ՌԴ Պետդումա. «Պերմյակովի գործով» դատավարությունը կկայանա Հայաստանում

ՌԴ-ի Պետդումայի ԱՊՀ-ի հարցերով հանձնաժողովի ղեկավարի առաջին տեղակալ Օլեգ Լեբեդևը («Միացյալ Ռուսաստան»), ով հանդիսանում է Գյումրիում սպանության մեջ կասկածվող զինծառայող Վալերի Պերմյակովի գործի քննությանը հետևող համատեղ հանձնաժողովի համանախագահը, նշել է, որ վերջին տվյալների համաձայն քննության ավարտից հետո ռազմական դատարանի նիստը կկայանա Հայաստանում:

Խորհրդարանականը նշել է, որ այդ տեղեկատվությունը պետք է հաստատել, քանի որ վերջին շրջանում Հայաստանում ակտիվորեն տարածվում է տեղեկատվություն, որ Պերմյակովի դատավարությունը տեղի կունենա Ռուսաստանում և Ռուսաստանը երբեք այն չի անցկացնի Հայաստանում: «Իմ կարծիքով, այդպիսի ոչ ճիշտ տեղեկատվությունը հիմնվում է փաստի վրա, որ քննությունը պետք է գործը հանձնի Հարավային ռազմական շրջանի դատարան, սակայն գոյություն ունի այդպիսի ձև, ինչպես ռազմական դատարանի արտագնա նիստ», - նշել է Լեբեդևը:

Նրա խոսքով, այս դեպքում կիրառվելու է հենց այդ ձևը: Լեբեդևը հիշեցրել է, որ ձևավորվել է գործի քննության միավորված շտաբ՝ ՀՀ-ի և ՌԴ-ի քննչական կոմիտեների համատեղ ջանքերով և զոհված ընտանիքի իրավահաջորդները օբյեկտիվ տեղեկատվություն են ստանում գործի ընթացքի մասին այդ շտաբից, ծանոթանում են քննության արդյունքներին: Նա պատմել է, որ քննության ընթացքում հարցաքննվել է մոտ 4.000 վկա, անցկացվել է 19 փորձաքննություն, այդ թվում հոգեբանական և ձգաբանական:

«Փորձաքննությունները գրեթե ավարտված են, սակայն դեռևս շարունակվում է վկաների հարցաքննությունը և այսօրվա դրությամբ հարցաքննվել է մոտ 4.000 վկա», - նշել է Լեբեդևը այսօր Երևանում կայացած համատեղ հանձնաժողովի նիստից հետո:

Ավելի վաղ, ՌԴ գլխավոր դատախազությունը հանդես էր եկել հայտարարությամբ՝ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի՝ իր ռուս պաշտոնակից Յուրի Չայկային հղված նամակի հետ կապված: ՌԴ-ի գլխավոր դատախազության հայտարարության մեջ նշվում էր, որ Կոստանյանի դիմումը այս պահին քննվում է ռուս գործընկերների կողմից: ՌԴ-ի դատախազությունը հրապարակել է նաև ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի միջնորդագրի պատասխանի լուսապատճենը:

Հունվարի 12-ին Գյումրիում սպանվել էր մեկ ընտանիքի 6 անդամ՝ այդ թվում երկու տարեկան երեխա: Կենդանի մնացած 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը բազմաթիվ վնասվածքներով ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց, սակայն նրան փրկել չհաջողվեց՝ նա մահացավ հունվարի 19-ին: Սպանության մեջ մեղադրվող Գյումրիում տեղավակայված ռուսական 102-րդ ռազմակակայանի զինծառայող Վալերի Պերմյակովը ձերբակալվել է: Նա զորակոչվել էր Անդրբայկալի մարզից: Հայկական և ռուսական կողմերը քրեական գործ են հարուցել: Հայաստանը և Ռուսաստանը համատեղ քննություն են իրականացնում:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/603