Քոչարյանի Փաստաբանական թիմը պատրաստվում է բողոքարկել Վերաքննիչ քրեական դատարանի ակտերը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Փաստաբանական թիմը պատրաստվում է բողոքարկել Վերաքննիչ քրեական դատարանի կողմից այսօր հրապարակված դատական ակտերը։ Այս մասին ասված Սահմանդրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի հայտարարության մեջ:


Բողոքարկման հիմք է հանդիսանում այն փաստը, որ ի սկզբանե խաթարված է եղել արդար դատաքննության սկզբունքը․ փաստաբաններին չի թույլատրվել ելույթ ունենալ և ներկայացնել իրենց առարկությունները։ Դատական ակտերն ստանալուց հետո կքննարկվի նաև բողոքում հավելյալ հիմքեր ներկայացնելու հարցը։


Նշենք, որ դատարանը՝ նախագահությամբ Արմեն Դանիելյանի, այսօր՝ հունիսի 25-ին բավարարել է դատախազի, տուժողի և վերջինիս ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի վերաքննիչ բողոքները։


Դատարանի որոշմամբ վերացվել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված Արցախի նախկին ու ներկա նախագահների անձնական երաշխավորությունը և որոշվել է որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը։


Բացի այդ, դատարանը որոշել է Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու Երևանի քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 20.05.2019 թ․ որոշումը բեկանել և տվյալ դատական գործը ուղարկել նույն դատարան՝ նոր քննության։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/49000