27.09.2024

Բլինքեն-Միրզոյան-Բայրամով հանդիպումը Ֆրանսիան իր համար դիտարկում է մարտահրավեր՞

ՄԱԿ ԳԱ ամբիոնից Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը, որ Հայաստանը գտնվում է ադրբեջանական նկրտումների եւ ճնշման ներքո, ըստ էության հաստատում է վերը հիշատակածս գրառման տրամաբանությունը, որ արել էի նախօրեին: Ֆրանսիայի նախագահը Հայաստանի՝ ճնշման տակ գտնվելու մասին է ազդարարում Էրդողանի հետ Փաշինյանի հանդիպումից հետո, եւ էականը՝ Բլինքենի միջնորդությամբ Միրզոյան-Բայրամով հանդիպումից առաջ: Իհարկե Մակրոնը հայտարարում է, որ Հայաստանի վարչապետի կողքին է, սակայն այդ հայտարարությունն ըստ էության արվում է մի պարագայում, երբ նա Նիկոլ Փաշինյանի հետ վերջին անգամ շփվել է հուլիսին Լոնդոնում, եւ առ այսօր որեւէ տող չկա Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Անկախության տոնի առիթով հղված Մակրոնի շնորհավորանքից, որեւէ հանրային տող: Դա նշանակում է, որ չկա նաեւ շնորհավորանք:


Այս պայմաններում, երբ Ֆրանսիայի նախագահը հայտարարում է, որ Հայաստանի վարչապետի կողքին է, ստանում է բավականին բազմիմաստ նշանակություն: Մի կողմից դա նշանակում է, որ Ֆրանսիան չի հրաժարվելու Հայաստանի միջոցով Կովկասում դեր ունենալու իր հավակնությունից եւ ջանքից, անգամ, եթե Հայաստանի վարչապետը բավարար չընդառաջի դրան: Մյուս կողմից հնարավոր է, որ Մակրոնի այդ հայտարարությունն ունի տողատակային իմաստ, որ ինքը ըմբռնումով է մոտենում Թուրքիային հաճոյանալու Նիկոլ Փաշինյանի մոտեցմանը:


Բոլոր դեպքերում, էականն այն է, որ Մակրոնը փաստորեն Էրդողան-Փաշինյան հանդիպումից հետո, եւ Բլինքեն-Միրզոյան-Բայրամով հանդիպումից առաջ ըստ էության ահազանգում է Հայաստանի՝ ճնշման տակ լինելու մասին:


Իհարկե, խոսում է, որ Հայաստանն Ադրբեջանի ճնշման տակ է: Բայց, հարց է առաջանում, ինչու՞ է այդպես: Որովհետեւ «միջազգային հանրությունը» առ այսօր չի կարողացել ստեղծել վիճակ, որ չլինի այդպես եւ լինի հավասարակշռված գործընթաց: Իսկ «միջազգային հանրություն» ասելով Ֆրանսիայի նախագահը թերեւս առաջին հերթին նկատի ունի ԱՄՆ: Եվ այն, որ Բլինքեն-Միրզոյան-Բայրամով հանդիպումից առաջ նա անում է այդ ահազանգը, կնշանակի, որ այդ հանդիպումը Ֆրանսիան իր համար դիտարկում է մարտահրավեր:


Եվ այստեղ հարց է առաջանում, իմ գնահատմամբ իհարկե հռետորական՝ ի՞նչ է այդ հանդիպումը Հայաստանի համար, եթե մարտահրավեր է Ֆրանսիայի համար:


Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյան

Թեմայի այլ նորություններ