Թիրախում ԵԱՏՄ-ն է. քաղաքական որոշ ուժեր ԵԱՏՄ-ից դուրս գալու հիմնազուրկ օրակարգ են բերել

Քաղաքական որոշ ուժեր իրենց նախընտրական քարոզչությունում հանդես են գալիս որպես արտաքին հարթությունում կտրուկ փոփոխությունների կողմնակից և հարվածի տակ են դրվում հատկապես հարաբերությունները Ռուսաստանի հետ: Որպես թիրախ, ընտրվել է ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը, նշելով, թե այն Հայաստանին ոչինչ չի տվել, թեև անդամակցության այս տարիները ապացուցում են հակառակը: Այս մասին ասուլիսում հայտարարեց «հանուն սոցիալական արդարության» կուսակցության փոխնախագահ Ծովինար Կոստանյանը:

Բանախոսի խոսքով, անկախ նման մոտեցումներից, ավելի քան ակնհայտ է, որ այս ընտրություններում հաջողության կհասնեն այն ուժեը, որոնք սթափ գիտակցում են աշխարհաքաղաքական իրավիճակը և հանդես չեն գալիս ՀՀ արտաքին քաղաքականությունում կտրուկ փոփոխությունների դիրքերից: Ավելին՝ քաղաքական ուժերը, որոնք թիրախավորում են հայ-ռուսական հարաբերությունները և հանդես են գալիս այն դիրքերից, որ ՀՀ-ն պետք է դուրս գա ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից, ուղղակի մանիպուլյացիաներով են զբաղված և միտումնավոր լռում են այն օգուտների մասին, որոնք պետությունն ունի, անդամակցելով այդ ինտեգրացիոն միավորումներին: Իսկ թվերը, շեշտեց Կոստանյանը, ավելի քան խոսուն են.

«ԵԱՏՄ-ին անդամակցության տարիներին աճել է արտահանումը: Միայն 2017 թվականին այդ աճը կազմել է 25 տոկոս, իսկ 2018 թվականի առաջին կիսամյակում արտադրանքի արտահանումը կազմել է 1.132մլն դոլար, ինչը 20.6 տոկոսով ավելին է, քան 2017 թվականի ցուցանիշը: Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում աճել է նաև արտահանումը դեպի Ռուսաստան՝ 27.5 տոկոսով. ընդհանուր առմամբ դեպի ՌԴ արտահանումը ընթանում է առաջանցիկ տեմպերով»,- ներկայացրեց նա:
Ծովինար Կոստանյանի խոսքով, ցանկացած երկրի կողմից ինտեգրացիոն ինչ-որ գործընթացին անդամակցելը նպատակ է հետապնդում այդ երկիրը տնտեսական տեսանկյունից մրցունակ դարձնել: Միայն այդ պարագայում երկիրը կարող է տնտեսական զարգացում ակնկալել: Իսկ մրցունակությունը կախված է նրանից, թե ինչ է արտահանում երկիրը: Հայաստանի դեպքում, մատնանշեց նա, արտահանվում է պատրաստի արտադրանք, իսկ սա մի քանի անգամ ավելի շահավետ է երկրի տնտեսության զարգացման տեսանկյունից, քան հումքի արտահանումը, որն ունենք դեպի ԵՄ շուկա.

«Հայաստանի կարևորագույն գործընկերը ԵԱՏՄ-ում շարունակում է մնալ մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանը, որը առաջինն է ՀՀ-ում կատարված ներդրումների առումով՝ այդ մասնաբաժինը կազմում է 40 տոկոս»,- ընդգծեց նա:

Բանախոսը նաև նշեց, որ դրական ցուցանիշներ ունենք մի շարք ոլորտներում ևս. դա և՛ զբոսաշրջության զգալի աճն է, ընդ որում այստեղ ևս մեծ է ռուսաստանցի զբոսաշրջիկների մասնաբաժինը, որոնց հնարավորություն տրվեց ազատ այցելել մեր երկիր ներքին անձնագրերով, և՛ տրանսֆերտների աճն է՝ միայն այս տարվա առաջին կիսամյակում փոխանցումները դեպի Հայաստան ակզմել են 692 մլն դոլար, իսկ 2017 թվականին փոխանցումների ծավալի 63 տոկոսը եղել է Ռուսաստանից:

«Այս ամենը ապացուցում է, որ հայտարարությունները, թե Հայաստանը պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից, քանի որ այդ անդամակցությունը մեր պետությանը ոչինչ չի տալիս, հիմնազուրկ են և ընդամենը մանիպուլատիվ են»,- հավելեց բանախոսը:


Նշենք, որ նման դիրքորոշում ունեն, մասնավորապես, «Սասնա ծռեր» կուսակցությունը, «Մենք» դաշինքը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/39646