Հայաստանն ու Չինաստանը վերացնում են վիզային ռեժիմը

ՀՀ կառավարությունը հավանություն տվեց 2019 թվականի մայիսի 26-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ Կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:


Չինաստանի հետ «Սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագրի վավերացմամբ ակնկալվում է Կողմերի միջև առևտրային, գործարար, զբոսաշրջային փոխանակումների առավել ակտիվացում:


Համաձայնագրով ՀՀ վավեր սովորական անձնագրեր կրող ՀՀ քաղաքացիները և Չինաստանի վավեր սովորական անձնագրեր կրող Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիները մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածք մուտք գործելիս, դուրս գալիս կամ տարանցիկ երթևեկելիս ազատվում են մուտքի արտոնագրի պահանջից իրենց մուտք գործելու օրվանից մինչև իննսուն օր ժամկետով՝ ցանկացած 180 օր ժամանակահատվածի ընթացքում:


Չինաստանի քաղաքացիները ՀՀ մուտքի վիզա կարող են ստանալ նաև ՀՀ պետական սահմանի անցման կետերում:


2018թ. հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածում Չինաստանից Հայաստան են այցելել 8.430 քաղաքացիներ, իսկ մեկնել՝ 8.450: Այսինքն, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիների համար ՀՀ մուտքի վիզաների ռեժիմի դյուրացման պայմաններում ներհոսքի ավելացում չի նկատվել:


Նշենք, որ այժմ նախագիծը կներկայացվի ՍԴ՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով:


 


Նշումներ:

Էջի հասցեն: http://verelq.am/hy/node/49824