Կոստյո՞ւմն է, որ պիտի գեղեցկացնի. Մարուքյանը պահանջեց Փաշինյանին հանել Սարգսյանի կոստյումը

2018 թվականի փետրվարին այն ժամանակ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը իր ելույթում, անդրադառնալով պետական ինստիտուտներին ու Սահմանադրությանը հերթական անգամ նշեց, որ 2015 թվականին սահմանադրական փոփոխությունները «Սերժ Սարգսյանի հագով կարած կոստյում է»: Նիկոլ Փաշինյանն ակնարկում էր սուպերվարչապետական համակարգը:



Ի դեպ, իշխանության գալուց հետո անցած տարի մայիսի 8-ին նա հայտարարեց, որ սուպերվարչապետական համակարգ Հայաստանում չպետք է լինի և ասաց, որ այս ուղղությամբ փոփոխություններ կլինեն:  Մինչդեռ մեկ տարի անց իրավիճակը Հայաստանում չի փոխվել:


Այսօր ԱԺ-ում այդ մասին հիշեցրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ով կառավարության կառուցվածքի մասին օրինագծի քննարկման հետաքրքրվեց վարչապետիցվ՝ ինչո՞ւ է ներկայիս իշխանությունը հագել Սերժ Սարգսյանի հագով կարված կոստյումը։ Նա նաև հետաքրքրվեց, թե ինչո՞ւ ներկայացված նախագծով վարչապետի խոստումը չի կատարվել.


«Այս պետական կառավարման կառուցվածքը անվանվել է «Սերժ Սարգսյանի կոստյում», բայց ահա հիմա դուք բերել եք նախագիծ, առաջարկում եք անել հետևյալը՝ այս կոստյումի այս կոճակները հանել, մեկ էլ այս կողմից երկու կոճակ հանել ու հագնեք, որովհետև սա լավ կոստյում է: Ուրեմն այն կոստյումը, որը կարվել էր, չի փոխվել, և սուպերվարչապետական համակարգը մնացել է ուժի մեջ»,- ասաց Մարուքյանը:


Մարուքյանը հիշեցրեց նաև վարչապետի այլ խոստումների մասին, որոնք այդպես էլ չիրականացած են մնացել, մասնավորապես՝ ԱԱԾ-ն ու Ոստիկանությունը միավորելը մեկ նախարարությունում: Նա մեղադրեց Փաշինյանին, որ վերջինս իրենով է արել, փաստացի,Սերժ Սարգսյանի համակարգը՝ ընդամենը կոստյումից երկու կոճակ հանելով.


«Հենց գիտեք՝ բան եք փոխել: Այդ երկու կոճակը հանելով՝ վարչապետը մնացել է ԱԱԾ պետը, մնացել է ոստիկանության պետը: Նոր Հայաստանում արատավոր համակարգերը պետք է վերանան ու հաշվետու լինեն ժողովրդին, իսկ հաշվետու կարող են լինել միայն խորհրդարանի միջոցով»,- ասաց նա:


Պատգամավորը, հանելով վրայից կոստյումը և ցույց տալով կոճակներին, պահանջեց՝ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանի խոստումը չի կատարվել և ինչն է պատճառը, որ հեղափոխությունից մեկ տարի անց չեն կողմնորոշվում, թե ինչպես պետք է մեր պետական կառավարման համակարգը դարձվի բաց, ժողովրդավար ու հաշվետու:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/45466