Մամուլ. Սերժ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը կհանդիպե՞ն

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. «Բոլորն այս օրերին շտապում են Արցախ։ Մայիսի 7-ին Արցախում սկսվում է ՀՅԴ կազմակերպած խորհրդաժողովը, որին մեծ թվով մարդիկ են հրավիրված։ ՀՀԿ մեր աղբյուրների փոխանցմամբ` Սերժ Սարգսյանը եւս մայիսի 8-ին մեկնելու է Ղարաբաղ` մասնակցելու եռատոնին, Շուշիի գրավման տոնակատարություններին։ Վարչապետի խոսնակից տեղեկացանք, որ մայիսի 9-ին Նիկոլ Փաշինյանն էլ է մեկնելու Արցախ՝ մայիսյան տոնին մասնակցելու, իսկ մայիսի 8-ին նա ասուլիս է տալու, իր իսկ հայտարարությամբ՝ ամենաերկար ասուլիսը։ Վլադիմիր Կարապետյանին հարցրինք՝ ինչքա՞ն է տեւելու ասուլիսը՝ 6 ժա՞մ, ինչպես Վլադիմիր Պուտինի ասուլիսը։ «Պարոն վարչապետը հակված է պատասխանել բոլոր հարցերին»: Ի դեպ` հիշենք, որ մայիսի 8-ը նաեւ Երկրապահի օրն է, եւ Սասուն Միքայելյանն այդ օրն առաջին անգամ հանդես է գալու որպես ԵԿՄ նախագահ։ Արդյոք տոնական միջոցառումների շրջանակում կհանդիպե՞ն Ղարաբաղում գտնվող Սերժ Սարգսյանը եւ Նիկոլ Փաշինյանը, մնալո՞ւ է այդքան Սերժ Սարգսյանը Ղարաբաղում, ՀՀԿ-ից հպարտորեն հայտարարեցին․ «Իր ազատագրած հողն է, ինչքան ուզենա, կմնա»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանը մի կողմից չի խրախուսում այս փուլում կուսակիցների հրապարակային ակտիվությունը, եւ որոշ տեղեկություններով՝ հենց դրանով է պայմանավորված նաեւ Վիգեն Սարգսյանի՝ Հայաստանից մեկ տարով բացակայությունը, որի մասին նա պարզաբանեց, թե մեկնում է ուսման։ Մյուս կողմից՝ նրա թիմը «ստուգողական» թեստեր է շրջանառության մեջ դնում։ Արդեն մի քանի օր է՝ Սերժ Սարգսյանի ոչ պաշտոնական էջից Ֆեյսբուքում հարցում է տեղադրվել՝ «Ցանկանո՞ւմ եք Սերժ Սարգսյանի վերադարձը, թե՞ ոչ» հարցադրումով»:


«Իրատես» թերթը գրում է. «Որքան Նիկոլ Փաշինյանի վարկանիշն ընկնում է, այնքան ակտիվանում են քաղաքական դաշտի մյուս խաղացողները։ Նախկին իշխանություններն իրենց արբանյակներով ու բեւեռներով կուլիսային քննարկումների եւ խմորումների աշխույժ փուլում են։ Սակայն իշխանությունում եղած որոշ ուժեր էլ ժամանակ չեն կորցնում, եւ նրանց մեջ ինքնատիպ ու նուրբ քայլերով առաջ է շարժվում երկրի նախագահը՝ Արմեն Սարգսյանը։ Վերջինս բավական թիրախավորված, սակայն առաջին հայացքից «անմեղ» քայլերով հակադրվում է Նիկոլ Փաշինյանին։ ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանի մորը վարչապետն ազատեց աշխատանքից, նախագահը մի քանի օր անց իր մոտ աշխատանքի ընդունեց նրան, «Քաղաքացու օրը» Փաշինյանը քաղաքի սրտում խորոված էր անում, Արմեն Սարգսյանն իր աշխատակազմում աշխատանքի ընդունեց վիրավորված զինծառայողի։ Կարելի է այս հետաքրքիր զուգահեռները շարունակել, դրանք կան ու հաստատ շատ են լինելու (միջազգային լուրջ կապեր ունեցող Արմեն Սագսյանին հեշտ չի լինելու խաղից դուրս թողնել)։ Հասկանալով, որ իրավիճակը երկրում գնալով բարդանում է, եւ հնարավոր է Փաշինյանը չկարողանա պահել իշխանությունը, Արմեն Սարգսյանը, մեր տեղեկություններով, պատրաստվում է հնարավոր ֆորսմաժորային իրավիճակի պարագայում իր ձեռքը վերցնելու իշխանության ղեկը, վերահսկելու քաղաքական դաշտն ու խորհրդարանական մեծամասնությանը։ Այս առումով ուշագրավ թեզ է քննարկվում։ Այն է՝ խորհրդարանական մեծամասնությունում կան բազմաթիվ թեւեր եւ, միակ «մերանից»՝ Փաշինյանից զրկվելու դեպքում, նրանք ինքնապաշտպանական բնազդով ձգտելու են մեկի թեւի տակ մտնել, իսկ այս պարագայում լավագույն տարբերակը Արմեն Սարգսյանն է, որը հանրության համար ընդունելի կերպար է՝ ի տարբերություն նախկին իշխանությունների հետ համագործակցած, տարբեր քաղաքական խաղերի մեջ եղած անձանց»:


«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե «խորհրդարանական ընտրություններում չնչին տոկոսներ վաստակած, չճանաչված «Քաղաքացիական որոշում» կուսակցությունը (որին, ի դեպ, երբ Նիկոլ Փաշինյանը դեբատների ժամանակ իր միակ հարցը տվեց, քաղաքագիտական նոնսենս էր` կայացած կուսակցությունների ներկայության պարագայում, արվեց հատուկ նպատակով) փորձում է ԲՀԿ-ն անկյուն քշել` քրեական գործեր «հարուցելով» Գագիկ Ծառուկյանի դեմ։ Ծառուկյանին մանդատից զրկելը, սակայն, ՔՈ-ի միակ իդեա-ֆիքսը չի լինելու. ասում են՝ նրանք էլի «արյուն են թողնելու» ԲՀԿ-ից։ Աբսուրդն այս ամենում այն է, որ «ՔՈ»-ի ակունքներում կանգնած է եղել (ըստ մամուլի) ոչ անհայտ ԲՀԿ ֆրակցիայի երբեմնի կարկառուն ներկայացուցիչ, Ծառուկյանով խորհրդարան մտած ՄԱԿ-իստ Գուրգեն Արսենյանը։ Ընդ որում, նրա ձեռքերով, ի շարս այլ խնդիրների. փորձ է արվում` ռուսական դաշտի ֆավորիտներից մեկին՝ Ծառուկյանին, խաղից հանել բոլոր առումներով»,- պնդում է «Իմ քայլի» աղբյուրը»:


«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն առաջարկում է լրացում կատարել «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում, ապրիլի 16-ը նշել որպես Հայ կինոյի օր: Այդ հարցով հրավիրված հանձնաժողովի նիստում մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանը հայտարարեց, որ կառավարությունը դեմ է նման փոփոխությանը, քանի որ այդ դեպքում դերասաններն էլ իրենց համար տոն կուզեն, երաժիշտները՝ իրենց և այդպես շարունակ: Զոհրաբյանն էլ որպես հիմնավորում ասաց, թե կինոն դա հայտնագործություն է: Ղարիբյանը մնաց անդրդվելի՝ հայտարարելով, որ այդ դեպքում կա Գիտության օր»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վաղը տեղի է ունենալու Երևանի ավագանու արտահերթ նիստ, որի ժամանակ քննարկվելու է աղմկահարույց նախագիծը՝ քաղաքապետարանի պաշտոնյաների, մասնավորապես` քաղաքապետի, նրա տեղակալների, վարչական շրջանների ղեկավարների և նրանց տեղակալների աշխատավարձերը բարձրացնելու վերաբերյալ: Միևնույն ժամանակ օպտիմալացումներ են լինելու մի քանի թաղապետարանների աշխատակազմերում, այդ թվում` Արաբկիր և Ավան վարչական շրջաններում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` սա առաջացրել է աշխատակիցների դժգոհությունը հատկապես Արաբկիրում: Ավելին` հիմա թաղապետ Արամ Դանիելյանի դեմ ստորագրահավաք է նախապատրաստվում, քանի որ թաղապետը ցանկանում է ազատվել մի շարք կադրերից, հիմնականում՝ բաժնի պետերից: Թաղապետարանի աշխատակիցները ներքին որոշում են կայացրել՝ եթե որևէ մեկին ազատեն աշխատանքից, անկախ ազատման հիմքերից, իրենք գործադուլ կանեն: Ասել է թե` Արաբկիրի թաղապետի որոշումների հետևանքով բունտ է հասունանում»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Նախկին օլիգարխ, իսկ արդեն մեկ տարի խոշոր սեփականատեր Սամվել Ալեքսանյանը այնքան է սերտաճել նոր իշխանություններին, որ բացի իր հարցերը լուծելուց, զբաղված է իշխանությունների եւ քրեական աշխարհի ներկայացուցիչների հարաբերությունների կարգավորմամբ: Հայտնի Բոգոն, որի դեմ մի քանի քրեական գործեր կային հարուցված, այդ թվում՝ Երեւանի կենտրոնական ավտոկայանում նրա կողմից իրականացվող բեսպրեդելի հետ կապված, ոչ մի պատասխանատվության չենթարկվեց Ալեքսանյանի միջնորդության շնորհիվ։ «Օրենքով գողերն» ու «ավտարիտետներն» էլ դիմում են իրենց ընթացիկ հարցերի համար։ Վերջերս էլ Լֆիկը դարձավ Պզոյի աղջկա հարսանիքի քավորը՝ դրանով ավելի ընդգծելով քրեական աշխարհի համար ունեցած իր դերակատարումը»։


«Ժամանակ» թերթը գրում է. «Վերջերս լրագրողները ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանին տեսել էին բավական թանկարժեք Mercedes-AMG GT C Roadster մեքենայի ղեկին: Սարգսյանն արդարացել էր, թե մեքենան պատկանում է ռուսաստանաբնակ ընկերոջը: Պատգամավոր Սարգսյանի եւ վարչապետի օգնական նրա եղբոր տանիքն են շինանյութի Սերգեյն ու Նորատուսցի Ալիկը: Իսկ մեքենան այդ տանիքության հետեւանքներից է: Հիշեցնենք, որ սեփական ունեցվածքը ուրիշներին վերագրելը Հայկ Սարգսյանի հայտնագործությունը չէ»:


«Փաստ» թերթը գրում է. «Վերջին շրջանում նկատելի է դարձել, որ վարչապետը իր բացահայտ դժգոհությունն է հայտնում ԱՄՆ-ի կողմից տարվող քաղաքականության նկատմամբ. Նիկոլ Փաշինյանն առիթը բաց չի թողնում բաց տեքստով իր տեսակետն արտահայտելու համար, անգամ վերջին օրերին նա նմանատիպ մի դիրքորոշում է հայտնել ռուսական լրատվականներից մեկին տված հարցազրույցի ժամանակ: Ամերիկյան կողմին հատկապես նյարդայնացրել է այն փաստը, որ հայ-ամերիկյան հարաբերությունների մասին Փաշինյանը մեկնաբանություններ է անում ռուսական լրատվականներով: Ի դեպ, նա ամերիկացիներին ուղղված իր բողոքը նաեւ բարձրաձայնեց ԱԺ ամբիոնից: «Փաստ» թերթի տեղեկություններով, ամերիկացիներն, ի պատասխան Փաշինյանի բողոքների, պատրաստվում են հակադարձել նրան՝ կատարելով մի յուրատեսակ «ձիու քայլ». նրանք Փաշինյանին մոտ ապագայում առաջարկելու են միջպետական, միջկառավարական համագործակցության նոր ռազմավարական ձեւաչափ: Ամերիկացիների հաշվարկը մոտավորապես հետեւյալն է. համաձայնեց՝ շատ լավ, կլինի փոխադարձ համագործակցություն, եթե հրաժարվեց, ուրեմն առկա է ռուսական գործոնը: Ըստ որոշ տեսակետների, ամենայն հավանականությամբ, Փաշինյանը կփորձի խուսափել նման ակնհայտ համագործակցությունից: Իսկ թե ինչպիսի դիվանագիտական լուծումներ կգտնի, որպեսզի չնեղացնի ո՛չ ամերիկացիներին, ո՛չ ռուսներին, դժվար է պատկերացնել»:


«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով՝ առաջիկայում կառավարությունում, ըստ ամենայնի, կլինեն որոշակի կադրային փոփոխություններ: Բանն այն է, որ մասնավորաբար մարզպետների գլխին գնալով մութ ամպեր են կուտակվում: Ըստ կառավարության աղբյուրի փոխանցման, կառավարությունը հիասթափվել է իր նշանակած որոշ կադրերից, քանի որ ԶԼՄ-ների մոնիթորինգի տվյալներով, ամենաթույլ օղակը առաջին հերթին մարզպետներն են, ավելի ստույգ՝ նրանց մեծ մասը, որոնք էլ տալիս են ամենաշատ «լյապերն» ու «կիքսերը»: Այն հանգամանքը, որ Արարատի մարզպետը դարձել է ամենաշատ քննարկվող կերպարը, հայտնի է բոլորին, Արարատի մարզպետից հետ չի մնում Կոտայքի մարզպետը, ով փորձում է մարզային օրակարգ բերել ինչ-որ արհեստական թեզեր, քաղաքական շահարկումներ: Բավականին ռիսկային գործունեություն են ծավալում նաեւ Արագածոտնի եւ Վայոց ձորի մարզպետները: Այս հանգամանքն ինքնին չի կարող չմտահոգել Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմին, ուստի, ըստ տեղեկությունների, չի բացառվում՝ առաջիկայում այս դաշտում փոփոխություններ լինեն»:


«168 ժամ» թերթը գրում է. «Երեւանում կայացած ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է միությունում էներգառեսուրսների ոչ խտրական գնագոյացման անհրաժեշտության մասին: Գազի գնի հետ կապված հարցեր ունի ոչ միայն Հայաստանը, այլեւ Բելառուսը, մասնավորապես՝ ռուսական գազը Բելառուսը ձեռք է բերում 1000 խմ-ն 130 դոլարով, մինչդեռ Բելառուսին սահմանակից ռուսական Սմոլենսկի նահանգում 70 դոլար է: Հայաստանը սահմանին վճարում է 165 դոլար: 2013թ. հայ-ռուսական գազային համաձայնագրով՝ Հայաստանին վաճառվող գազի գինը կցված է Օրենբուրգի մարզում գազի գնին: Սակայն մեր բնակարաններում մենք վճարում ենք մոտ 2 անգամ ավելի բարձր՝ 285 դոլար: ԵԱՏՄ նիստից առաջ ռուսական կողմը նաեւ հայտարարել էր, որ Ռուսաստանը եւ Հայաստանը մտադիր են համաձայնեցնել մինչեւ 2030 թ. Հայաստանի գազամատակարարման եւ գազիֆիկացման ընդհանուր ծրագրի նախագիծը: «Մեր երկրները լուրջ ուշադրություն են դարձնում համագործակցությանը գազի ոլորտում: Այսօր աշխատում ենք՝ ինչպես ընթացիկ, այնպես էլ՝ ապագա նախագծերի շուրջ, օրինակ՝ պայմանավորվածություն կա համաձայնեցնել մինչեւ 2030 թվականը Հայաստանին գազի մատակարարման եւ գազիֆիկացման ընդհանուր սխեման»,- ասել էր ՌԴ կառավարության աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Պրիխոդկոն՝ ընգծելով, թե ՀՀ-ին մատակարարումները կատարվում են արտոնյալ պայմաններով:


Սպասվում է, որ մինչեւ հուլիսի 1-ը կողմերը պետք է պայմանավորվեն թե՛ նոր գնի, թե՛ մինչեւ 2030 թ. գազի մատակարարման ընդհանուր սխեմայի շուրջ: 168.am-ը ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գեւորգյանից հետաքրքրվեց՝ ԵԱՏՄ նիստի շրջանակներում գազի խնդիրը քննարկվե՞լ է, ի՞նչ արդյունք կա: «ԵԱՏՄ-ում, որպես մեկ միասնական միավոր, որտեղ գործում են միեւնույն մաքսային պատնեշները, չեն կարող լինել էներգակիրների տարբեր գներ: Դա աբսուրդ է, որովհետեւ, օրինակ, Կրասնոդարում ջերմոցի համար գազն արժե 40 դոլար, Հայաստանում՝ 103 դոլար՝ կրկնակիից ավելի թանկ, եւ ավտոմատ հայաստանյան վարունգն ավելի թանկ է ստացվում, քան Կրասնոդարում աճեցվածը, բայց այդ վարունգի շրջանառությունը Մաքսային միության մեջ է: Այսինքն՝ ի սկզբանե դրված է, որ մեր վարունգը ոչ մրցունակ է լինելու Կրասնոդարի վարունգի հանդեպ: Այսինքն՝ չի կարող լինել մաքսային միասնական տարածք ու լինել էներգակիրների տարբեր գներ: Դա է ամբողջ խնդիրը: Նշվում է, որ մինչեւ հինգ տարում այս միասնական գինը սահմանվելու է: Մինչ դա ՀՀ-ն ունի որոշ ապրանքների նկատմամբ մաքսային արտոնություններ, մաքսատուրքն ավելի ցածր է: Այդ հավասարակշռությունը պետք է միշտ պահպանվի: ՀՀ եւ ՌԴ միջեւ գազային մատակարարման մանրամասներին չեմ տիրապետում, բայց կարծում եմ՝ դա լինելու է նշածս գաղափարախոսության շրջանակներում, որ միասնական գազային, էներգետիկ շուկա լինի»,- պատասխանեց Հ.Գեւորգյանը: Հարցին, այդ շուկայի ձեւավորման դեպքում ՀՀ-ում գազի գինը կնվազի՞, պատգամավորը պատասխանեց, որ կա 2 մոտեցում. «Եթե ԵԱՏՄ-ն ուզում է մրցունակ լինել երրորդ երկրների նկատմամբ, ապա Հայաստանում գազի գինը նույնպես պետք է իջնի Ռուսաստանի չափ, եթե գնում է գազի շուկայական գնագոյացման, այսինքն՝ գազի վրա դրվում է միջազգային գին, այդ դեպքում Ռուսաստանում պետք է գազը թանկանա: Բայց որ գները պետք է հավասարեցվեն, դա միանշանակ է»:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/46363