«Լրագրող» Գաբունիան հարվածում է Վրաստանի ազգային-պետական շահերին

«Ռուսթավի 2» հեռուստաալիքի հաղորդավար Գեորգի Գաբունիան հուլիսի 7-ի երեկոյան իր հեղինակային P.S. հաղորդման ուղիղ եթերում հայհոյել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և նրա հանգուցյալ ծնողներին:


Ռուս-վրացական հարաբերությունների սրացման պարագայում հաղորդավարի խայտառակ և դատապարտելի պահվածքը, որը չի տեղավորվում ո՛չ լրագրողական, ո՛չ մարդկային էթիկայի սահմաններում միայն խորացնելու է ՌԴ-Վրաստան հարաբերություններում առկա ճգնաժամը:


Վրաստանը պետք է հասկանա, որ նմանատիպ ցածրորակ քայլերը կարող են ծանր հետևանքներ ունենալ հենց Վրաստանի տնտեսության, քաղաքացիների համար: Վրացիների մի զգալի հատված աշխատում է ՌԴ-ում և գումար ուղարկում Վրաստան, իսկ Գաբունիայի սադրանքների հետևանքով դրանք կարող են դադարեցվել: Բացի այդ, ՌԴ-ն կարող է փակել իր շուկան վրացական գյուղատնտեսական արտադրանքի համար՝ Վրաստանի Սև ծովի հանգստավայրեր ռուսաստանցի տուրիստների չմեկնելն արդեն իսկ ճգնաժամ է առաջացրել տնտեսության մի ամբողջ ճյուղում:


Ռուս-վրացական հարաբերությունները պետք է լիցքաթափվեն, իսկ դա կարող է տեղի ունենալ, եթե Վրաստանում արհեստականորեն՝ ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից չհրահրվեն ռուսաֆոբ տրամադրություններ, իսկ Գաբունիայի նման «լրագրողների» նմանատիպ արարքները դատարապարտվեն և նա այլևս իրեն թույլ չտա նման վիրավորական արտահայտություններ ՌԴ-ի պես գերտերության առաջնորդի հասցեին:


Եթե Վրաստանը կարծում է, որ ԱՄՆ-ն կամ ՆԱՏՕ-ն կպաշտպանեն նրանց հնարավոր սրացման և ռազմական գործողությունների պարագայում, ապա 2008թվականի պատերազմը վառ ապացույց էր՝ Վրաստանը մնաց իր խնդիրների հետ միայնակ: ԱՄՆ-ի համար Վրաստանը հակառուսական պլացդարմ է, իսկ ՌԴ-ի համար՝ դարավոր հարևան, բարեկամ ազգ:


Ռուս-վրացական հարաբերությունների կարգավորումը կարևոր է նաև ՀՀ-ի ազգային-պետական շահերից ելնելով, քանի որ Վրաստանը ՀՀ-ի բարեկամ և հարևան երկիրն է, որի տարածքով է անցնում հայկական տնտեսության կյանքի ճանապարհը, իսկ ՌԴ-ն Երևանի ռազմավարական դաշնակիցն է՝ ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի շրջանակներում:


Ռուս-վրացական հարաբերություններում արհեստական սրացումներ չստեղծելու պարագայում Մոսկվան ու Թբիլիսին, եթե իհարկե վրացիներն առաջնորդվեն իրենց պետական, այլ ոչ թե ԱՄՆ-ի գեոպոլիտիկ շահերով, կարող են լեզու գտնել և փորձել վերականգվել այն հարաբերությունների մակարդակը, որն առկա էր մեկ-երկու ամիս առաջ:


 


 


 


 


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/49552