Նիկոսիայում կայացավ Հայաստան-Հունաստան-Կիպրոս ձևաչափով առաջին եռակողմ հանդիպումը

Նիկոսիայում կայացավ Հայաստան-Հունաստան-Կիպրոս ձևաչափով առաջին եռակողմ հանդիպումը՝ երկրների ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի, Յորգոս Կատրուգալոսի և Նիկոս Խրիստոդուլիդեսի մասնակցությամբ:


Արտգործնախարարները համաձայնության եկան Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ գործընկերության հաստատման շուրջ, որի նպատակն ընդլայնված քաղաքական երկխոսության և համագործակցության միջոցով երեք երկրների միջև խաղաղության, կայունության և բարգավաճման խթանումն է։


ԱԳՆ ղեկավարներն ընդգծեցին, որ այս ձևաչափով համագործակցության մեկնարկը վկայում է համատեղ պատրաստակամության մասին՝ խթանելու եռակողմ մակարդակով ակտիվ փոխգործակցությունը և զարգացնելու արդյունավետ շփումները՝ ի շահ մասնակից պետությունների և ժողովուրդների։ Այդ համատեքստում ԱԳ նախարարները վերահաստատեցին իրենց հանձնառությունն ընդլայնելու և խորացնելու փոխգործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ ոլորտներում, ինչպիսիք են տնտեսությունը, առևտուրը, ներդրումները, տեղեկատվական տեխնոլոգիաները և նորարարությունը, զբոսաշրջությունը և մշակույթը:


Մասնակիցներն ուրվագծեցին եռակողմ ձևաչափով ձեռնարկվելիք հետագա քայլերը: Այդ առնչությամբ որոշում կայացվեց երկրի ղեկավարների՝ եռակողմ ձևաչափով առաջին հանդիպումն անցկացնել Հայաստանում 2020թ. հունվարին։


Արտգործնախարարներ Մնացականյանը, Կատրուգալոսը և Քրիստոդուլիդեսը մտքեր փոխանակեցին միջազգային կառույցների շրջանակներում և բազմակողմ հարթակներում արդյունավետ փոխգործակցության առավել ընդլայնման և ամրապնդման շուրջ:


Երեք երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձ կատարեցին տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հրատապ հարցերի։ Այս համատեքստում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն իր գործընկերներին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները, հիմնախնդրի հանգուցալուծման առնչությամբ Հայաստանի մոտեցումները և սկզբունքային դիրքորոշումը:


Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների համատեքստում Կիպրոսի և Հունաստանի ԱԳ նախարարներն իրենց աջակցությունը հայտնեցին դրանց ամրապնդմանն ինչպես Արևելյան գործընկերության, այնպես էլ՝ Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործըկերության համաձայնագրի շրջանակներում:


Հանդիպման ավարտին Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարներն ընդունեցին համատեղ հայտարարություն: ԱԳ նախարարները հանդիպման արդյունքներով հանդես եկան ԶԼՄ ներկայացուցիչների համար հայտարարություններով:


Նույն օրը Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանը, Յորգոս Կատրուգալոսը և Նիկոս Խրիստոդուլիդեսը հանդիպում ունեցան Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսի հետ։


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/47996