Կրճատված ու օպտիմալացված. ՀՀ-ն կունենա 12 նախարարություն 17-ի փոխարեն

Երկար ամիսներ քննարկված աղմկահարույց նախագիծը, որը ենթադրում է կառավարության օպտիմալացում, նախարարությունների թվի կրճատում այսօր քննարկվեց ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում և ստացավ դրական եզրակացություն:


Բացի նախարարությունների թվի կրճատումից՝ ներկայումս 17-ի փոխարեն կմնա ընդամենը 12 նախարարություն, կրճատվելու է նաև փոխվարչապետերի թիվը՝ երեքի փոխարեն կունենանք երկու փոխվարչապետ:  


Նախագիծը ենթադրում է, որ Սփյուռքի նախարարությունը կմիավորվի վարչապետի աշխատակազմին և կստեղծվի Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակաատրի ինստիտուտ։ Աշխատակիցների թիվը մի քանի ամիս հետո կկրճատվի և կհասնի 20-25 աշխատակցի։ 


Թեև նախագիծն իր բոլոր փոփոխություններով ու կրճատումներով ամենևին էլ նորություն չէ, բայց այն ունի ընդդիմադիրներ: Այդպես, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հանձնաժողովի նիստում հայտարարեց, որ ճիշտ է, եթե կառավարությունը ունենա 14, այլ ոչ  թե 12 նախարարություն, ինչպես առաջարկվում է: 


Ընդ որում, ԼՀԿ-ն առաջարկում է մեկ նոր նախարարություն ավելացնել՝ Ազգային անվտանգության նախարարությունը, որտեղ կներառվեն ուժային գերատեսչությունները՝ ՀՀ Ոստիկանությունը, Հատուկ քննչական ծառայությունը և Ազգային անվտանգության ծառայությունը։


Մարուքյանը նաև դեմ է Մշակույթի նախարարության վերացմանը՝ դա համարելով իրական սպառնալիք Հայաստանի մշակութային անվտանգության ապահովմանը: Ավելին՝ պատգամավորը կարծում է, որ այդ նախարարության կրճատումը բոլորովին անհիմն է:


Նշենք, որ ըստ նախագծի՝ Հայաստանում կստեղծվի կրթության, մշակույթի եւ սպորտի նախարարություն:


Այսպիսով, եթե նախագիծն ընդունվի ԱԺ կողմից, ապա ՀՀ-ն կունենա հետևյալ նախարարությունները՝


Պաշտպանության նախարարությունը,


Արտաքին գործերի նախարարությունը,


Արտակարգ իրավիճակների նախարարությունը,


Արդարադատության նախարարությունը,


Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը


Բնապահպանության նախարարությունը,


Առողջապահության նախարարությունը,


Ֆինանսների նախարարությունը,


Էկոնոմիկայի նախարարությունը,


Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը:


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/45348