Թրամփը չի բացառել Իրանի հետ ռազմական հակամարտությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի ղեկավարությանը կոչ է արել նստել բանակցությունների սեղանի շուրջ եւ իր հետ քննարկել Թեհրանի միջուկային ծրագրից հրաժարվելու հարցը։ Ընդ որում, նա չի բացառել ռազմական հակամարտությունը՝ հաշվի առնելով երկու երկրների միջեւ լարվածության սրումը՝ հայտնում է Reuters-ը։


Թրամփը հրաժարվել է հայտնել, թե ինչն է մղել իրեն «Աբրահամ Լինքոլն» ավիակիրների խումբն ուղարկել Մերձավոր Արեւելք։ «Նրանք մեծ սպառնալիք էին ներկայացնում, եւ մենք պետք է ապահովենք անվտանգությունը»,- ասել է նա։


Այն հարցին, թե կա արդյոք ռազմական հակամարտության վտանգ այդ տարածաշրջանում, Թրամփը պատասխանել է․ «Ես չեմ ուզում ասել ոչ, սակայն, հուսով եմ, դա տեղի չի ունենա։ Մենք ունենք աշխարհում ամենահզոր նավերից մեկը, եւ մենք չենք ուզում որեւէ բան ձեռնարկել»։

Թրամփը կրկին իրանցի առաջնորդների հետ հանդիպելու պատրաստակամություն է հայտնել։

«Այն, ինչ պետք է նրանք անեն՝ զանգել ինձ եւ նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Մենք կարող ենք գործարք կնքել, արդար գործարք։ Մենք ուղղակի չենք ուզում, որ նրանք միջուկային զենք ունենան։ Նրանք պետք է զանգեն։ Եթե նրանք դա անեն, մենք բաց ենք զրույցի համար»,- ասել է ԱՄՆ նախագահը։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/46577