Փաշինյանը փորձում է նսեմացնել Արցախյան շարժումը. Շարմազանով

Փաշինյանի Ստեփանակերտում տված խոստում, թե անելու է ամեն ինչ, որպեսզի Արցախը վերադառնա բանակցությունների սեղան, ընդամենը խոստում է: Եվ Վիեննայում Փաշինյան-Ալիև հանդիպմանը Արցախը որպես բանակցային կողմ ներկայացված չէր: Այդ մասին ասուլիսում հայտարարեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:


Նրա խոսքով, ամեն ինչ ձև է. «Վիեննայի հանդիպմանը հետևում ենք օնլայն, նստած սպասում ենք, որ Բակո Սահակյանն է գալու, մեկ էլ տեսնենք՝ չկա Բակո Սահակյանը: Այ պարոն Փաշինյան ջան, բա չէիր ասել, որ ամեն ինչ պետք է անեմ, որ Բակո Սահակյանը մասնակցի, բա ո՞ւր է: Ինչո՞ւ մեկ տարվա ընթացքում չես կարողացել անել, որ Արցախը վերադառնա բանակցային գործընթաց: Որովհետև նոր իշխանությունների մոտ ամեն ինչը ձևն է, ամբողջությամբ ձև»,- հայտարարեց նա:


Ըստ Շարմազանովի, Փաշինյանը զիջում է Հին Հռոմի ղեկավարներին, քանի որ  վերջիններս տալիս էին հաց ու տեսարաններ, բայց տեսարաններն էլ ճաշակով էին տալիս: Իսկ Հայաստանում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չունի հաց, որ տա ժողովրդին, հացը միայն իրենց համար է պրեմիաների տեսքով, «տեսարաններն էլ ինչքան ուզես, այն էլ անճաշակ»:


Ըստ ԱԺ  նախկին փոխնախագահի՝ Փաշինյանը փորձում է նսեմացնել Արցախյան շարժումը: 


«Նիկոլ Փաշինյանը՝ որպես քաղաքական և պետական գործիչ, զիջում է և՛ Լևոն Տեր-Պետրոսյանին, և՛ Ռոբերտ Քոչարյանին, և՛ Սերժ Սարգսյանին:  Նա ոչ մի կապ չունի Արցախյան ազատամարտի հետ,  և ի տարբերություն նախորդների, իր կյանքում որևէ համազգային, համապետական բան չի արել, դրա համար եկել է ու իր դըմփ- դըմփ –հու-ի ի հեղաշրջումը փորձում է հավասարեցնել Սարդարապատին կամ Արցախյան ազատամարտին»,- նշեց Շարմազանովը:


Նրա խոսքով, Արցախյան ազատամարտի հերոսները ձերբակալված են և սա խայտառակություն է, որն Ադրբեջանում ցնծությամբ են ողջունել:


«Քոչարյանը ձերբակալվել է, Սերժ Սարգսյանը՝ հրաժարական տվեց: Բայց նրանք հերոսներ են և Նիկոլ Փաշինյանը, նոր իշխանությունները, որքան էլ նոր ու հին Հայաստան անեն, միևնույնն է ժամանակն ամեն ինչ իր տեղն է դնելու»,- հավելեց Էդուարդ Շարմազանովը:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/45609