Վարչապետն Արցախում մասնակցել է եռատոնին նվիրված միջոցառումներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին այցելել է Արցախի Հանրապետություն, որտեղ մասնակցել է եռատոնին` Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման օրվան նվիրված միջոցառումներին:


Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Հայաստանի և Արցախի բարձրաստիճան պաշտոնյաներն առավոտյան Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից քաղաքացիների հետ միասին երթով շարժվել են դեպի Ստեփանակերտի հուշահամալիր, որտեղ ծաղիկներ ու ծաղկեպսակներ են դրել Հայրենական մեծ պատերազմում և Շուշիի ազատագրման ժամանակ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանին:


ՀՀ վարչապետն այնուհետև այցելել է հուշահամալիրի հարևանությամբ գտնվող Արցախյան գոյամարտում զոհված ազատամարտիկների եղբայրական գերեզմանատուն, ծաղիկներ դրել նրանց շիրիմներին` հարգանքի տուրք մատուցելով ազատամարտիկների հիշատակին:


Այնուհետև երկու հայկական հանրապետությունների բարձրաստիճան պաշտոնյաները ծաղիկներ են դրել Շուշիի Տանկ-հուշարձանին, սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին՝ հարգելով նրա հիշատակը:


Շուշիում կազմակերպված տոնական ընդունելության ժամանակ վարչապետ Փաշինյանը զրուցել է ներկաների հետ և շնորհավորել նրանց տոնական օրվա առթիվ:


Այնուհետև Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ուղեկցությամբ այցելել են Ստեփանակերտի նորակառույց Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցի, կատարել մոմավառություն:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/46561