Ամբողջությամբ սուտ է. Շիֆն արձագանքել է Սաուդյան Արաբիայի դեսպանի հետ հանդիպման լուրին

Կոնգրեսական Ադամ Շիֆն արձագանքել է «Ազատության» հայկական ծառայության հարցմանը, թե ինչպես է գնահատում իրեն վերագրվող կեղծ մամուլի հաղորդագրությունն այն մասին, թե իբր Շիֆի հետ հանդիպման ընթացքում Վաշինգտոնում Սաուդյան Արաբիայի դեսպան, արքայադուստր Ռիմա բինտ Բանդար ալ-Սաուդը հայտարարել է, որ Էր-Ռիյադը մտադիր է ֆինանսապես աջակցել ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը:


«Ինձ վաղուց է մտահոգում այն, որ օտարերկրյա գործակալները կարող են փորձել ազդել եմ քաղաքական գործընթացների վրա ոչ միայն հաքերային ճանապարհով ստացված նյութեր հրապարակելու, այլ նաև կեղծ տեղեկատվություն տարածելու ճանապարհով՝ դիմակավորվելով որպես իրական աղբյուր», - գրել է Ադամ Շիֆը: - «Դա դեռևս չի հաստատվել, սակայն տպավորություն կա, որ ինչ-որ օտարերկրյա գործակալ օգտագործել է իմ նախընտրական կայքի կեղծ կրկնօրինակը՝ կեղծ հանդիպման մասին ստահոդ պատմություն տարածելու համար: Մենք շարունակում ենք ուսումնասիրել այս միջադեպի մանրամասները և համապատասխան հարցումներ ենք ուղարկել պատկան մարմիններին», - նաև նշել է Կալիֆորնիայից ընտրված կոնգրեսականը, գրում է Ազատությունը:


Ապրիլի 26-ին Ադամ Շիֆի իրական adamschiff.com կայքի նմանությամբ գրանցված կեղծ adamcshiff.com հասցեով և առաջին հայացքից օրիգինալից չտարբերվող բովանդակությամբ կայքում կեղծ մամուլի հաղորդագրություն էր հրապարակվել, որը թյուրիմացության մեջ էր գցել հայաստանյան, արաբական և ռուսաստանյան բազմաթիվ լրատվամիջոցների:


Այս տեղեկությունը հրապարակել էր նաեւ VERELQ-ը, որի համար մեր խմբագրությունը ներողություն է խնդրում եմ ընթերցողներից: Մեր խմբագրության համար առաջնահերթ է ընթերցողի համար աշխատանքն ու ընթերցողի վստահությունը:


Ավելի վաղ Շիֆի խոսնակ Էմիլի Սայմոնսը նույն միջադեպի կապակցությամբ հայտարարել էր․ - «Այդ վեբկայքը կեղծ է, իսկ դրանում նկարագրված հանդիպումը ամբողջությամբ սուտ է: Նման հանդիպում երբևէ տեղի չի ունեցել, և կոնգրեսական Շիֆը երբեք նման հարցեր չի քննարկել սաուդյան իշխանությունների հետ»:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/46182