Էժան է եւ խոսում են ռուսերեն. ռուսաստանցի զբոսաշրջիկները գերադասում են Հայաստանը

Հայաստանում Սեւանա լիճը ԱՊՀ երկրներում ամառային հանգստի համար հանրաճանաչ հանգստավայրերի հնգյակում է հայտնվել:


Այս մասին տվյալներ է ներկայացրել «ՏուրՍտատ» վերլուծական գործակալությունը: Վերլուծությունց հետեւում է, որ ԱՊՀ երկրների լավագույն հանգստավայրերի վարկանիշը, որոնք ամառային հանգստի համար հանրաճանաչ են ռուսաստանցի զբոսաշրջիկների շրջանում:


Առանց վիզայի մուտքը, տեղի բնակիչների ռուսերենի իմացությունը եւ հյուրասիրությունը, ոչ թանկարժեք հանգիստը, տեղական համեղ սնունդը եւ մրգերը ԱՊՀ երկրներում ամառային հանգստի հիմնական առավելություններն են:


Ղազախստանում Բուրաբայ հանգստավայրը, Ղրղզստանում Իսիկ-Կուլ լիճը, Բելառուսում Նարոչ լիճը, Բաքվում Կասպից ծովի ափին Ապշերոնի հանգստավայրերը եւ Հայաստանում Սեւանա լիճը կազմում են ԱՊՀ երկրներում ամառային հանգստի համար հանրաճանաչ հանգստավայրերի հնգյակը:


«ՏուրՍտատ»-ի տվյալներով՝ ռուսաստանցի զբոսաշրջիկները ԱՊՀ երկրների հանգստավայրեր ամառային հանգստի են մեկնում 1 կամ 2 շաբաթով, իսկ հանգստի նրանց զբոսաշրջային բյուջեն կազմում է օրական 50-ից մինչեւ 110 դոլար:


Ամենից էժան է Իսիկ-Կուլում հանգստանալը, ամենից թանկ՝ Բաքվի հանգստավայրերում:


Վարկանիշը կազմվել է ռուսաստանցի զբոսաշրջիկների կողմից հաճախելիության եւ հանգստավայրերի ենթակառուցվածքների զարգացած լինելու վերլուծության արդյունքներով:


Նույն գործակալության տվյալների համաձայն, Հայաստանում 2019 թվականին աճել է ռուսաստանցի զբոսաշրջիկների թիվը: ԱՊՀ երկրներում բնակվողներն ավելի հաճախ են այցելում Հայաստան, Վրաստան, Ղազախստան և Ուզբեկստան։


Հայաստանում ռուս զբոսաշրջիկների թիվը 2019 թվականի առաջին եռամսյակում աճել է 19%–ով անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` կազմելով 94 հազար մարդ։


ԱՊՀ երկրների թվում արտագնա զբոսաշրջության աճ է նկատվում դեպի Ղազախստան` 1%–ով կամ մինչև 528 հազար ուղևորություն, դեպի Ուզբեկստան` 44%–ով կամ մինչև 36 հազար ուղևորություն, և դեպի Վրաստան` 28%–ով կամ մինչև 208 հազար ուղևորություն։


Զբոսաշրջային հոսքը կրճատվել է Ադրբեջանի ուղղությամբ` նվազելով 12%–ով կամ մինչև 130 հազար ուղևորություն։


Հայաստանում ռուսաստանցի զբոսաշրջիկների աճի թեմային անդրադարձել էր նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ վերջին հանդիպմանը:


«Ես երբ տեսնում եմ նրանց, անպայման հարցնում եմ, հետաքրքրվում, թե ինչպես են իրենց զգում Հայաստանում։ Ուզում եմ վստահությամբ ասել, որ Հայաստանում ռուսաստանցի զբոսաշրջիկներն իրենց շատ լավ են զգում։ Եվ ակնհայտ է, որ ավելի շատ ռուս զբոսաշրջիկներ են գալու մեր երկիր», – ասել է վարչապետը։


Նա նշել է, որ հիմա Հայաստանում ամենուրեք` մայրաքաղաքում և զբոսաշրջային կենտրոններում, կարելի է լսել ռուսաց լեզուն։ «Դա շատ հաճելի է», – ասել է Փաշինյանը` հավելելով, որ դա ոչ միայն տնտեսական հարց է, այլ նաև մշակութային, մարդասիրական կապերի։


Հայաստանը ռուսաստանցի զբոսաշրջիկների համար ամենահայտնի ուղղություններից է։ Ռուսաստանն առաջին տեղն է զբաղեցնում զբոսաշրջիկների քանակով, որոնք այցելել են Հայաստան։ 2018թ–ին Հայաստան է այցելել ՌԴ 684 հազար քաղաքացի:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/48400