորացնի խնդիրը: «Հակառակը, մենք դիտարկում ենք առնվազն պահպանել ծախսերի նույն մակարդակը: Ըստ այդմ, այս տարվա բյուջեով նախատեսված ծախսերը կազմում են 1,85 տրիլիոն դրամ: Նշեմ, որ 2019 թվականին ծախսերի մոտ 130 մլրդ դրամի պակաս կատարում ենք ունեցել: Նպատակն է առավելագույն իրատեսական ծախսեր պլանավորենք, քանի որ բացի պարտք ներգրավելուց, ուրիշ այլընտրանքներ չունենք ծախսերի ֆինանսավորման համար», - նշեց նա:


 


 

Կստեղծվի ներքին գործերի նախարարություն և նոր պարեկային ծառայություն
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար