ՀՀ նախագահ. Ցեղասպանությունների վտանգը մարդկության համար ամենևին չի վերացել

Երևանում ապրիլի 22-ին մեկնարկեց «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» հասարակական-քաղաքական գլոբալ համաժողովը, որում բացման խոսքով հանդես եկավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Իր խոսքում Հայաստանի նախագահը հույղ հայտնեց, որ համաժողովը կվերածվի հանցագործությունների հանցագործության` ցեղասպանության կանխարգելման մեխանիզմների մշակմանն ու կատարելագործմանն ուղղված համընդգրկուն քննարկումների կարևոր հարթակի:

Նախագահի խոսքով, վերջին շրջանում միջազգային կազմակերպությունների օրակարգը, փոքր և մեծ պետությունների դիվանագիտական ջանքերը, միջազգային մամուլի առաջին էջերը զգալի չափով ուղղված են մարդկության առջև ծառացած կարևորագույն մարտահրավերներից մեկին: «Խոսքը ժամանակակից քաղաքակրթության բնօրրանում` Մերձավոր Արևելքում, ծայրահեղականության և անհանդուրժողականության աճի մասին է, որը հանգեցրել է տարբեր փոքրամասնությունների դեմ բռնությունների, որոշ վայրերում՝ նաև ցեղասպան դրսևորումների ի հայտ գալուն: Միջազգային հանրության համար սա հերթական ահազանգն է առ այն, որ ցեղասպանությունների ու մարդկության դեմ հանցագործությունների վտանգն ամենևին չի վերացել և պահանջում է միջազգային կառույցների, պետությունների և քաղաքացիական հասարակության համախմբված և հետևողական քայլեր», - ասել է նախագահը:

«Ինչպես տեղյակ եք, այդ տարելիցի առթիվ աշխարհի տարբեր երկրներում կազմակերպվում են ոգեկոչման միջոցառումներ, որոնք հիմնված են չորս առանցքային հենասյուների վրա: Դրանք են՝ հիշողությունը, երախտագիտությունը, կանխարգելումը և վերածնունդը: Միաժամանակ դրանք այն ուղերձներն են, որոնք Հայաստանի Հանրապետությունը և տարբեր երկրներում Հայոց ցեղասպանության հետևանքով առաջացած հայկական համայնքները ցանկանում են 100-րդ տարելիցի կապակցությամբ հղել միջազգային հանրությանը և գալիք սերունդներին: Այս չորս գաղափարները հիմնարար նշանակություն ունեցող խորհուրդ են պարունակում նաև մարդկության պատմության ընթացքում իրականացված բոլոր ցեղասպանությունների ոգեկոչման համար», - ընդգծել է Սարգսյանը:

Նրա խոսքով, ցեղասպանության իրականացումը հետևանք է ոչ միայն տվյալ պետության կամ հասարակության ներսում գրանցվող զարգացումների, այլ նաև ողջ միջազգային համակարգի ձախողման: «Մեկ անգամ չէ ապացուցվել, որ անպատժելիությունը ցեղասպանության կրկնության նախադրյալ է: Հայոց ցեղասպանությունը և Հոլոքոստը հնարավոր եղավ իրականացնել համապատասխանաբար Առաջին և Երկրորդ աշխարհամարտերի ընթացքում: Միջազգային հանրությունը չկարողացավ կանխել դրանց և մյուս ցեղասպանությունների իրականացումը: Այժմ հիշողության միջոցով է հնարավոր պատկերացնել այն մեծագույն կորուստը, որ համաշխարհային քաղաքակրթությունը կրել է ցեղասպանությունների հետևանքով: Անհնարին է բառերով նկարագրել մարդկային արժեքային համակարգի խեղման այն աստիճանը, որն ընկած է այս սարսափելի ոճիրի նախաձեռնման հիմքում», - ասել է Սերժ Սարգսյանը:

Ըստ նախագահի՝ Ցեղասպանության ճանաչման, դատապարտման և հետևանքների վերացման գործում հետևողական ջանքեր գործադրելուց զատ ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգում առանցքային տեղ է զբաղեցնում ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ ակտիվ դերակատարության ստանձնումը: Ընդ որում, նշում է Սարգսյանը, այս ուղղությունները փոխկապակցված են, քանզի անցյալում տեղի ունեցած ցեղասպանությունների ճանաչումն ու դատապարտումը ապագայում մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման գործում անգնահատելի դերակատարություն ունեն:

«Ցեղասպանության կանխարգելման ուղղությամբ միջազգային հանրության գործադրած ջանքերում Հայաստանի ակտիվ մասնակցության օրինակներից է ՄԱԿ-ում Հայաստանի նախաձեռնած և կոնսենսուսով ընդունված՝ տարբեր տարիների բանաձևերը: Դրանցից վերջինն ընդունվեց այս տարվա մարտին՝ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում: Բանաձևում դատապարտվում է նաև ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների միջազգային հրապարակային ժխտումը, քանզի այն պարարտ հող է նախապատրաստում նոր բռնությունների համար և արգելակում է հանցագործության կանխարգելման գործընթացը», - հավելեց նախագահը:

Ասօր, 100 տարի անց, նշում է նախագահը, ոգեկոչելով իր զոհերին՝ հայ ժողովուրդը համայն աշխարհին ներկայանում է անկախ պետությամբ, ազատ Արցախով, հայապահպանության և հանուն Հայաստանի զարգացման արժեքներով ապրող կենսունակ սփյուռքով՝ համամարդկային քաղաքակրթության զարգացման մեջ նոր ներդրումներ ունենալու ձգտումով: «Հայ ժողովուրդը վերածնունդ ապրեց ոչ միայն իր հայրենիքում, այլև Սփյուռքում: Հայոց ցեղասպանության հետևանքով աշխարհի տարբեր երկրներում ապաստան գտած հայորդիները հաջողությամբ ինտեգրվեցին իրենց ընդունած հասարակություններում՝ միևնույն ժամանակ պահպանելով հայկական ինքնությունը և Հայաստանի հետ խոր կապի գիտակցումը», - հայտարարեց նախագահը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/969