Մամուլ. Բակո Սահակյանը հրաժարական կտա

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժամանակ» թերթը գրում է. «Հնարավոր է, որ Հայաստանի իշխանությունները հասնեն նրան, որ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մինչեւ մայիս հրաժարական ներկայացնի: Արցախում խորհրդարանական եւ նախագահական ընտրությունները նախատեսված են հաջորդ տարվա մարտին, եւ եթե նախագահական ընտրությունները կազմակերպվեն ավելի շուտ, ապա նոր ընտրված նախագահը կկարողանա նաեւ հաջորդ տարի իրեն հարմար խորհրդարան ձեւավորել»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի հետ կապված ՀՔԾ-ում հարուցված քրեական գործով հարցաքննվել է ՀՀ ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը: Վերջինս 2008թ. զբաղեցնում էր ԼՂՀ պաշտպանության նախարարի պաշտոնը: Ըստ քրեական գործի նյութերի՝ մարտի 1-ի իրադարձություններին ակտիվ մասնակցություն են ունեցել ԼՂՀ-ից Երեւան բերված քաղաքացիական եւ զինվորական անձինք»:


«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Մարտի 1-ի գործով Լեւոն Տեր-Պետրոսյանի հարցաքննությունը «նախապատմություն» է ունեցել. հավաքվել են առաջին նախագահը, պաշտպանության, անվտանգության ԱԺ մշտական հանձնաժողվի նախագահ, ոչ անհայտ Անդրանիկ Քոչարյանը, փաստաբան Վահե Գրիգորյանը, եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի «քավորությամբ» որոշել, թե հարցերի ինչ ցանկ պետք է առաջադրվի` «Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի» արտասանած ԼՏՊ-ին։ Երեւի հենց դրա համար էլ առաջին նախագահը, ի հեճուկս փաստաբանների հայտնի թիմեր ունեցող երկրորդ եւ երրորդ նախագահների, առանց փաստաբանի է գնացել ՀՔԾ, «գազեթից-բանից» խոսելու, պատասխանելու «ծանոթ» հարցերին` ընդամենը մեկուկես ժամում, երբ Սերժ Սարգսյանի հարցաքննությունը տեւել է 4 ժամ, իսկ Քոչարյանինը` էլ չասենք»:


«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանի կողմից Սիրիա հումանիտար միավորում ուղարկելու փաստը լուրջ աղմուկ բարձրացրեց մամուլում եւ սոցցանցերում: Նախօրեին էլ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարեց, որ հայկական գումարտակը Սիրիայում գտնվում է հումանիտար առաքելությամբ, սակայն որոշակի իրավիճակում կարող է նաեւ ռազմական գործողության մասնակցել: Հասարակության շրջանում հարց է առաջանում, թե ինչո՞ւ հանկարծ հայկական կողմը մտավ այդ «թեմայի» մեջ: «Փաստ» օրաթերթի տեղեկություններով, վարչապետ Փաշինյանն այդ կերպ փորձում է Ռուսաստանին սիրաշահել եւ կանխել Ադրբեջանի մուտքը ՀԱՊԿ: Մեր աղբյուրի փոխանցմամբ, Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելուց հետո այս հարցը Մոսկվայում նրա «դեմ է դրել» ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ակնարկելով, որ ինքը դեմ չէ Ադրբեջանին տեսնել ՀԱՊԿ–ում, իսկ որպես այլընտրանքային տարբերակ առաջարկելով Սիրիայում որոշակի ակտիվություն ցուցաբերել»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հատկապես նախկին իշխանության ՀՀԿ ներկայացուցիչները բավական կոշտ քննադատեցին կառավարությանը Սիրիա մարդասիրական առաքելություն ուղարկելու համար: Նրանք պահանջում էին ներկայացնել իրավական հիմնավորումները՝ փաստաթղթերը, որոնց հիման վրա ուղարկվել է այն: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Կովկասի եւ տարածաշրջանային անվտանգության կենտրոնի ավագ գիտաշխատող, «Կովկասյան համագործակցություն» ընկերության տնօրեն Նիկոլայ Սիլաեւն ուշագրավ մանրամասներ է ներկայացրել` ընդգծելով, որ այդ մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել դեռ Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ, եւ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն ընդամենը չի հրաժարվել դրանից: «Այդ առաքելությունը, որքան ինձ հայտնի է, համաձայնեցված էր եղել դեռեւս Սերժ Սարգսյանի կողմից, իսկ  Փաշինյանը դրանից չի հրաժարվել, դեռ ավելին` առաջինն է հայտարարել այն մասին, որ այդ առաքելությունը պատրաստվում է»,- ասել է նա»։


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Վերջերս կրկին ակտիվացել են խոսակցություններն այն մասին, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը թողնելու է աթոռը, եւ որ այդ մասին ՀՀ իշխանությունների հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն: Ըստ մեզ հասած լուրերի` կաթողիկոսը ցանկանում է որպես իր իրավահաջորդ տեսնել հարազատ եղբորը՝ Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս Արքեպիսկոպոս Ներսիսյանին: Պատճառը թերեւս Գարեգին Երկրորդի մտավախություններն են, որ նոր կաթողիկոսը չբացահայտի իր գործունեության հետ կապված անցանկալի դրվագներ. ի վերջո, շատ է խոսվել այն մասին, որ ՀՀԿ իշխանության տարիներին Վեհափառ Հայրապետը բիզնես կապեր է ունեցել` իշխանական վերնախավի թույլտվությամբ, իհարկե: «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանություննեի համար փորձեց դիմել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանին, սակայն վերջինս անպատասխան թողեց մեր զանգերն ու հաղորդագրությունները»:


«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող գազալցակայաններին ՊԵԿ-ը մոտ 9 մլրդ դրամի հարկային լրացուցիչ պարտավորություն է ներկայացրել: Ըստ էության, դա այն գումարն է, որը գազալցակայանները թաքցրել են պետբյուջեից: Հնարավոր է, որ հենց այս հանգամանքով է բացատրվում Ծառուկյանի բացասական վերաբերմունքը կառավարության ծրագրին»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Ազգային ժողովում լարված իրավիճակ էր՝ կառավարություն-ընդդիմություն բախումն ակնհայտ էր։ «Լուսավոր Հայաստանի» անդամների քննադատությունից վրդովված Նիկոլ Փաշինյանն արձագանքեց․ «Ինչի՞ պիտի անձերի դեմ պայքարենք, այ գնանք փոխնախարարի պաշտոն ստանանք, ներսից կամաց կառուցենք։ Հիմա եկել դառել են հեղափոխության հիմնական արբրիտրաժը՝ ով ա հավատում, ով չի հավատում, իրենք էլ հեղափոխության հավատաքննիչն են։ Մեկ էլ ասում են՝ հեղափոխություն չի եղել։ Հլը մի հատ դեմներդ ու կողքերդ նայեք, բա որ հեղափոխություն չի եղել, դուք 18 հոգով ի՞նչ գործ ունեք էստեղ նստած»։ Նիստից հետո Էդմոն Մարուքյանը պատասխանեց վարչապետին, «Սա ցույց չի, կներեք, սա գործադիր իշխանություն է, հետևաբար պետք է Փաշինյանը մի բան անի, որ հեղափոխական Նիկոլ Փաշինյանի ու կառավարիչ Նիկոլ Փաշինյանի մեջ դերերի տարանջատում տեսնենք։ Մենք շատ լավ ճանաչում ենք հեղափոխական Նիկոլ Փաշինյանին, բայց կառավարիչ Նիկոլ Փաշինյանն էսօր շատ վատ պահեց իրեն»։


«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` արդեն հայտնի է Կանադայում ՀՀ դեսպանի անունը։ Ազնավուրի մահվանից հետո Շվեյցարիայում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Անահիտ Հարությունյանը, որի ագրեմանը, մեր աղբյուրների փոխանցմամբ, Հայաստան վերադարձից առաջ Կանադայի իշխանություններին է փոխանցել նախկին դեսպանը` Լեւոն Մարտիրոսյանը. «Կարծում ենք, նոր նշանակումը եւս արգասաբեր կլինի։ Մարտիրոսյանը կարճ ժամանակում կարողացավ ահագին գործ անել` Թրյուդոյին բերեց Հայաստան, ի դեպ` Թրյուդոն միակն էր աշխարհի գերտերություններից (Կանադան G7-ի անդամ է), որ դեկտեմբերյան խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո շնորհավորեց Նիկոլ Փաշինյանին»: Մեր աղբյուրի փոխանցմամբ` դիվանագիտական կորպուսում շարունակվում է նոր թեկնածուների փնտրտուքը։ Սակայն կան մարդիկ, որոնք մերժում են առաջարկները, օրինակ՝ ԱԳՆ միջազգային կապերի վարչության պետ Վահրամ Կաժոյանը մերժել է Վիետնամում դեսպան աշխատելու առաջարկը»:


«Փաստ» թերթը գրում է. «2018 թ. վերջին օրը բոլորս իմացանք, որ Հայաստանին մատակարարվող գազի գինը բարձրանալու է: Տարբեր լուրերի համաձայն, սա իշխանությունների համար անակնկալ չի եղել. նրանք նախապես իմացել են, ուղղակի դա թողել են վերջին պահին՝ նախատոնական «սոուսով» մատուցելով: «Փաստ» օրաթերթի տեղեկություններով, իշխանությունները Մոսկվայում կարողացել են գազի գնի շուրջ որոշակի պայմանավորվածություն ձեռք բերել, որպեսզի այն չթանկանա գոնե մեկ տարով, այսինքն՝ միայն 2019 թ.–ին, սակայն հետագա գնի մասին բոլորը համառորեն լռում են: Հայաստանի վարչապետն այդ մեկ տարվա «պաուզան» խնդրել է ՀՀ ներքաղաքական հարցերում պարզություն եւ որոշակի բալանսավորում ապահովելու համար: Այնպես որ, ըստ մասնագետների, գազի գնի շուրջ օղակը շարունակում է սեղմվել»:


«Հրապարակ» թերթը գրում է. «ԵԿՄ-ում պատրաստվում են աննախադեպ համագումարի, որը ներկայացնելու են իբրեւ «վերածննդի» համագումար։ Երեկ արդեն ձեւավորվել է աշխատանքային խումբ՝ ԵԿՄ փոխնախագահների եւ մարզային խորհուրդների նախագահների ղեկավարությամբ, որը կզբաղվի առաջիկա վարչության նիստի եւ համագումարի նախապատրաստմամբ: Համագումարը կհրավիրվի փետրվարի վերջին-մարտի սկզբին։ Սպասվում է նաեւ ղեկավար կազմի, մասնավորապես փոխնախագահների փոփոխություն։ Թերեւս միայն Արա Կետիկյանը կպահպանի փոխնախագահի իր կարգավիճակը, ով, ըստ որոշ տեղեկությունների, Մանվել Գրիգորյանի դեմ օպերացիայի ընթացքում աջակցել է իշխանություններին»:


«Ժողովուրդ» թերթին հայտնի դարձավ, որ գործարար Սիլվա Համբարձումյանը եւ Արաքս Դիլանյանը վերջերս առերեսվել են: Ինչպես հայտնի է, իրավապահները ՀՀ բնապահպանության նախկին նախարար, ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Արամ Հարությունյանին մեղադրանք են առաջադրել կաշառքի գործով: Բանն այն է, որ գործարար Սիլվա Համբարձումյանը մշտապես հայտնել է. «Կաշառքը տվել եմ 2008թ.-ին, իսկ 2009թ.-ից իմ հանքերը սկսեցին զրկել լիցենզիայից: Դա փոխանցվեց Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանին, որը Սուրիկ Խաչատրյանի մտերիմ ընկերն էր, եւ սկսեցին զրկել: 8 մլն դոլարը ես փոխանցել եմ Դուբայ` իրենց տված հաշվեհամարին` Արաքս Դիլանյանի հաշվին: Արաքս Դիլանյանը հենց նույն օրն արդեն իր հաշվից փոխանցել է Արամ Հարությունյանի 3 հայտնի գործընկերներին` Վիկտոր Մարտիրոսյանին, Արմեն Խաչատրյանին, Գագիկ Կարապետյանին: Իսկ 6 մլն-ը տվել եմ կանխիկ` Սուրեն Ավագյանի միջոցով»: Եվ, ահա, ըստ մեզ հասած տեղեկությունների` նախաքննական մարմինը օրեր առաջ առերեսման է հրավիրել գործարար Սիլվա Համբարձումյանին եւ Արաքս Դիլանյանին: Արաքս Դիլանյանը առերեսման ժամանակ էլ հաստատել է, որ Համբարձումյանից գումար է ստացել փոխանցման եղանակով, սակայն նա ասել է, թե չի իմացել, որ դա կաշառք է»:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/42560