Բակո Սահակյանի այցը Մոսկվա եղել է մասնավոր այց: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ արձագանքելով ադրբեջանցի լրագրողի հարցին: Հիշեցնենք, Բակո Սահակյանը աշխատանքային այցով Մոսկվա էր մեկնել նոյեմբերի 24-ին: Այցը անարձագանք չմնաց. Բաքվում հայտարարեցին, որ այն խաթարում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը և կարող է բերել իրավիճակի անկանխատեսելի զարգացման: «Մասնավոր այցի համատեքստում այդ այցը չի հակասում Ռուսաստանի օրենսդրությանը, ինչպես նաև միջազգային պայմանավորվածություններին և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ՌԴ միջնորդական առաքելությանը: Ուստի, ադրբեջանական կողմի՝ ռուսական կողմին ուղղված դժգոհությունները, մեր կարծիքով, անհիմն են»,- ասաց Զախարովան: