14.11.2025

Ապարանում գողացել են 253 գլուխ ոչխար

Նոյեմբերի 3-ին գողության դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ապարանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ 2024թ․ հոկտեմբեր ամսից մինչև 2025թ․ օգոստոս ամիսն ընկած ժամանակահատվածում Գագիկ Գ․-ն, Նաիրի Գ․-ն և Արամայիս Ա․-ն Արագած սարի արոտավայրից գողացել են Արմավիրի մարզի բնակիչ 39-ամյա Աֆանդի Մ․-ին պատկանող 253 գլուխ ոչխար՝ պատճառելով 18 մլն դրամի նյութական վնաս։


Ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ձեռք բերվել, որ գողացված ոչխարների մի մասը Գագիկ Գ․-ն, Նաիրի Գ․-ն և Արամայիս Ա․-ն վաճառել են Արագածոտնի մարզի բնակիչ 42-ամյա Սամվել Հ․-ին, իսկ մյուս մասը գտնվում է Արամայիս Ա․-ի մոտ։


Ապարանի համայնքային ոստիկանների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը և նշված անձանց հայտնաբերելու ուղղությամբ։


Դեպքի փաստով ոստիկանության Ապարանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժին։


 

Թեմայի այլ նորություններ