Անհասկանալի է, թե ինչու է անդրադառնում այս թեմային և ինչ նպատակով. Մակունցը՝ Մարուքյանին

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն իր ֆեյսբուքյան էջում պատասխանել է ԼՀԿ խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանի գրառմանը՝ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի կողմից տարիներ առաջ ակցիայի ընթացքում Ռուսաստանի Դաշնության դրոշը տրորելու վերաբերյալ: Մակունցը նշել է, որ իր համար անհասկանալի է, թե ինչու է պարոն Մարուքյանն անդրադառնում այս թեմային և ինչ նպատակով:


«1. Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն այսօր ավելի ուշ մանրամասներ կներկայացնի ակցիայում տեղի ունեցածի վերաբերյալ և այն մասին՝ արդյոք այրվել է դրոշ, թե՝ ոչ, կամ տրորվել է դրոշ, թե՝ ոչ:


2. Հանրությանը տեղեկացնում եմ, որ պարոն Մարուքյանի կողմից մատնանշվող ակցիան առնչվում է տարիներ առաջ Պերմյակովի կողմից սպանված Ավետիսյանների ընտանիքին և դրան հաջորդող տարատեսակ ակցիաներին, որոնք անցկացվել են թե՛ Գյումրիում, թե՛ Երևանում:


3. Հիշեցնում եմ, որ այդ ողբերգական սպանությանը հաջորդող տարբեր բնույթի ակցիաներին հաղորդակից և մասնակից է եղել ոչ միայն պարոն Գևորգյանը, այլ գրեթե ողջ հայությունը: Եվ այն հոգեվիճակը, որն ունեինք բոլորս, մեզանից յուրաքանչյուրին որևէ կերպ մասնակից է դարձրել առանձին ակցիաների, այդ թվում՝ մոմավառության:


4. Ինձ համար անհասկանալի է, թե ինչու է պարոն Մարուքյանն անդրադառնում այս թեմային, հիմա և ինչ նպատակ է հետապնդում: Եթե նպատակը հայ-ռուսական հարաբերություններում անվստահության սերմանումն է, ապա պիտի հիասթափեցնեմ պարոն Մարուքյանին այդ առումով զուր ջանքեր գործադրելու համար»,-ասվում է գրառման մեջ:


Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն, անդրադառնալով Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի կողմից ժամանակին Ռուսաստանի դրոշը այրելու մասին տեղեկություններին, տարակուսանք է հայտնել թե ինչպես կարող է այդպիսի մարդը բարձրաստիճան պաշտոն ստանալ ՀՀ-ում:


Ավելի վաղ լուրեր շրջանառվեցին, որ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը ժամանակին Հայաստանում ՌԴ դեսպանատան մոտ բողոքի ակցիաների է մասնակցել: Նա և ևս մեկ մասնակից 4 տարի առաջ դեսպանատան առաջ փորձել են այրել ՌԴ պետական դրոշը, իսկ երբ ոստիկանները փորձել են կանխել դա, Գևորգյանը ՌԴ դրոշը նետել է գետնին և տրորել։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/46704