Սիրիա զորք չի ուղարկվել, սա շատ սխալ ձեւակերպում է. Ռուբեն Ռուբինյան

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, որ Հայաստանը Սիրիա զորք չի ուղարեկլ, այլ մասնագետների խումբ:


Նա այսպես փետրվարի 11-ին, ԱԺ–ում պատասխանել է հարցին, թե որքանով է թույլատրելի Սիրիա մարդազիրական առաքեությամբ զորախումբ ուղարկել բանավոր համաձայնությունների հիման վրա, որի մասին ավելի վաղ հայտարարել էր վարչապետի մամուլի խոսնակը:


«Դուք սխալվում եք, սխալ եք ձեւակերպում ձեր հարցը, Սիրիա զորք չի ուղարկվել, սա շատ սխալ ձեւակերպում է, Սիրիա մասնագետների խումբ է ուղարկվել, եւ սա էապես փոխում է հարցը։


Երկրորդը՝ Պաշտպանության նախարարությունը իր հաղորդագրության մեջ հստակ նշել է այն իրավական հիմքերը, որոնց հիման վրա մասնագետների խումբն ուղարկվել էր Սիրիա», - ասաց Ռուբեն Ռուբինյանը։


Ավելի վաղ ՊՆ-ն, արձագանքելով հասարակական որոշ գործիչների, ինչպես նաև` մեր միջազգային որոշ գործընկերների մտահոգություններին, ներկայացնել է Սիրիա խումբ ուղարկելու իրավական պարզաբանումները։ Պարզաբանման մեջ նշվում է.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ և ՍԻՐԻԱՅԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ կառավարությունների միջև 2001թ. օգոստոսի 27-ին կնքվել է համագործակցության մասին համաձայնագիր (այսուհետ՝ Համաձայնագիր),


1.Համաձայնագիրը սահմանված կարգով վավերացվել է 2002թ. փետրվարի 4-ին և ուժի մեջ է մտել 14.02.2002թ.


2. Համաձայնագրի 2-րդ հոդվածի դրույթները սահմանում են, որ Կողմերը փոխադարձ պայմանավորվածության դեպքում կարող են համագործակցել նաև այլ բնագավառներում.


3. «Միջազգային պայմանագրերի մասին իրավունքի մասին» կոնվենցիայի 31-րդ հոդվածի 3-րդ «Մեկնաբանման ընդհանուր կանոնը» վերտառությամբ հոդվածի 3-րդ մասին համապատսխան՝ «Համատեքստի հետ միաժամանակ հաշվի են առնվում.»


ա) պայմանագրի մեկնաբանման կամ դրա դրույթների կիրառման վերաբերյալ մասնակիցների միջև հետագա ցանկացած համաձայնություն,


բ) պայմանագրի կիրառման հետագա պրակտիկան, որը սահմանում է դրա մեկնաբանման վերաբերյալ մասնակիցների համաձայնությունը,


Վերը նշվածն ուղղակիորեն ամրագրում է կողմերի իրավասությունը մեկնաբանելու Համաձայնագրի դրույթները երկկողմանի ընդունելի տարբերակով,


Համաձայնագրի 4-րդ հոդվածը Կողմերին պարտավորեցնում է «Համաձայնագրի դրույթներն իրագործելիս պետք է ամբողջապես պահպանեն փոխանակված տեղեկատվության ամբողջական գաղտնիությունը»


«Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածն ամրագրում է, որ «Այլ պետությունների գաղտնիքների և Հայաստանի Հանրապետության պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով»:


«Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդված 3-րդ մասի «ե» կետի համաձայն «ՀՀ կառավարությունը ձեռնարկում է միջոցներ` պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունները համատեղ օգտագործելու և պաշտպանելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի կատարման ուղղությամբ»


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ


ՀՀ կողմից Սիրիայի Արաբական Հանրապետություն հումանիտար մասնագետներ և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող անձնակազմ ուղարկելու ընթացակարգերը ՀՀ օրենսդրության տառին համապատասխան պահպանվել են։ Համապատասխան իրավական ակտերի մի մասը Պետական և ծառայողական գաղտնիքի վերաբերյալ ՀՀ օրենսդրության համապատասխան հրապարակման ենթակա չեն։


Ավելին` դրանց չարտոնված հրապարակումը ենթադրում է ՀՀ քրեական օրենսգրքի 306-րդ հոդվածով սահմանված պատասխանատվություն։


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/42322