Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել որոշման, որն արմատապես փոխում է արտադրական կեղտաջրերի կառավարման կանոնները։ 2027 թվականի հուլիսի 1-ից ձեռնարկություններին կարգելվի առանց նախնական մաքրման արտադրական հոսքաջրերն արտանետել կենտրոնացված ջրահեռացման համակարգ։
Այս քայլը, որը ներդաշնակեցված է ԵՄ դիրեկտիվներին, կոչված է վերջ տալու «ամենօրյա բնապահպանական աղետին», ինչպես իրավիճակը բնորոշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նոյեմբերի 14-ի նիստում ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանը ներկայացրեց նախագիծը, որը սահմանում է նախնական մաքրման հստակ պահանջներ։ Ըստ նոր կարգի՝ արտադրական օբյեկտները պարտավոր կլինեն իրենց միջոցների հաշվին նախագծել և տեղադրել տեղային մաքրման կառույցներ՝ նախքան ջրերն ընդհանուր համակարգ բաց թողնելը։ Սա անհրաժեշտ է, որպեսզի հոսքաջրերը չպարունակեն վտանգավոր նյութեր, չվնասեն կոյուղու ենթակառուցվածքները և չծանրաբեռնեն քաղաքային մաքրման կայանները։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոշտ գնահատական տվեց խնդրին՝ հայտարարելով, որ որևէ օգտագործված ջուր առանց մաքրման բնություն վերադարձնելն անթույլատրելի է և հանդիսանում է աղետ, որի պայմաններում երկիրն «ապրում է ամեն օր»։ Նա հանձնարարեց ներկայացնել այս որոշման կյանքի կոչման հստակ ծրագիր՝ ընդգծելով, որ տնտեսվարողները պետք է լուրջ ներդրումներ կատարեն։
Իր հերթին փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը խնդիրը կապեց նաև սննդի անվտանգության հետ։ Նա նշեց, որ չմաքրված ջրերը ներթափանցում են ոռոգման համակարգեր, ապա աղտոտելով հողը՝ վերադառնում քաղաքացիների սննդի շղթա։ Նրա խոսքով՝ կառավարությունը պատրաստում է ռազմավարական լուծումներ, որոնք լինելու են «ծախսատար», սակայն նպատակ ունեն բովանդակային առումով կարգավորել այս հնացած հարցը։