Արցախում ամրապնդվում են ուժայինների դիրքերը

Արցախի նախագահ Բակո Սահակյանը այսօր Արշավիր Ղարամյանին նշանակել է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար:


Ղարամյանն Արցախի հերոս է, պատերազմով անցած գեներալ, որը մեծ ճանաչում ու հարգանք է վայելում Արցախում: Մինչ դա այդ պաշտոնը զբաղեցնում էր Վիտալի Բալասանյանը, ով այս պահին ավելի ակտիվ սկսել է զբաղվել նախագահական ընտրությունների նախապատրաստական աշխատանքներով: 2020թ.-ին Արցախում կայանալու են նախագահական ընտրություններ:


Գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանը 2018թ. հունիսին իր դիմումի համաձայն ազատվել էր Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից։


Բակո Սահակյանը 2020թ.-ին չի մասնակցելու Արցախի նախագահական ընտրություններին, սակայն գիտակցելով արտաքին և ներքին մարտահրավերներն Արցախի շուրջ՝ ամրապնդում է ուժայինների դիրքերը Արցախում:


Ռազմական էլիտան՝ նախկին դաշտային հրամանատարները, ովքեր անցել են մարտական փայլուն ուղի, այս պահին Արցախում սկսում են զբաղեցնել կենտրոնական դիրքեր: ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանն այս պահին զբաղեցնում է Արցախի ոստիկանության պետի պաշտոնը: Ոստիկանությունն Արցախում ունի նաև բանակին աջակցելու և պատրաստված մոբռեզերվի ֆունկցիաներ:


Անկախ 2020թ.-ին նախագահական ընտրությունների ելքից՝ քաղաքական դաշտից հեռացող Բակո Սահակյանը ձևավորում է ուժայինների կուռ թիմ, ովքեր պետք է դիմագրավեն ապագա պատերազմին և այլ մարտահրավերներին:


Վիտալի Բալասանյանի կամ Արայիկ Հարությունյանի հաղթանակի դեպքում թե՛ Ղարամյանը, թե՛ Մնացականյանը հավանաբար կպահպանեն իրենց պաշտոններն ու մեկ թիմով կաշխատեն Արցախի պետականության և անվտանգության ամրապնդման ուղղությամբ:


Հարությունյանը համարվում է տեխնոկրատ, այսինքն ավելի շատ տնտեսական խնդիրների մեջ խորացած գործիչ, իսկ Մնացականյանն ու Ղարամյանը կարող են դառնալ նրա թիմի, այսպես ասած, բազեները կամ ուժային բլոկի անդամները: Նույնը կարելի է ասել Վիտալի Բալասանյանի մասին՝ վերոնշյալ ուժայինները Բալասանյանի հետ երկար ճանապարհ են անցել և՛ պատերազմական տարիներին, և՛ հետպատերազմական խաղաղ շրջանում:


Ինչ վերաբերվում է 2020թ.-ի նախագահական ընտրություններին Սամվել Բաբայանի հաղթանակին, ապա Կոմանդույուշին կարող է 180 աստիճանով փոխել այն թիմը, որն իրենից հետո թողնում է Բակո Սահակյանը: Թե՛ Լևոն Մնացականյանը, թե՛ Արշավիր Ղարամյանը շատ լավ են ճանաչում Բաբայանին, որպես ՊԲ նախկին հրամանատարի և նրա հաղթանակի դեպքում ամեն ինչ կախված է լինելու Բաբայանի ցանկությունից՝ աշխատել այս կադրերի հետ, թե բերել նոր թիմ:


Սակայն հաշվի առնելով Արցախի պատերազմական կարգավիճակն ու հասարակության միասնականության ամրապնդման գաղափարը, ուժայինները կարող են համախմբվել նաև Բաբայանի շուրջ՝ արտաքին պատերազմական վտանգի պայմաններում: Արցախում այդքան էլ շատ չեն այնպիսի կադրեր, որոնք կարող են լրացնել ուժայինների շրջանում առաջացող վակումը, եթե Բաբայանը որոշի փոխել բոլոր կադրերը: Այդ կերպ նա նաև կարող է իր դեմ համախմբել բոլոր այն ուժայիններին, ովքեր կազատվեն աշխատանքից, իսկ Բաբայանը, լինելով փորձառու ռազմա-քաղաքական գործիչ, կարող է գնալ այդ կադրերով իր թիմը համալրելու քաղաքականությանը:


2020թ.-ի ընտրություններին ընդառաջ Արցախում դեռևս լինելու են ներքաղաքական ակտիվ զարգացումներ և ամեն ինչ կախված է լինելու ընտրությունների ելքից և այդ պահին սահմաններում տիրող իրավիճակից:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/49052