Արցախին տրվող ամերիկյան օգնության շարունակականությունը կարևոր է. ԱԽ քարտուղարը՝ դեսպանին

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ հայկական կողմի նախաձեռնությամբ, այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին։


Քարտուղար Գրիգորյանը ներկայացրել է անվտանգության ոլորտում կատարվող բարեփոխումները, մասնավորապես՝ հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ մշակվող քաղաքականությունը` հատուկ ընդգծելով դրանց կարևորությունը: Քարտուղարը նաև անդրադարձել է Արցախում ականազերծման ծրագրերին տրվող ԱՄՆ ֆինանսական աջակցությանը` նշելով այդ ծրագրերի կարևորությունը տեղի բնակչության համար։ Նա հատուկ ընդգծել է նաև Արցախին տրվող Ամերիկյան մարդասիրական օգնության շարունակականության կարևորությունը:


Դեսպան Թրեյսին նշել է, որ տարածաշրջանային և գլոբալ անվտանգության երաշխավորումը մեր երկկողմ հարաբերությունների առանցքային բաղադրիչներից մեկն է, և նա ուրախ է, որ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հնարավորություն ունեցավ անդրադառնալու մեր երկու երկրների հետագա համագործակցությանն այս ոլորտում:


Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր: Արմեն Գրիգորյանը և Լին Թրեյսին մտքեր են փոխանակել Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման և տարածաշրջանային նշանակության այլ թեմաների շուրջ:


Նշենք, ԱՄՆ կառավարությունը նախատեսում է կրճատել Արցախին տրամադրվող ֆինանսական աջակցությունը, որի նպատակն է ականապատված տարածքների ականազերծումը։


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/50813