Փաշինյանը թավշյա հեղափոխությունն արտահանում է Արցախ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի ստորագրած հրամանագրով Վիտալի Բալասանյանն ազատվել է Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից:


Գեներալ Բալասանյանի ազատումն իր պաշտոնից ունի մի քանի պատճառներ, սակայն ամենակարևորը՝ՀՀ-ի նոր իշխանությունների ու Բալասանյանի միջև եղած արդեն անթաքույց հակամարտությունն ու անհամաձայնությունն էր:


Բալասանյանը չէր թաքցնում իր բացասական վերաբերմունքը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսպես կոչված վերելակային դիվանագիտությանն Ալիևի հետ:


Բալասանյանը լինելով պատերազմի հերոս ու մարտական ուղի անցած գեներալ հասկանում է, որ Ադրբեջանը պատրաստվում է լայնածավալ պատերազմի և այս վերելակային դիվանագիտությունն Ադրբեջանն օգտագործում է առաջնագիծն ամրապնդելու, ինժեներական նոր կառույցներ ստեղծելու, ինչպես նաև Նախիջևանում իր դիրքերը բարելավելու համար:


ՀՀ նոր իշխանությունները ծանր էին տարել նաև Վիտալի Բալասանյանի մարտի 1-ի հետ կապված հայտարարությունները, որտեղ Բալասանյանը պաշտպանում էր ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Չմոռանանք, որ վերջերս ՀՀ ոստիկանությունը գիշերը կանգնեցրել էր Բալասանյանի մեքենան ու ցանկացել են խուզարկել այն, և դա Փաշինյանի մեսիջն էր Բալասանյանի հայտարարություններին ու թավշյա Երևանին չենթարկվելու քայլերին:


Իհարկե, Բակո Սահակյանի այս որոշումը կարող է մեկնաբանվել այլ լույսի ներքո, թե 2020թ.-ին Արցախում նախագահական ընտրություններ են և այս որոշումը թույլ կտա Վիտալի Բալասանյանին ավելի ակտիվ զբաղվել նախընտրական քարոզչությամբ և չլինելով որևէ պաշտոնի չօգտագործել վարչական ռեսուրսները, սակայն դա գեղեցիկ փաթեթավորումն է այն լուրջ հակասությունների, որոնք առկա էին Արցախի այսօրվա ղեկավարության՝ հատկապես ռազմական էլիտայի ու Նիկոլ Փաշինյանի միջև:


Փաշինյանի աջակիցներն Երևանի Ազատության հրապարակից կոչ էին անում քարերով կոտրել Բակո Սահակյանի գլուխը, իսկ ՀՀ ոստիկանությունն այդ ամենի մեջ ոչ մի քրեական արարք չգտավ. դա Փաշինյանի երկրորդ մեսիջն էր Արցախի ղեկավարությանը՝ Սերժ Սարգսյանին Արցախում ընդունելու, նրան պատվելու համար, ինչպես նաև Բակո Սահակյանի ու Արկադի Ղուկասյանի՝ Ռոբերտ Քոչարյանի համար միջնորդությանը պատասխանելու յուրօրինակ ձև էր:


Երևանի թավշյա իշխանություններին կոշտ արձագանքելու համար իր պաշտոնից ժամանակին զրկվեց նաև ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ով տեղափոխվեց Արցախի ԱԻՆ: Այժմ Բակո Սահակյանի նոր հրամանագրով Մնացականյանը նշանակվել է Արցախի ոստիկանության պետ:


Բակո Սահակյանն այդ կերպ փորձում է պահպանել բալանսը՝ աշխատանքից ազատելով Բալասանյանին նոր պաշտոն է տալիս Լևոն Մնացականյանին, այսպես ասած face saving-ի շրջանակներում: Սակայն չպետք է մոռանալ, որ Բակո Սահակյանը հեռացող նախագահ է և դեռևս պարզ չէ, թե ով է դառնալու Արցախի նախագահ 2020թ.-ին: Այդ առումով Բալասանյանին աշխատանքից ազատելն ու Մնացականյանին նոր պաշտոնին նշանակելը միայն կարճաժամկետ լուծումներ են: Արցախի ապագա նախագահը կարող է նոր պաշտոն առաջարկել թե Բալասանյանին, թե Մնացականյանին հաջորդ տարվա ընտրություններից հետո:


Արցախում ներքաղաքական զարգացումներն ուղիղ կապված են լինելու Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններ սկսելու հետ՝առաջնագծում տիրող իրավիճակն է թելադրելու 2020թ.-ի Արցախի նախագահական ընտրությունների ելքը: Արցախում հասարակությունը շատ սուր է զգում ուժեղ ձեռքի կարիքը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/48288