Հայաստանում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության (ФСБ) սահմանային վարչությունից հայտնում են, որ իրենց աշխատակիցները բերման են ենթարկել Աֆղանստանի երկու քաղաքացիների, որոնք ապօրինի կերպով ցանկանում էին անցնել հայ-թուրական սահմանը:
Մասնավորապես՝ փոխանցվում է, որ հուլիսի վեցին անմիջապես սահմանի մոտ աշխատող տեղացիներից տեղեկատվություն է ստացվել, որ թուրքական կողմից անհայտ անձ է անցել Արաքս գետը եւ հայտնվել հայկական կողմում:
Հաղորդվում է, որ վերոնշյալ անձը ձերբակալվել է Արտաշատի սահմանապահ ջոկատի կողմից, ինչից քիչ անց նկատվել է երկրորդ անձը, ով նույնպես անցել է գետն ու հայտնվել հայկական կողմում: Ձերբակալված անձինք նախնական հարցաքննությամբ պատմել են, որ Աֆղանստանի քաղաքացիներ են ու Հայաստանի տարածքով ցանկացել են տարանցիկ կերպով հասնել ԵՄ երկրներ:
Նրանց մոտ հայտնաբերվել է ուսապարկ, որում եղել են անձնական իրեր եւ երկու Nokia հեռախոսներ: Սահմանն ապօրինի կերպով խախտած անձինք փոխանցվել են ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը: Աֆղանստանցիներին նկատած տեղի բնակիչները խրախուսումներ են ստացել ռուսական սահամանապահներից:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/9559