14.11.2025

Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը կալանավորվեցին 2 ամսով

«Իմնեմնիմի» հանրահայտ փոդքասթի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը կալանավորվել են երկու ամսով։ Խափանման միջոցի մասին որոշումը կայացվել է դատարանի կողմից։


Վազգեն Սաղաթելյանի կալանավորման մասին րոպեներ առաջ հայտնեց նրա փաստաբան Արսեն Բաբայանը՝ շեշտելով, որ «Այստեղ օրինականության նշույլ անգամ չկա»։ Բաբայանի խոսքով՝ Սաղաթելյանին արգելվել է հաղորդակցվել այլ անձանց հետ՝ բացառությամբ պաշտպանի և ընտանիքի անդամների։ Կալանավորման որոշումը բողոքարկվելու է։


Դրանից քիչ անց հայտնի դարձավ, որ նույն ժամկետով կալանավորվել է նաև Նարեկ Սամսոնյանը։ Նրա փաստաբան Ռուբեն Մելիքյանը նշել է, որ որոշումն «անակնկալ չէր», սակայն հավելել է, որ մեղադրանքն անհիմն է։ Նարեկ Սամսոնյանին կալանավորելու մասին որոշումը ևս բողոքարկվելու է։


Հիշեցնենք, որ գործի հարուցման հիմք է հանդիսացել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հաղորդումը։ Նա դիմել էր իրավապահ մարմիններին այն բանից հետո, երբ փոդքասթի հեղինակներն արձագանքել էին իր իսկ արած վիրավորական արտահայտությանը։


Երեկ  վաղ առավոտյան դիմակավորված ուժայինները մուտք էին գործել Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի բնակության վայրեր՝ նրանց ձերբակալելու նպատակով։ Այնուհետև փոդքասթը վարողներին մեղադրանք էր առաջադրվել «տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներ օգտագործելով՝ խուլիգանություն կատարելու համար»։


 

Թեմայի այլ նորություններ