Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են Վրաստանի հարավում թյուրքական միջանցք ստեղծել

ՌԴ-Վրաստան հակասությունների ֆոնին վրացական հասարակության մեջ արհեստականորեն փորձում են մտցնել ռուսական վտանգի՝ էքսպանսիայի մասին կեղծ թեզը, այն պարագայում, երբ ուղղափառ Վրաստանի համար վտանգը գալիս է ոչ թե ուղղափառ ՌԴ-ից, այլ մահմեդական Թուրքիայից, որը փոխում է Վրաստանի՝ Աջարիայի Հանրապետության էթնիկ-կրոնական դեմքը:


Թուրքերն ինտենսիվորեն բնակեցնում են Աջարիան։ Ոչ պաշտոնական տվյալներով, Բաթումում 150.000 բնակիչներից 30 հազարը թուրքեր են։ Նրանք գնել են լավագույն հողերի 70%–ը ու խոշոր ենթակառուցվածքները՝ օդանակավակայան, բջջային կապերից մեկը և այլն։ Թուրքերն ընտանիքներով տեղափոխվում են Աջարիա. գնում տներ և բնակարաններ։ Վերակառուցվում են մզկիթներ։


Էրդողանի նեոօսմանական ծրագրերում Աջարիան ունի յուրահատուկ տեղ, քանի որ այն դեպի Վրաստան, Կովկաս ու ադրբեջանաբնակ Քվեմո-Քարթլի տանող դարպասն է:


Թբիլիսին Անկարայի հետ հարաբերություններում ստիպված հաշվի է առնում նաև թյուրքական գործոնը՝ Քվեմո-Քարթլիի տարածաշրջանը գրեթե ամբողջությամբ ադրբեջանաբնակ է, ինչպես նաև իսլամական գործոնը՝ Աջարիա, Պանկիսիի կիրճ և այլն, Անկարայի հետ հարաբերություններ կառուցելիս։ Թուրք-ադրբեջանական տանդեմը տնտեսական էքսպանսիա են իրականացնում Վրաստանում՝ այն վերածելով Անկարայի ու Բաքվի շահերը սպասարկող լոգիստիկ միջանցքի:


Վրաստանում բնակվում է կես միլիոնի հասնող ադրբեջանական համայնքը, որը Բաքվի կողմից ազդեցության՝ այս անգամ դեմոգրաֆիկ ազդեցության լծակ է:


Ադրբեջանական իշխանությունները ներդրումներ են կատարում ադրբեջանաբնակ շրջաններում՝ մասնավորապես Քվեմո-Քարթլիում, որպեսզի տեղի ադրբեջանցիները չարտագաղթեն, բնակվեն Վրաստանում, հետադարձ կապ պահպանեն Ադրբեջանի հետ՝ կառուցվում են մզկիթներ, որպեսզի այդ բնակչության մեջ պահպանվի թյուրքական, իսլամական գաղափարախոսությունը, որն անհրաժեշտ պահին օգտագործվելու է թե տեղի հայերի դեմ՝Քվեմո-Քարթլիում կան նաև հայաբնակ գյուղեր կան, այնպես էլ ՀՀ-ի դեմ՝ ադրբեջանաբնակ շրջանները սահմանակից են ՀՀ Լոռու ու Տավուշի մարզերին:


Թուրք-ադրբեջանական տանդեմը փորձում է ուժեղացնել թյուրքական գործոնը նաև հայաբնակ Ջավախքում՝օգտագործելով այնտեղից հայերի մեծ արտագաղթի հանգամանքը:Սակայն Ջավախքում թյուրքական գործոնի ուժեղացումը, ներդրումների, դեմոգրաֆիկ էքսպանսիան զուգահեռ պետք է անհանգստացնի Վրաստանին՝ այդ տարածաշրջանի կրոնական–էթնիկ դեմքի փոփոխությունը Վրաստանի հարավային սահմանների երկայնքով՝ Բաթումիից մինչև վրաց–ադրբեջանական սահման թյուրքական–մահմեդական միջանցք է ստեղծելու’դրանից բխող հետևանքներով։


Այդ թյուրքական միջանցքը ձգվելու է ՀՀ–ի հյուսիսային սահմանների երկայնքով և դա նույնպես պետք է մտահոգի Երևանին. դա սպառնալիք է ՀՀ ազգային անվտանգության ու կոմունիկացիաներին, որոնցից հիմնականներն անցնում են ադրբեջանաբնակ Քվեմո–Քարթլիով, իսկ մյուսը՝ Ջավախքով:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/49276