Հայաստանը պետք է զերծ մնա ԱՄՆ-ի «գունավոր» սցենարներից

ՆԱՏՕ-ն ՀԱՊԿ առանձին երկրներում «գունավոր հեղափոխություններ» է նախապատրաստում: Այս մասին «Ռոսիյսկայա գազետա»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ռաշիդ Նուրգալիեւը:


«Ցանկանում եմ նշել, որ երրորդ երկրների համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ մշտապես հակառուսական բաղադրիչ է ունեցել: Դա գործնականում բազմիցս հաստատվել է: ՆԱՏՕ-ի նպատակը ՀԱՊԿ գործընկերների միջեւ երկպառակտություն սերմանելն է»,- ասել է նա:


ԱՄՆ-ն հետխորհրդային տարածքում ռուսական ազդեցության թուլացման և ՌԴ-ի սահմանների երկայնքով հակառուսական պլացդարմներ ստեղծելու համար գունավոր հեղափոխություններ է իրականացրել և ֆինանսավորել տարբեր ՀԿ-ների՝այդ թվում Սորոսի հիմնադրամի միջոցով Ուկրաինայում և Վրաստանում:


Նուրգալիևի հայտարարությունը խոսում է այն մասին, որ Մոսկվան կոնկրետ հետախուզական տվյալներ ունի, որ ՌԴ-ի ռազմա-քաղաքական դաշնակից ՀԱՊԿ-ի երկրներում նույն Արևմուտքը փորձում է տարբեր հակառուսական ուղղվածություն ունեցող և արևմտյան ֆինանսավորում ունեցող խմբերի միջոցով գունավոր հեղափոխություններ իրականացնել՝ իշխանությունների տապալման և տարբեր հետխորհրդային մայրաքաղաքներում ռուսաֆոբ ուժեր իշխանության բերելու համար:


ԱՄՆ-ի ցանկանում է հսկողություն սահմանել եվրասիական էներգետիկ հզորությունների նկատմամբ, որոնք գալիս են կենտրոնականասիական տարածաշրջանից դեպի Եվրոպա, այսինքն Վաշինգտոնի շահերից է բխում այդ էներգետիկ միջանցքների վրա հսկողություն սահմանելը: ԱՄՆ-ի կողմից գունավոր հեղափոխությունների արտահանում կարող է իրականացվել Կենտրոնական Ասիայի տարածաշրջան, որտեղ առկա են ռուսական ռազմաբազաներ և մի շարք երկրներ թե ՀԱՊԿ-ի, թե ԵԱՏՄ-ի անդամ են:


Տնտեսագետ Միխայիլ Խազինը հայտարարել է, որ այսպես կոչված գունավոր հեղափոխության սցենարները վերջերս տապալվել են Մոլդովայում, Վրաստանում և Չեխիայում:


Մոլդովայում գունավոր հեղափոխության սցենարում մեծ դեր պետք է ունենար այդ երկրում ԱՄՆ-ի դեսպանը: Մոլդովայում թվում էր, թե Վլադիմիր Պլոխոտնյուկի գլխավորությամբ ընդդիմությունը հաղթանակ է տանում, սակայն այդ սցենարը չիրականացավ՝բիզնեսմենը փախչում է Մոլդովայից: Նմանատիպ սցենարներ էին նաև նախատեսվում Վրաստանում և Չեխիայում:


Ինչ վերաբերվում է ՀՀ-ին, ապա Նիկոլ Փաշինյանի կառավարության մեջ և խորհրդարանում առկա են բազմաթիվ արևմտամետ գործիչներ, որոնք նախկինում հանդես են եկել հակառուսական հայտարարություններով և արևմտյան տարբեր գրանտային կազմակերպությունների հետ սերտ կապեր են ունեցել:


Այժմ Փաշինյանի թիվ մեկ խնդիրն է ցուցադրել Մոսկվային, որ Երևանում թավշյա հեղափոխությունը չի ունենալու գեոպոլիտիկ հետևանքներ՝ ՀՀ-ն դեպի Արևմուտք շրջելու առումով, իսկ այսօրվա ՀՀ-ի իշխող էլիտան ռուսաֆոբ չեն և չեն դառնալու Արևմուտքի 5-րդ շարասյունն ընդդեմ ՀՀ-ում ռուսական շահերի և ռազմական ներկայության:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/49353