ՌԴ-ի սահմանապահ զորքերը՝ ՀՀ-ի անվտանգության կարևորագույն բաղադրիչ

Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության աշխատակիցները ձերբակալել են սահմանախախտի, որը ապօրինի հատել է հայ-թուրքական սահմանը:


Սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մի քանի օր առաջ սահմանապահ վերակարգը Թուրքիայի տարածքում անհայտ անձի էր նկատել, որը մոտեցել էր Հայաստանի պետական սահմանին: Նա անցել էր սահմանային Արաքս գետը (որով անցնում է պետական սահմանը) եւ Հայաստանի տարածքում թաքնվելու փորձ էր ձեռնարկել: Մի քանի րոպե հետո նրան ձերբակալել էին Արտաշատի սահմանապահ ջոկատի զինծառայողները:


Հարցերին պատասխանելիս ձերբակալվածը պարզաբանել է, որ Պակիստանի քաղաքացի է եւ մտադիր էր տարանցմամբ Եվրամիության երկրներ ուղեւորվել: Զննությամբ սահմանախախտի մոտ հայտնաբերվել է Պակիստանի քաղաքացու անձնագիր եւ բջջային հեռախոս:


Պակիստանն այն երկիրն է, որ չի ճանաչել ՀՀ-ն՝ ղարաբաղյան հարցի առկայության պատճառով: Իսլամաբադը չունի դիվանագիտական կապեր Երևանի հետ և խորը՝ ռազմական, տնտեսական, էներգետիկ համագործակցություն ունի Ադրբեջանի հետ: Բաքուն ամրապնդում է իր զինված ուժերն այդ թվում պակիստանյան զենքերի, մասնագետների միջոցով:

ՀՀ-ն շրջապատված լինելով թուրք-ադրբեջանական տանդեմի ուժերով՝ պետք է ապահովի իր անվտանգությունն ՌԴ-ի հետ սերտ, ռազմավարական, դաշնակցային հարաբերությունների միջոցով:


Հայ-թուրքական և հայ-իրանական սահմանների անվտանգությունը հսկում են ՌԴ ԱԴԾ Սահմանապահ զորքերը, ինչը հայ-թուրքական և հայ-իրանական սահմանների անվտանգությունը բարձրացնում է որակապես այլ մակարդակի:


Թուրքիան Հայաստանի հետ չունի հարաբերություններ և օգնում է Ադրբեջանին՝ փակ պահելով սահմանն ու այդ կերպ նաև սպառնում է ՀՀ-ի ազգային անվտանգությանը: ՌԴ-ի սահմանապահ զորքերի առկայությունը հայ-թուրքական սահմանին թե՛ զսպող գործոն են թուրքական հետախուզության (MIT) ու գործողությունների համար, այդ թվում պակիստանցիների և այլ երրորդ երկրների միջոցով, թե՛ թույլ է տալիս ՀՀ-ին կենտրոնացնել իր սակավաթիվ ռազմական ուժերը հայ-ադրբեջանական սահմաններին՝ Նախիջևան, Տավուշ, ինչպես նաև օգնել Արցախին:


Չմոռանանք, որ հայ-իրանական սահմանին նույնպես ներկա են ռուսական զորքերը: Իրանը ՀՀ բարեկամ երկիր է, սակայն Իրանի հյուսիսում առկա են բազմաթիվ պանթուրքիստական օջախներ՝ Իրանի անձնագրերով քաղաքացիներ, որոնք ազգությամբ ադրբեջանցի են և կարող են օգտագործվել Ադրբեջանի հատուկ ծառայությունների միջոցով ՀՀ-ի ու Արցախի դեմ:

Հայ-իրանական և հայ-թուրքական սահմանների անվտանգության և այդ կերպ նաև ՀՀ-ի ազգային անվտանգության բարձր մակարդակն անհնար էր ապահովել առանց ՌԴ-ի պես գերտերության, ով ունի հզոր հատուկ ծառայություններ և ՀՀ-ի հատուկ ծառայությունների հետ համատեղ ապահովում է ՀՀ-ի քաղաքացիների անվտանգությունը, ՀՀ-ի տարածքային ամբողջականությունն ու սահմանների անառիկությունը:


 


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/45472