ՀՀ-ն կստորագրի «ԵԱՏՄ ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» համաձայնագիրը

ՀՀ կառավարությունն այսօր հավանություն տվեց «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:


Ինչպես ներկայացվեց կառավարության այսօրվա նիստում, համաձայնագրի կնքման հիմնական նպատակը հանդիսանում է ԵԱՏՄ մի անդամ պետության տարածքից մեկ այլ անդամ պետության տարածք տեղափոխվող ապրանքների շրջանառության օրինականության ապահովումը՝ ապրանքների հետագծելիության մեխանիզմի կիրառման միջոցով, ինչպես նաև մաքսային և հարկային վճարների վճարումից խուսափելու տարբեր սխեմաների օգտագործումը բացառող պայմանների ստեղծումը՝ միաժամանակ ապահովելով ապրանքների շրջանառության հետ կապված գործառնությունների նկատմամբ հսկողությունը:


Հետագծելիության մեխանիզմի գործունեության շրջանակներում անդամ պետություններն ապահովում են տեղեկատվական փոխգործակցությունը՝ էլեկտրոնային տեսքով այն տեղեկությունները փոխանակելու միջոցով, որոնք պարունակվում են հետագծելիության ազգային համակարգերում:


Հետագծելիության ազգային համակարգերի միջև տեղեկատվության փոխանակումն իրականացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից հաստատվող տեխնոլոգիական փաստաթղթերին համապատասխան, որոնցով կանոնակարգվում է տեղեկատվական փոխգործակցությունը՝ արտաքին և փոխադարձ առևտրի ինտեգրացված տեղեկատվական համակարգի միջոցներով ընդհանուր գործընթացներ իրականացնելիս:


Նշվում է, որ համաձայնագրով նախատեսվում է, որ հետագծելիությունն իրականացվելու է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից հաստատվելիք ցանկում ներառված ապրանքների նկատմամբ:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/46610