Սևազգեստ խմբերին բռնել՝ ծաղկավոր բաբչկա կապել. վարչապետը հանձնարարեց

Հայաստանում բռնության և ատելության ցանկացած քարոզ պետք է արժանանա խիստ հակահարվածի և բացարձակ կապ չունի, թե նման կոչեր հնչեցնող անձինք հանդես են գալիս որպես իշխանության համակիր, թե ընդդիմադիր: Այս մասին կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


Նրա խոսքով, թավշյա հեղափոխությունից հետո մի շարք ուժեր, այդ թվում՝ նախկին կոռուպցիոն համակարգի հետ ուղղակի կամ անուղղակի կապ ունեցող, փորձեցին իրենց համար Հայաստանում քաղաքական գործունեության որոշակի դաշտ ստեղծել, ինչը բնական է ժողովրդավարական ցանկացած երկրի համար: Բայց այդ ուժերը շատ արագ հասկացան, որ անդառնալիորեն հայտնվել են քաղաքական լուսանցքում, և վերջին շրջանում տեսնում ենք, թե ինչպես են նրանք իրականացնում բռնության քաղաքական լեգիտիմացման քարոզ:

«Տեղի են ունենում կազմակերպված ակցիաներ, որոնց հիմնական ասելիքն այն է, որ իրենք պատրաստվում են բռնությամբ քաղաքական հարցեր լուծել: Եվ այս ասելիքը, հռետորիկան գնալով ավելի կազմակերպված բնույթ է ստանում: Մենք օպերատիվ տեղեկություններ ունենք, որ այդ շրջանակների որոշ հատվածը նույնիսկ որոշել է այսպես ասած սևազգեստ մարդկանց խմբեր ձևավորել, որոնք քաղաքում կշրջեն և որոշակի տրամադրություն կփորձեն ստեղծել, աչքի ընկնել որոշակի պահվածքով և այլն: Այն երկրում, որտեղ հաղթել է ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը և որտեղ տեղի են ունենում բռնության կոչեր, այս պայմաններում իրավապահ համակարգը չի կարող լինել թավշյա: Այն պետք է շատ կոշտ հակահարված տա բոլոր նման երևույթներին»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:


Նա հպանցիկ քննադատեց ոստիկանությանը, որ, օրինակ, Ազատության հրապարակը ինչ-որ մարդիկ, ինչ-որ ժամերի փորձում են դարձնել երթևեկելի գոտի, ավտոմեքենաներ վարել մայթերով՝ ցույց տալու համար, որ երկրում հաստատված է անիշխանություն, երկրում չկա իրավակարգ կամ երկրում իրավակարգը թույլ է:.


«Նման դեպքերում իրավապահ համակարգը պետք է խնդրին վերաբերվի ոչ միայն որպես երթևեկության խախտում, որովհետև սրանք ուղղակի երթևեկության կանոնների խախտում չեն, սրանք բացահայտ արհամարհանք են հանրության նկատմամբ, օրինականության նկատմամբ, պետական կարգի նկատմամբ, և բոլոր այսպիսի դեպքերով պետք է զբաղվի ոչ միայն ճանապարհային ոստիկանությունը, այլ նաև հասարակական կարգի և անվտանգությամբ զբաղվող ուժերը: Նման պահվածքով զբաղվող ցանկացած անձ պետք է լրջորեն փոշմանի իր կատարած արարքի համար»,- ասաց վարչապետը՝ նշելով, որ այս ամենի մասին առավոտյան զորւցել է ոստիկանապետի հետ:


Իսկ ինչ վերաբերվում է սևազգեստ խմբերին, ապա այդ խմբերին, ըստ Փաշինյանի, «պետք է տեղորոշել, սև շորերի հարցը լուծել, ծաղկավոր բաբչկան կապել, հնարավորինս վառ ծաղիկներով ճանապարհել բնականոն, քաղաքակիրթ, օրինական կյանքի»:


Վարչապետը հանձնարարեց նաև գլխավոր դատախազին զբաղվել այս երևույթներով և այս հարցերին մոտենալ ոչ թե զուտ Քրեական օրենսգրքի մի հոդվածի շրջանակներում, ինչն այնքան էլ արդարացված չէ, այլ նույնիսկ, եթե կա անհրաժեշտություն, նախաձեռնել օրենսդրական փոփոխություններ, քանի որ «բռնության ու ատելության քարոզը պետք է շատ խիստ հակազդեցության արժանանա»:


Դիմելով կոնկրետ ՀՀ ոստիկանության պետին՝ վարչապետը կարծիք հայտնեց, որ ճիշտ կլինի, որ ձևավորել խումբ, որը այս կապակցությամբ քաղաքացիների ահազանգերին սովորականից 10 անգամ ավելի արագ կարձագանքի և արագ միջոցներ կձեռնարկի, իսկ այդ միջոցները կլինեն տեսանելի հանրության համար:


ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն ու ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը նշեցին, որ առաջադրված խնդիրը պարզ է և կկատարվի: 


 


 


 


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/48032