Փաշինյանի դեմ ձևավորվում է 2 ընդդիմադիր ճակատ

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ԱԺ-ում խիստ քննադատության ենթարկեց Նիկոլ Փաշինյանի կառավարությանն ու նրանց կողմից ներկայացված կառավարության ծրագիրը: Կառավարության ծրագրի քննադատությամբ հանդես եկավ նաև ԲՀԿ-ն:


Խորհրդարանն ընդունել է կառավարության ծրագիրը 82 «կողմ» եւ 37 «դեմ» ձայնով։ ԲՀԿ պատգամավորների մեծ մասը «դեմ» է քվեարկել։


ՀՀ-ի ներքաղաքական կյանքում տեղի են ունենում հետաքրքիր զարգացումներ: Փաշինյանի կառավարությունը քննադատության թիրախ է դառնում ոչ միայն արտախորհրդարանական ուժերի` ՀՀԿ, ՀՅԴ-ի կողմից, այլ նաև արդեն խորհրդարանական ընդդիմության կողմից:


ԼՀԿ-ԲՀԿ-ն իրենց քննադատության թիրախ էին դարձրել Փաշինյանի կառավարության ծրագրի տնտեսական մասը, որը չի բավարարում նաև հանրության մեծամասնությանը: Թավշյա հեղափոխությունից հետո հանրության մեծամասնությունը ցանկանում էր տեսնել արագ ու որակական փոփոխություններ տնտեսական կյանքում: Սակայն ՀՀ կառավարության ծրագիրն այդպիսի փոփոխություններ չի ենթադրում. դա հիմնականում բարի ցանկությունների մասին փաստաթուղթ է:


Փաշինյանը շուտով բախվելու է ուժեղ քաղաքական ճնշումների: ԲՀԿ-ԼՀԿ-ն ընդդիմադիր ճակատ են ստեղծում ԱԺ-ում, քննադատության թիրախ են դառնալու կառավարության տնտեսական քաղաքականությունն ու ապագայում հնարավոր է նաև արտաքին քաղաքականությունը, եթե Փաշինյանը որոշի փոխել արտաքին քաղաքական ուղենիշները դեպի Արևմուտք կամ փորձի գնալ զիջումների արցախյան հարցում:


Կառավարության ծրագիրը դառնում է ընդդիմության միավորող, գեներացնող այն փաստաթուղթը, որի շուրջ ընթանալու է Փաշինյանի կառավարության ու ԱԺ-ի ընդդիմության` ԲՀԿ-ԼՀԿ պայքարը միմյանց դեմ մոտակա ժամանակներս:


Ինչ վերաբերվում է արտախորհրդարանական ուժերին, ապա ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն նույնպես խիստ ու ամենօրյա քննադատության են ենթարկում Փաշինյանին, այդ թվում արտաքին քաղաքականության, արցախյան հարցում քայլերի ու ներքին քաղաքականության համար:


Եթե ներքաղաքական պայքարը շարունակվի սրվել, իսկ դրա համար կան բոլոր նախադրյալները, ապա Փաշինյանը բախվելու է միանգամից երկու ընդդիմադիր ճակատների՝ ԱԺ-ից ներս ու խորհրդարանից դուրս, որոնք փորձելու են տարբեր ԶԼՄ-ների ու սոցիալական հարթակների միջոցով գեներացնել հասարակության դժգոհությունը` քաղաքական դիվիդենտներ ստանալու ու սեփական էլեկտորատը ձևավորելու համար:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/42597