Մեկ կիսամյակում 136.6 մլրդ դրամով ավելի բյուջետային եկամուտներ են ապահովվել. ՊԵԿ նախագահ

2019 թվականի առաջին կիսամյակում փաստացի հարկային եկամուտները կազմել են 713.4 մլրդ դրամ: Կատարողականի առումով մենք ունենք շուրջ 63 մլրդ դրամ գերակատարում, որը տոկոսային կազմում է 9.6 տոկոս: Այս առումով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հայտարարած հարկային եկամուտների ցուցանիշի 63 մլրդ դրամի գերակատարման մասով մենք որեւէ մտավախություն չենք տեսնում:


Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը՝ ներկայացնելով 2019 թվականի առաջին կիսամյակի (հունվար-հունիս) ՊԵԿ գործունեության ցուցանիշները: «Այս տարվա առաջին կիսամյակում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ունենք 24.7 տոկոս աճ կամ 136 մլրդ 600 մլն-ով ավելի»,- ասաց ՊԵԿ նախագահը:


Նրա խոսքով, Փաշինյանի մայիսի 8-ին մամուլի ասուլիսի ժամանակ 100 կետի շրջանակում հնչած հարկային եկամուտների ցուցանիշի 63 մլրդ դրամի գերակատարման մասով մենք որեւէ մտավախություն չեն տեսնում:


«Մենք պետք է ուղղակի արձանագրենք, որ տարվա համար մեր կողմից նախապես կանխատեսված գերակատարումը կատարվել է կիսամյակով: Սա չի նշանակում, որ երրորդ կամ չորրորդ եռամսյակում մենք աննախադեպ գերակատարման այս տենդենցը պետք է պահենք: Եթե ունենայինք սահմանված ճիշտ համամասնություն, ապա առաջին կիսամյակում մենք կունենայինք 23 մլրդ գերակատարում, երրորդ եռամսյակում՝ 15 մլրդ գերակատարում եւ չորրորդ եռամսյակում կունենայինք 25 մլրդ գերակատարում: Ընդհանուր հանրագումարայինը կլիներ շուրջ 63 մլրդ գերակատարում»,- ասաց ՊԵԿ նախագահը:


Անանյանը նշեց, որ հարկային եկամուտները պլանավորվում են ՀՆԱ-ի հիման վրա, այսինքն՝ նախապես կատարվում է ՀՆԱ-ի կանխատեսում. «ՀՆԱ-ի որոշակի տոկոսը պետք է վերաբաշխվի հարկերի տեսքով: 2018 թվականի համար ՀՆԱ պլանավորվել է 6 տրիլիոն 680 մլրդ դրամ, որի 21 տոկոսը պլանավորվել է, որ հարկեր-ՀՆԱ հարաբերակցությամբ պետք է վերաբաշխվի, հետեւաբար ծրագրային նախնական ցուցանիշը 1 տրիլիոն 403 մլրդ-ը 6 տրիլիոն 680 մլրդ-ի 21 տոկոսն է: Մենք ասում ենք՝ 63 մլրդ-ի մասով չունենք որեւէ մտավախություն, եթե բնականաբար տնտեսության զարգացմամբ ապահովվի ՀՆԱ-ի ի սկզբանե ծրագրավորված ծավալները: Այսինքն՝ տնտեսության աճի առումով մենք էական խնդիր չենք տեսնում, տնտեսությունն իր բնականոն աճով ապահովելու է 6 տրիլիոն 680 մլրդ դրամը:


Եթե տնտեսությունը կապահովի 6 տրիլիոն 680 մլրդ դրամը կամ դրա շրջանակներում ՀՆԱ արդյունք, ապա նախապես հանրությանը ներկայացված գերակատարման վերաբերյալ կանխատեսումները, ըստ էության, կիրականանան: Մենք շուրջ 63 մլրդ-ի գերակատարումը կպահպանենք»,- ասաց ՊԵԿ նախագահը:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/49641