Նալբանդյան. ՍՈՒ-24 ինքնաթիռի խոցումը լուրջ հարված է ահաբեկչության դեմ պայքարին

Ռուսաստանյան ՍՈՒ-24 ինքնաթիռի խոցումը լուրջ հարված է ահաբեկչության դեմ պայքարում միջազգային հանրության ջանքերի համախմբմանը և Սիրիայում քաղաքական կարգավորման գործընթացին։ Այս մասին հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Բելգրադում տեղի ունեցած Հավաքական անվտանգության (ՀԱՊԿ) անդամ պետությունների արտգործնախարարների հանդիպմանը:

Բելգրադում դեկտեմբերի 3-ին տեղի ունեցավ ՀԱՊԿ անդամ պետությունների արտգործնախարարների հանդիպումը, որը նախագահում էր Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։ Հայաստանն այս տարվա սեպտեմբերից ստանձնել է ՀԱՊԿ-ում նախագահությունը:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամլո ծառայությունից, հանդիպմաը նախարարները քննարկեցին Հավաքական անվտանգության խորհրդի՝ 2015թ. սեպտեմբերին կայացած նստաշրջանի որոշումների կատարման ընթացքը, ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին քաղաքականության համադրման հարցեր։ ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի անդամներն անդրադարձան ԵԱՀԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների 22-րդ խորհրդի օրակարգային հարցերին։

Հանդիպման մասնակիցները մտքեր փոխանակեցին գլոբալ և տարածաշրջանային անվտանգության վրա ազդեցություն ունեցող խնդիրների, ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ։

Անդրադարձ արվեց թուրքական զինված ուժերի կողմից Սիրիայում հակաահաբեկչական գործողությանը մասնակցող ռուսաստանյան ՍՈՒ-24 ինքնաթիռի խոցման հետևանքով ստեղծված իրավիճակին։ Այս համատեքստում նախարար Նալբանդյանը նշեց, որ ինքնաթիռի խոցումը լուրջ հարված է ահաբեկչության դեմ պայքարում միջազգային հանրության ջանքերի համախմբմանը և Սիրիայում քաղաքական կարգավորման գործընթացին։

ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հավանություն տվեցին դեկտեմբերին Մոսկվայում կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի օրակարգի հարցերին, մտքեր փոխանակեցին ՀԱՊԿ կանոնադրական մարմինների աշխատանքների վերաբերյալ։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/4958