Պետք է վերանա «աղետի գոտու շահառու» հասկացությունը. գործադիրը 3 միլիարդ դրամ կհատկացնի

Հայաստանում ցանկանում են վերացնել «աղետի գոտու շահառու» հասկացությունը: Այդ գոտու բնակիչներին բնակարանով ապահովելու համար կառավարությունը կհատկացնի 3 միլիարդ դրամ:


«Նախատեսվում են 2021 թվականը դիմավորել առանց «աղետի գոտու շահառու» հասկացության», - մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը՝ ամփոփելով պաշտոնավարման 100 օրը:


Նա խոսքով, կառավարության որոշման համաձայն՝ 2008-2020 թթ․ պետք էր 5396 ընտանիքի տեղավորել բնակարաններում:


«2008-2017 թթ․ ապահովվել է 4839 ընտանիք, և պետական բյուջեից դրա համար ծախսվել է մոտ 65 միլիարդ դրամ: 2018 թվականին բյուջեից հատկացվել է 460 միլիոն դրամ, և ապահովվել է բնակարանով 44 ընտանիք: 2019 թվականի բյուջեով նախատեսված է 560 միլիոն դրամ և 60 ընտանիք»,- նշեց Վերմիշյանը:


Նրա խոսքով՝ վարչապետի հանձնարարականով, որպեսզի մինչև 2020 թվականը մնացած 453 ընտանիքն ապահովվի բնակարանով, պետք է հատկացվի 3 միլիարդ դրամ: «2021 թվականին պետք է վերանա «աղետի գոտու շահառու» հասկացությունը»,- շեշտեց Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահը:


Վերմիշյանի պնդմամբ՝ տնակներում ապրող ոչ բոլոր անձինք կամ ընտանիքներն են շահառուներ, քանի որ նրանց թվում կան նաև անշարժ գույք ունեցողներ: Նրա խոսքով՝ տնակները քաղաքաշինական խնդիր են առաջացնում, զբաղեցնում են հանրային տարածքներ:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/49278