Ռուսաստանը փակեց Հարավային Օսիայի և Աբխազիայի խնդիրների ռազմական լուծման ճանապարհը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հարավային Օսիայի նախագահ Լեոնիդ Տիբիլովը Մոսկվայում ստորագրել են դաշնակցային հարաբերությունների և ինտեգրացիայի մասին պայմանագիրը, ինչը նոր իրավիճակ է ստեղծում Հարավային Կովկասում:

Մոսկվայի և Ցխինվալիի միջև նոր պայմանագրով երկու երկրների միջև ստեղծվում է միասնական անվտանգային և պաշտպանական տարածք, սահմանի հատումը կատարվելու է ավելի դյուրացված տարբերակով, մաքսային ծառայությունները միավորվում են, օսերը կկարողանան ավելի հեշտացված կարգով ստանալ ՌԴ-ի քաղաքացիություն, ինչպես նաև սոցիալական մակարդակը Կովկասի լեռնաշղթայից այս կողմ գտնվող Հարավային Օսիայում պետ է հավասարվի Հյուսիսային Կովկասի Դաշնային շրջանի մակարդակին:

ՌԴ-ը պարտավորվում է նաև մոտակա երկու տարիների ընթացքում 9 միլիարդ ռուբլու ներդրում իրականացնել Հարավային Օսիայում: Այս պահին Հարավային Օսիայի սահմանների անվտանգությունը ապահովում են ռուսական զորքերը, որոնք տեղակայվել են Հարավային Օսիայում: Ռուսական ռազմակայանները տեղակայված են Ցխինվալ քաղաքում և Ջավա ավանում: Ռուսական զորքերի թիվը այդ ռազմակայաններում հասնում է 4.000-ի:

Ռազմակայանները զինված են «Տոչկա-Ու» և «Սմերչ» համակարգերով: Ցխինվալի և Ջավայի ռազմակայանները ենթարկվում են Ռուսաստանի Հարավային ռազմական շրջանի հրամանատարությանը: Ռուսաստանը ապահովում է Հարավային Օսիայի գազամատակարումը «Ձուարիկաու-Ցխինվալ» գազամուղի միջոցով, որը բացվել է 2009թ.-ին: Հարավային Օսիան Հյուսիսային Օսիայի, Ռուսաստանի հետ կապված է Ռոքիի թունելով, որի վերանորոգման աշխատանքները սկսվել էին դեռևս 2012թ.-ին և ավարտվել են այս տարի: 2112 մետր բարձրության վրա գտնվող թունելը անցնում է Կովկասյան Գլխավոր լեռնաշղթայով, իսկ թունելի ընդհանուր երկարությունը կազմում է 3730 մետր:

Ռազմա-քաղաքական և տնտեսական ինտեգրացիայի նոր որակի հարաբերություններ հաստատող այս փաստաթուղթը, ինչպես և սպասվում էր, դժգոհության ալիք է բարձրացրել և քննադատության ենթարկվել Արևմուտքի և Թբիլիսիի կողմից: Պետքարտուղարությունը հայտարարել է, որ չի ճանաչում այդ նոր պայմանագիրը և պաշտպանում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը: Ամերիկացիների հետ այդ գնահատականում համակարծիք է նաև Բրյուսելը: ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին քննադատել է կնքված պայմանագիրը և նշել, որ այն չի նպաստում Անդրկովկասում անվտանգության մակարդակի բարձրացմանը:

Իր հերթին, Արևմուտքի ռազմական գլխավոր կառույցի՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կոչ է արել ՌԴ-ին զորքերը դուրս բերել Աբխազիայից և Հարավային Օսիայից՝ հավելելով, որ ճանաչում է Հարավային Օսիան և Աբխազիան որպես Վրաստանի անբաժանելի մաս: Ինչ վերաբերվում է այդ պայմանագրից ամենաշատը անհանգստացող Վրաստանին, ապա այդ երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվին նշել է, որ <<Վրաստանի իշխանությունների՝ իրավիճակը շտկելու ջանքերի ֆոնին ՌԴ-ը պատասխանում է դեստրուկտիվ քայլերով>>:

ՌԴ-ի՝ Հարավային Օսիայի, իսկ մինչ այդ Աբխազիայի հետ նույնատիպ պայմանագրի ստորագրումը նպատակ ունի ամրապնդել Մոսկվայի ռազմաքաղաքական ներկայությունը և ապահովագրել այդ երկրի անվտանգային հարավային ուղղությունը հնարավոր լարվածություններից, ինչը ակնկալվում՝ մի քանի ամսից Վրաստանում՝ ռուսական նախկին Վազիանի ռազմակայանի տարածքում բացվելու է ՆԱՏՕ-ի ուսումնամարզական կենտրոնը: Բացի այդ, շուտով Վրաստանի տարածքում տեղի են ունենալու վրաց-ամերիկյան զորավարժություններ, ինչը չի կարող վրիպել ՌԴ-ի ուշադրությունից: Հարավային ռազմական շրջանի՝ անհանգիստ Հյուսիսային Կովկասի սահմանների մոտ տեղի է ունենում արևմտյան բլոկի՝ ԱՄՆ-ՆԱՏՕ ռազմական ներկայության ավելացում:

Վրաստանը ընտրել է եվրաատլանտյան կառույցներին անդամագրվելու քաղաքականություն, մասնակցում է թուրք-ադրբեջանական տանդեմի իրականացվող (արևմտյան ակտիվ լոբբինգով) էներգետիկ-տրանսպորտային նախագծերին, ինչը ՌԴ-ի սահմանների երկայնքով ստեղծում է բուֆերային երկրների շղթա և Մոսկվայի վերահսկողությունից դուրս նոր միջանցքներ՝ Կասպից և Սև ծովի ավազանների միջև:

Իրավական տեսանկյունից ՌԴ-ը չի միացնում այդ երկրները իր տարածքին: Դեռևս 2008թ.-ին Մոսկվան ճանաչել է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը, բացել դիվանագիտական ներկայացուցչություններ: Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ, որպես միջազգային նոր սուբյեկտների՝ Մոսկվան դրանք ճանաչում է որպես անկախ պետություններ, ստորագրվել են համաձայնագրեր՝ ռուսական զորքերի տեղակայման հետ կապված: Չմոռանանք, որ Աբխազիայի և Հարավային Օսիայի բնակչության մեծամասնությունը ՌԴ քաղաքացի է, իսկ ՌԴ-ի Ռազմական դոկտրինի համաձայն Մոսկվան իրավունք ունի պաշտպանել իր քաղաքացիների ֆիզիկական անվտանգությունը, այդ թվում ԶՈւ-ի միջոցով:

Այսպիսով, Հարավային Օսիայի, իսկ մինչ այդ Աբխազիայի հետ ՌԴ-ի ստորագրած նոր պայմանագրերով Աբխազիայի և Հարավային Օսիայի ռազմական ճանապարհով Վրաստանի կազմ վերադարձնելու հարցը մեկընդմիշտ փակվեց, քանի որ Սուխումի և Ցխինվալի վրա հարձակումը կդիտվի որպես հարձակում ՌԴ-ի վրա, իսկ աբխազա-վրացական և հարավ-օսական-վրացական սահմանները հսկում են ռուսական Անվտանգության դաշնային ծառայության զորքերը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/465