Չինական ընկերությունը պատրաստ է ՀՀ-ում աղբից էներգիա ստանալու գործարան կառուցել

ՀՀ կառավարությունը, ի թիվս այլ ոլորտների, հատուկ ուշադրություն է դարձնում թափոնների համալիր կառավարման համակարգի մշակմանը և ներդրմանը:


Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին Հայաստանի ամերիկյան համալսարանում ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի կողմից կազմակերպված «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն և ռազմավարություն» եռօրյա մեկնարկային աշխատաժողովի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը՝  նշելով, որ այդ նպատակով դեռ օգոստոս ամսին ՀՀ կառավարության աշխատակազմը կազմակերպել է միջգերատեսչական հանդիպումներ, որոնց մասնակցել են տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ և դրանից հետո որոշվել է ստեղծել մասնագիտական աշխատանքային խումբ՝ ներգրավելով բոլոր շահագրգիռ պետական գերատեսչություններին, ինչպես նաև խնդրով զբաղվող գերատեսչություններին, հասարակական կազմակերպություններին և հետազոտական կենտրոններին: Նա ասաց, որ հենց այդ տրամաբանությունից ելնելով որոշվեց համագործակցել Հայաստանի ամերիկյան համալսարանի հետ, որը մեծ պոտենցիալ և գիտական ներուժ ունի այս ոլորտում:


«Սույն թվականի հոկտեմբերի 4-ին վարչապետի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի մշակման միջգերատեսչական աշխատանքները տանելու համար: Աշխատանքային խմբի շրջանակում իրականացվել են ոլորտը կարգավորող իրավական ակտերի, ինչպես նաև առկա ռազմավարության, ընթացիկ ծրագրերի ուսումնասիրություն: Ուսումնասիրվել են նաև «Սանիտեկ» ընկերության պայմանագիրը և դրա կատարման ընթացքը: Կատարված ուսումնասիրությունների և մասնագետների հետ քննարկումների արդյունքում որոշվել է թափորների կառավարման ռազմավարությունը մշակել քայլ առ քայլ ողջ հանրապետության տարածքում, հաշվի առնելով մեր երկրի առանձնահատկությունները և խնդրին համալիր մոտեցում տալու կարևորությունը»,- ասաց Գասպարյանը:


Ըստ Գասպարյանի` Հայաստանում նախ անհրաժեշտ է ունենալ կոշտ կենցաղային թափոնների քանակի և մորֆոլոգիական կազմի վերաբերյալ հատուկ ուսումնասիրություն:


«Այս նպատակով աշխատանքային խմբի կողմից Ամերիկյան համալսարանի հետ համագործակցությամբ մշակվել է տեխնիկական առաջադրանք, որը հստակ շարադրում է, թե ինչ տեղեկատվություն է անհրաժեշտ Հայաստանում թափոնների կառավարման ռազմավարությունը մշակելու համար: Ապա բանակցություններ են տարվել մի շարք եվրոպական, ամերիկյան, ինչպես նաև չինական ընկերությունների հետ, որպեսզի վերջիններիս առաջարկությունները ներկայացվեն նշված հետազոտությունն իրականացնելու համար»,- նշեց Գասպարյանը:


ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականը տեղեկացրեց, որ այս պահին Հայաստանում աղբի որակը և քանակը ուսումնասիրելու առաջարկություններ են ներկայացվել դանիական, շվեդական, հոլանդական, չինական և մի շարք ամերիկյան ընկերությունների կողմից:


«Այս պահին Հայաստանում աղբի որակը և քանակը ուսումնասիրելու առաջարկություններ են ներկայացվել դանիական, շվեդական, հոլանդական, չինական և մի շարք ամերիկյան ընկերությունների կողմից: Մոտ օրերս հանձնաժողովը կընտրի այն ընկերությունը, որը իրականացնելու է այս հետազոտությունը: Հաջորդ փուլով մենք մշակելու ենք այն ռազմավարությունը , որի հիման վրա ձևավորվելու է Հայաստանի կենցաղային թափոնների կառավարման համակարգը: Ըստ նախնական քննարկումների՝ հնարավոր է Հայաստանը բաժանել մի քանի տարածաշրջանների, որտեղ կոշտ կենցաղային թափոնների համալիրի կառավարումը, հավաքումը, տեղակայումը, վերամշակումը կամ էլ էներգիայի արտադրությունը կիրականցվեն առանձին ընկերությունների կողմից: Հնարավոր է նաև ողջ Հայաստանի տարածքը մեկ կամ երկու ընկերության կողմից համալիր կառավարման տրամադրումը: Զուգահեռ աշխատանքներ են տարվում կոշտ կենցաղային թափոնների վերամշակմամբ զբաղվող արևմտյան խոշոր ընկերությունների հետ` Հայաստանում հնարավոր ներդրումային ծրագրեր մշակելու նպատակով: Ներկայումս առկա է ֆրանսիական ներդրողների կողմից և դանիական ընկերության տեխնոլոգիաների օգտագործման առաջարկը աղբից էներգիայի ստացման գործարան կառուցելու վերաբերյալ»,- ասաց Գասպարյանը:


ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի խոսքով` Ավստրիայում, Շվեյցարիայում Ճապոնիայում, Գերմանիայում և Հոլանդիայում Հայաստանի դեսպանությունները քննարկումներ են իրականացնում առաջատար ընկերությունների կողմից աղբի վերամշակման առաջարկություններ ստանալու ուղղությամբ:


«Չինաստանի պետական «China National Electric Engineering» ընկերությունը պատրաստակամություն է հայտնել նաև Հայաստանում աղբից էներգիա ստանալու գործարան կառուցել: Աշխատանքներ են տարվում նաև ոլորտին վերաբերող քարոզչության ուղղությամբ, ինչին աջակցության պատրաստակամություն է հայտնել Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Ստեֆանո Լազարոթոն»,- եզրափակեց Գասպարյանը:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/39567