27.09.2024

Լույս է տեսել նոր գիրք ԵԱՏՄ-ում Հայաստանի տեղի և Մեծ եվրասիական գործընկերության մասին

Երևանում այսօր լույս է տեսել «Հայաստանը ԵԱՏՄ-ում և Մեծ եվրասիական գործընկերությունը» գիրքը: Այն հրատարակել են Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոնը և Հաղորդակցությունների զարգացման ազգային հետազոտական ինստիտուտը (Մոսկվա):


Գիրքը բացվում է ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի և ՀԶԱՀԻ տնօրեն Վլադիսլավ Գասումյանովի ողջույնի խոսքերով: Ընթերցողների և հեղինակային խմբին ուղերձներ են հղել նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ (Նախարար), Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, պրոֆեսոր Սերգեյ Գլազևը և ԵՏՀ կոլեգիայի անդամ (Նախարար) Գոհար Բարսեղյանը: Գրքի գլխավոր խմբագիրներն են պատմաբան, պրոֆեսոր Գեղամ Պետրոսյանը և սոցիոլոգ, պրոֆեսոր Վալենտինա Կոմլևան:


Հրատարակությունն առնչվում է Եվրասիական տնտեսական միության ստեղծման 10-ամյակին և այդ կառույցում Հայաստանի նախագահության տարվանը: Այն հրատարակության է երաշխավորվել ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի գիտական խորհրդի որոշմամբ:


Հայաստանյան և ռուսաստանյան ճանաչված գիտնականների և փորձագետների հոդվածների այս ժողովածուն հետազոտում է եվրասիական տնտեսական ինտեգրման գործընթացում Հայաստանի մասնակցության, Հայաստանի և ԵԱՏՄ անդամ մյուս երկրների տնտեսության վրա Մեծ Եվրասիայում ընթացող ինտեգրացիոն գործընթացների ազդեցության հարցերը, ինչպես նաև Մեծ եվրասիական գործընկերության տեսլականը և նրանում Հարավային Կովկասի տարածաշրջանի ներգրավման հեռանկարները:


Գիրքը հրատարակած համագործակցող վերոհիշյալ հայկական և ռուսական գիտավերլուծական կառույցների համագործակցության արդեն ձևավորված ավանդույթների համաձայն այն միաժամանակ լույս է տեսել հայերեն և ռուսերեն լեզուներով:


Սեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանում անց է կացվելու Եվրասիական տնտեսական համաժողովը, որը ԵԱՏՄ տարվա ամենախոշոր միջոցառումն է: Այն կայանալու է ԵԱՏՄ Միջկառավարական խորհրդի նիստի շրջանակներում: ԵԱՏՄ հինգ երկրների վարչապետների երևանյան հանդիպման նախօրեին լույս տեսած այս հրատարակությունը գալիս է վկայելու այն մասին, որ Հայաստանի մասնագետների շրջանում էական հետաքրքրություն կա մեր մեծ տարածաշրջանում ընթացող ինտեգրացիոն գործընթացների նկատմամբ:


Գիրքը նախատեսվում է տարածել կառավարման պետական մարմիններում, հասարակական շրջանակներում, առաջատար բուհերում և լրատվամիջոցներում:

Թեմայի այլ նորություններ