27.09.2024

Արդարադատության փոխնախարարը նշանակումից 20 օր անց պաշտոնանկ է արվել

Սիրվարդ Գևորգյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից: Այս մասին նա հայտնել է սոցցանցի իր էջում:


«Խարդավանքները հաղթեցին բանականությանը: Այսօր հրաժարականի դիմում ներկայացրեցի Արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից: Մեծ ցավով ու ափսոսանքով եմ թողնում Արդարադատության նախարարության իրապես պրոֆեսիոնալ թիմը` նախարար Գրիգոր Մինասյանի գլխավորությամբ: Այս համակարգում երկար տարիներ եմ աշխատել ու դեռ շատ անելիքներ կային: Շատ կուզեի մասնակցել այդ ամենօրյա ծանր, բայց իրապես կարևոր աշխատանքին: Նորից շնորհակալ եմ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ինձ ցուցաբերված մեծ վստահության համար:


Ցավում եմ, որ քաղաքական երկու բևեռներում ինձ վրա հարձակվեցին չարացած մարդիկ, ովքեր շահարկեցին ամեն հնարավորն ու անհնարը սեփական քաղաքական շահերի կամ անձնական խարդավանքների համար: Ոչ մի պաշտոն կամ աշխատանք ինձ չի կարող ստիպել հարվածի տակ դնել կամ ուրանալ իմ ընկերներին ու գործընկերներին», - նշել է Գևորգյանը։


Նշենք, որ Սիրվարդ Գեւորգյանը այդ պաշտոնին նշանակվել էր սեպտեմբերի 5-ին։


Արդարադատության Նորանշանակ փոխնախարարի շուրջ աղմուկ բարձրացավ, երբ սոցցանցերում տարածվեց նրա եւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դստեր համատեղ լուսանկարը: Ըստ երեւույթին լուսանկարը արվել էր Քոչարյանի գրքի շնորհանդեսին, քանի որ Գեւորգյանի մոտ Քոչարյանի հեղինակած գիրքն էր: Գեւորգյանը պարզաբանեց, որ Քոչարյանի դուստրը իր համակուրսեցին է:


 


 

Թեմայի այլ նորություններ